Արմեն ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ երեսուներորդ
Կարդացեք նաև
ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՎ ՄԵՆՔ
Եվ Անանիան մի քիչ էլ մտածեց, նայեց Օրթախ Աբոյին, հետո Հայկունուն ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, մեջներիցս ամենակարդացածը Ալբերտ Գուրգենիչն ա», եւ մինչ բոլորս զարմացած կնայեինք Աբոյին, Արիկն Անանիային հարցրեց՝ «ինչի՞ ա Ալբերտ Գուրգենիչը», եւ Անանիան հիացմունքով Օրթախ Աբոյին նայելով ասաց՝ «որովհետեւ մենակ Ալբերտ Գուրգենիչն ա Նարեկացու «Մատյանը» ծերից ծեր կարդացել», եւ Բարդուղն Անանիային հարցրեց՝ «ո՞վ ասեց, որ ծերից ծեր կարդացել ա», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «ինքը՝ Ալբերտ Գուրգենիչն ասեց», եւ Բարդուղը փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «Ալբերտ Գուրգենիչն ասեց՝ դու էլ հավատացի՞ր», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չպիտի հավատամ», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «ո՞նց կարող ա Նարեկացի չհավանող մարդը Նարեկացու էդ «Մատյանը» ծերից ծեր կարդացած ըլնի», եւ Օրթախ Աբոն զարմացած նայեց Բարդուղին ու հարցրեց՝ «քեզ ո՞վ ասեց, որ Նարեկացուն չեմ հավանում», եւ Բարդուղն Օրթախին ասաց՝ «նոր դու էիր ասում», եւ Աբոն զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ էի ասում», եւ Բարդուղը պատասխանեց ու ասաց՝ «ասում էիր, որ Նարեկացու էդ պոեմի մեջ միտք չկա», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էլի եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ պոեմի մեջ միտք չկա, ճիշտ ա, բայց փոխարենը՝ լիքը զգացմունք, սեր ու հավատ կա», եւ Հայկունին կասկածանքով նայեց Օրթախին ու ասաց՝ «որ էդ պոեմից թեկուզ մի գլուխ կարդացած ըլնեիր, չէիր ասի թե՝ մեջը միտք չկա», եւ Օրթախ Աբոն նայեց Հայկունուն, ժպտաց ու բոլորիս համար անսպասելի սկսեց.
«Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ Քեզ, ո՜վ Գաղտնատես,
Եվ իմ սասանված մտքի ճենճերող
Իղձերի պտուղ նվերն այս դրած
Անձս տոչորող թախծի կրակին՝
Կամքիս բուրվառով առաքում եմ Քեզ»,-
եւ մինչ ներկաներս ապշահար կնայեինք Օրթախին, վերջինս ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «հերիք ա՞, թե՞ շարունակեմ», եւ մինչ ապշահար Հայկունին կմտածեր՝ ինչ ասեր, Բարդուղը հիացմունքով Աբոյին նայելով ասաց՝ «շարունակի, Աբո ջան, շարունակի», եւ Օրթախ Աբոն խորը շունչ քաշեց ու ժպտալով շարունակեց.
«Սակայն կնայես նրան, ո՜վ գթած,
Ու կհոտոտես ավելի սիրով՝
Քան պատարագն այն բոլորանվեր,
Որ մատուցվում էր ծխով թանձրաբուրդ.
Ընդունիր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի
Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ»:
Եվ Օրթախն արտասանությունը դադարեցնելով՝ խորը շունչ քաշեց, ժպտաց ու Հայկունուն հարցրեց՝ «հերիք ա՞, թե՞ էլի շարունակեմ», եւ Բարդուղը ոգեւորված ասաց՝ «շարունակի, Աբո ջան, շատ հետաքրքիր ա», եւ Հայկունին թարս նայեց Բարդուղին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «ոչ թե հետաքրքիր ա, այլ փառահեղ ա», եւ Բարդուղը քմծիծաղով Հայկունուն ասաց՝ «փառահեղ ա, բայց թող շարունակի» եւ Օրթախին նայելով ավելացրեց՝ «շարունակի, Աբո ջան, շարունակի», եւ Անանիան հիացմունքով Օրթախին նայելով ասաց՝ «համակ ուշադրությամբ լսում ենք, Ալբերտ Գուրգենիչ», եւ Աբոն ժպտալով նայեց Հայկունուն ու ժպտալով շարունակեց.
«Մտքիս խոհածուփ սենյակի խորքից
Սրտիս անձկությամբ նրան կամավոր
նվերն իմ այս թող,
Որպես բանական զոհաբերություն,
Ողջակիզվելով պարարտակուտակ
ճարպիս զորությամբ,
Բարձրանա ու Քեզ հասնի անհապաղ»:
Վերջին տողն արտասանելով՝ Օրթախը ժպտալով նայեց Հայկունուն, ավելի ճիշտ, Օրթախը ժպտալով Հայկունուն նայելով՝ էդ վերջին տողն արտասանեց, եւ Հայկունին հիացմունքով ճչաց՝ «ուղղակի փառահեղ ա», եւ Անանիան երանությամբ ժպտալով աղաղակեց՝ «էս վերջն ա. սրանից էն կողմ աշխարհ չկա», եւ Բարդուղը Հայկունու ու Անանիայի վրա գոռաց՝ «խանգարում եք. թողեք մարդը շարունակի», եւ Օրթախը ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «շարունակե՞մ, թե՞ էսքանը հերիք ա», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու երանությամբ ժպտալով ասաց՝ «սրան հերիք չկա», եւ Անանիան երանությամբ ժպտալով ասաց՝ «ինչքան արտասանեն՝ էնքան կլսվի», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «մանավանդ՝ եթե Վոլոդյա Աբաջյանն արտասանի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կամ էլ՝ Ազատ Գասպարյանը», եւ Ջոնն ասաց՝ «Նարեկացի ամենից լավ Սոսն ա արտասանում», եւ Արիկն ասաց՝ «Խորիկն էլ լավ կարտասաներ», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սոսն արտասանել ա», եւ Արիկը հարցրեց՝ «որտե՞ղ ա արտասանել», եւ Ջոնը պատասխանեց ու ասաց՝ «Հովիկի «Մատենադարան» ֆիլմում», եւ Արիկը հարցրեց՝ «Հովի՞կն ով ա», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «Ջոնի անվանի ընկերներից ա», եւ Անանիան Արիկին ասաց՝ «Հովիկը կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանն ա», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «համ Հովիկն ա Ջոնի ընկերը, համ էլ՝ Սոսը», եւ Արիկն ասաց՝ «ինձ թվում ա՝ եթե Խորիկը Նարեկացի արտասաներ, Սոսից ու բոլորից լավ կարտասաներ», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե չեմ սխալվում՝ Խորիկն էլ ա արտասանել», եւ Արիկն ասաց՝ «հաստատ լավ արտասանած կըլնի», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Խորիկն ինչ էլ արտասաներ՝ լավ կարտասաներ», եւ Անանիան ասաց՝ «Ջոնի օբյեկտիվությունը շատ եմ հարգում», եւ Արիկն Անանիային հարցրեց՝ «ի՞նչ օբյեկտիվություն», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ջոնի ընկերը Սոսն ա, բայց Ջոնը Սոսին ու Խորիկին որպես դերասան հավասար ա հարգում», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային ասաց՝ «ես էլ քո՛ օբյեկտիվությունն եմ հարգում», եւ Անանիան Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ օբյեկտիվություն», եւ Ջավախյանը փռթկացնելով Անանիային ասաց՝ «Ջոնը քեզ խաշի չի հրավիրել, բայց դու իրա օբյեկտիվությունը հարգում ես», եւ Բարդուղն անսպասելի գոռաց՝ «թողելու ե՞ք՝ էս մարդը շարունակի», եւ Ջավախյանը Բարդուղին հարցրեց՝ «ո՞ր մարդը», եւ Բարդուղը պատասխանեց ու ասաց՝ «Աբոն», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչը շարունակի», եւ Բարդուղը պատասխանեց ու ասաց՝ «արտասանությունը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Բարդուղին ասաց՝ «դու էս Արիկից բեթար մուտիլովչիկ ես», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ եմ մուտիլովչիկ», եւ Ջավախյանը Բարդուղին ասաց՝ «համ դու խոսակցությունը բաց ես անում, համ էլ վրեքս շառ ես անում թե՝ մենք ենք խանգարում, որ Աբոն արտասանի», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ խոսակցություն եմ բաց արել», եւ Ջավախյանն ասաց՝ «Աբաջյանի ու Ազատ Գասպարյանի հաշով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ էդ դերասանների մասին խոսակցությունը բաց չանեիր, հիմի Աբոն արտասանած պրծած կըլներ», եւ Բարդուղը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Աբո՞ն, թե՝ Ալբերտ Գուրգենիչը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Բարդուղին ասաց՝ «հերիք ա մուտիլովկա անես», եւ Բարդուղը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «հերիք ա օտար բառեր օգտագործես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վերջապես հայ գրող ես», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞րն ա օտար բառ», եւ Հայկունին փռթկացնելով Ջավախյանին հարցրեց՝ «կարող ա՞ էդ մուտիլովկա բառն Աճառյանի բառարանից ա», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «էսսե»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ