Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահական նստավայրը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի Պուտինի Հայաստան կատարելիք այցը պետք է սկսվի Գյումրիից, որտեղ Պուտինը Սարգսյանի հետ այցելելու է ռուսական 102-րդ ռազմակայան:
Սա կարելի է ասել, ըստ էության, աննախադեպ իրողություն է օտարերկրյա պետությունների այցելությունների համար, քանի որ դժվար է հիշել մի այցելություն, երբ որևէ օտար երկրի նախագահ մեկ այլ երկիր այցելելիս նախ այցելում է այդ երկրի տարածքում իր ռազմակայան, իսկ հետո նոր տվյալ հյուրընկալող պետության մայրաքաղաք և հանդիպում ունենում իշխանությունների հետ: Համենայնդեպս, դժվար է հիշել նման պրակտիկա այնպիսի պետությունների միջև, որոնց միջև առկա են հավասար սուբյեկտային, ոչ թե սուբյեկտ-օբյեկտային հարաբերություններ:
Այս տեսանկյունից, Պուտինի այցը Հայաստան աննախադեպ կարելի է համարել ոչ միայն հայ-ռուսական, այլ ընդհանրապես համաշխարհային դիվանագիտական պրակտիկայի համար: Ռուսաստանի Դաշնության նախագահը, ըստ էության, հրապարակավ նվաստացնում է Հայաստանը և ցույց տալիս, որ Հայաստան` որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ, այս պահին Ռուսաստանի համար գոյություն չունի, այլ գոյություն ունի մի տարածք, որտեղ Ռուսաստանը ռազմական բազա է պահում, որտեղ տեղակայում է իր սպառազինությունները, որտեղ Ռուսաստանն, ըստ էության, իրեն զգում է ինչպես զորանոցում: Իսկ Հայաստանի իշխանություններն, ըստ էության, հանդիսանում են այս զորանոցի պահակը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում