Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրե. «Վերջին շրջանում լավ երգեր չեն գրվում»

Նոյեմբեր 28,2013 20:17

 

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողների նախաձեռնած «Սարի աղջիկ»-ը հայկական երգ է» նախագծին միացել է նաև երգիչ Անդրեն, որն այսօր նույն համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեծ սիրով է միացել նրանց և ինքն էլ իր հերթին է առաջարկել տարբեր երգիչ-երգչուհիների, խմբերի միանալ նախաձեռնությանը: «Որևէ մեկը չի հրաժարվել, և ակնկալում ենք նաև ունենալ այս երգի ռոք, ջազային և այլ տարբերակներ»,- նշեց Անդրեն և նկատեց, որ առանձնահատուկ նվիրվածությամբ է միանում նմանատիպ նախագծերին, որովհետև. «Քո անունը քո ժողովուրդն է բարձրացրել, նա է միշտ կողքիդ եղել, և գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ քո արածը պիտի ծառայի քո ժողովրդին, դու ինչ-որ բանով պիտի փոխհատուցես նրան: Դա դժվար չէ, ես մեծ սիրով եմ անում»,- ասաց նա:

Երգչի խոսքով՝  «Սարի աղջիկ» երգի տեսահոլովակի պրեմիերան կլինի նոյեմբերի 30-ին՝ «Դար 21» հեռուստաալիքի եթերում:

Անդրադառնալով երգին՝ Անդրեն ասաց. «Միշտ իմացել եմ, որ «Սարի աղջիկ»-ը հայկական ժողովրդական երգ է, և շատ ցավագին եմ տարել, որ գտնվելով միջազգային մրցույթներում՝ Ադրբեջանի ներկայացուցիչները երգում էին այդ երգը որպես իրենց երգ: Բայց շատ ողջունելի է, որ Թուրքիայում շատերն ասում են, որ դա հայկական ժողովրդական երգ է»:

Ի դեպ, երգիչն ասաց, որ աշխատում է իր 7-րդ ձայնասկավառակի վրա, որը կկոչվի հենց «Սարի աղջիկ»: «Ձայնասկավառակում կլինեն երգեր, որոնք մեզանից ժամանակի ընթացքում «տարել են», և չգիտես՝ ինչու, մեր նեղ մասնագետներից շատերը չեն ուզում պայքարել դրա դեմ, չեն ուզում բարձրաձայնել, որ սա մերն է»,- ասաց նա:

Անդրադառնալով վերջին մի քանի տարիներին գրված հայկական երգերին՝ Անդրեն նկատեց, որ վերջին շրջանում լավ երգեր չեն գրվում, չկան առաջվա գեղեցիկ երգերը, և հավելեց. «Շատ տխուր է, երբ 300 երգից պետք է ընտրես 10-ը, 10-ից էլ՝ 6-ը, ու այդ 6-ից միայն 3-ն են ականջին քիչ թե շատ հաճելի, այն էլ այն պատճառով են հաճելի, որ ծանոթ երգեր են, այսինքն՝ նման են այս կամ այն երգին»:

Հարցին, թե արդյո՞ք ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստանում է, երգիչը պատասխանեց, որ սերիալներում նկարահանվելու առաջարկներ ստացել է («Որոգայթ» և այլն), բայց իրեն սերիալներում չի պատկերացնում: Կցանկանար գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել: Ժամանակին Արա Գեղեցիկի կերպարը մարմնավորելու առաջարկ է ստացել, բայց ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել նկարահանվել. «Ասում էին՝ երգիչը մեծ հոնորար է ուզել, բայց դա այդպես չէ, քանի որ ինձ համար մեծ պատիվ էր Արա Գեղեցիկ խաղալը»,- ընդգծեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930