Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող “Book Platform” («Գրքի հարթակ») ծրագրի շրջանակներում «Սենսեյ մարքեթինգի ակադեմիա» ընկերությունը 2012թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ը սոցիոլոգիական հետազոտություն է կատարել «Ընթերցանության մակարդակը ՀՀ բնակչության շրջանում» խորագրով:
Սոցիալական հարցումներն անցկացվել են մայրաքաղաքում, բոլոր մարզկենտրոններում և յուրաքանչյուր մարզի երկուական գյուղում:
Հարցումներին մասնակցել է 18-54 տարեկան 1067 մարդ:
Եվ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գրադարանում ամփոփվեցին հետազոտության արդյունքները:
Պարզվում է, որ հարցվողների շուրջ 37%-ը, վերջին հինգ տարվա համեմատ, սկսել է ընդհանրապես չկարդալ, 43%-ը՝ համեմատաբար ավելի քիչ կարդալ, 6%-ը կարդում է այնպես, ինչպես կարդացել է դրանից առաջ, և միայն 14%-ն է նշել, որ սկսել է ավելի շատ կարդալ:
Ընթերցանության մակարդակը բոլոր մարզերում անկում է ապրել: Չեն կարդում հատկապես Շիրակի մարզում (84%): Այս առումով ամենահուսալին Արագածոտնի մարզի վիճակն է (59%):
Որպես ընթերցանության անկման ամենատարածված պատճառ՝ հարցվողները նշել են ժամանակի պակասը (63%):
Ընթերցանության դինամիկայի ուսումնասիրությունն ըստ սեռի ցույց է տալիս, որ այս խմբի 64%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:
Հատկանշական է, որ տարիքային ցուցանիշի համաձայն՝ համեմատաբար շատ են կարդում երիտասարդները: Գերակշռում են 18-24 տարիքային խմբի ներկայացուցիչները (38%):
Ըստ հետազոտության արդյունքների՝ ընթերցողների զգալի մասը կարդում է հաճույքի (52%), ոմանք՝ ինքնակրթության (44%), ոմանք էլ՝ մասնագիտական գիտելիքների համար (21%):
Դիտարկվող տվյալները ևս հուշում են հոգու և հաճույքի համար ընթերցանության մեծ չափաբաժինը. 56%-ը կարդում է գեղարվեստական գրքեր, 42%-ը՝ տպագիր թերթ, ամսագիր, շուրջ 34%-ը նախընտրում է մասնագիտական գրքեր:
Գեղարվեստական գրականության պարագայում ընթերցողների շուրջ 77%-ը նախընտրում է դասական գրականություն (78%-ը՝ հայ գրողներին): Գերադասելի են արձակ գործերը (86%), հատկապես վեպը (40%):
Հայաստանում 90%-ի ընթերցանության առաջնահերթ լեզուն հայերենն է: Ոմանց համար ազգային ինքնության հարց է (39%), ոմանց համար էլ լեզուն է մատչելի (28%):
Ընթերցողների 95%-ը նախընտրում է տպագիր գրքերը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ