Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նահանջի առումով ԵՄ-ում զգացմունքները չեզոքացել են

Նոյեմբեր 28,2013 20:05

Հարցազրույց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ, ով այժմ գտնվում է Լիտվայում՝ Վիլնյուսում եւ մասնակցում է  Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի շրջանակներում ընթացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ֆորումին:

Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի շրջանակներում Վիլնյուսում ընթացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ֆորումի ժամանակ հնչած կարծիքներում հիմնական ափսոսանքներն ու օրինակները Ուկրաինայի վերաբերյալ էին: Տպավորություն էր, որ Եվրոպան բավական թեթեւ է վերաբերվում Հայաստանի` ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելու քայլին:
– Այո: Իհարկե, Ուկրաինայի դեպքում դրանք շատ թարմ տպավորություններ են: Հայաստանի նահանջի առումով, արդեն բոլոր զգացմունքները չեզոքացել են երկու ամիսների ընթացքում:

Եվ, ընդհանրապես, եթե վերցնենք Արեւելյան գործընկերությունը՝ որպես նախաձեռնություն, ապա պարզ է, որ ԵՄ անդամ երկրների մեծամասնության համար դրա գրավչությունը հենց Ուկրաինայի մեջ էր, որպես խոշոր տնտեսություն, ռեսուրս եւ մեծ շուկա ունեցող երկիր: Հայաստանի դեպքում, պարզ է, որ միշտ ուշադրությունը շատ ավելի քիչ էր` հաշվի առնելով մեր երկրի չափերը եւ հավակնությունների անորոշությունը: Չնայած, Հայաստանը, որպես պետություն, վերջին տարիներին բավական արդյունավետ էր իրականացնում  բանակցությունները: Սակայն, Հայաստանը երբեք, ի տարբերություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ տանող երկրների, ԵՄ անդամ երկիր դառնալու ցանկություն չի ներկայացրել: Պարզ է, որ ե’ւ փորձագիտական հանրության, ե’ւ քաղաքական գործիչների ուշադրությունն այս փուլում հենց Ուկրաինայի խնդրի վրա է:

Երկրորդ տեղում, իհարկե, այն իրադարձությունն է, որը տեղի է ունենալու վաղը. դա Մոլդովայի եւ Վրաստանի կողմից համաձայնագրերի նախաստորագրումն է, ինչպես նաեւ, Մոլդովային առաջարկվող վիզաների լիբերալիզացման, փաստորեն, պրակտիկ կիրառումը: Եթե, իհարկե, ԵՄ անդամ երկրների եւ Մոլդովայի խորհրդարանները վավերացնեն Եվրոպական հանձնաժողովի այդ առաջարկությունը:

Հայկական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գաղտնի բանակցություններ են վարվում Վիլնյուսում՝  հետագա համագործակցությունը մատնանշող ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ: Դատելով նրանից, որ գագաթաժողովին հայաստանյան պատվիրակությունը ներկայացել է ամենաբարձր` նախագահի մակարդակով, կարելի՞ է ակնկալել, որ վաղն, այնուհանդերձ, որեւէ էական փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի հետ:

– Գիտեք, դա իմ, երեւի սուբյեկտիվ կանխատեսումն էր, քանի որ ոչ պաշտոնական, ոչ կիսապաշտոնական աղբյուրներից դրա ոչ մի հաստատում չի եղել, որ Հայաստանի նախագահը կմասնակցի գագաթաժողովին, եթե երկկողմանի որեւէ փաստաթուղթ լինի ԵՄ-ի հետ: Եվ եթե այդ տրամաբանությամբ շարունակեմ մտածել, ապա չի բացառվում, որ ինչ որ երկկողմանի փաստաթուղթ լինելու է: Սակայն, դրանք իմ սուբյեկտիվ գնահատականներն են: Ոչ այսօրվա քննարկումների ժամանակ, ոչ երեկ` off the records  մի հանդիպման ժամանակ, այդ կարգի ակնարկներ մենք չենք լսել:

Եթե, փաստորեն, իրական հեռանկար չկա, որ վաղը Հայաստանի հետ իրենից ինչ-որ բան ներկայացնող փաստաթուղթ կստորագրվի, այդ դեպքում նախագահ Սարգսյանի ներկայությունն այդ գագաթաժողովին ինչպե՞ս կարելի է որակել:

-Մի շատ կարեւոր դիտարկում կա տարբեր զրույցներից. Ուկրաինայի եւ Հայաստանի ղեկավարությունը մոտակա ժամանակներում, բավականին լուրջ դժվարություններ կունենա հանդիպել ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ: Կոնտակտները կտրուկ կսահմանափակվեն: Եվ, ամեն դեպքում, այստեղ լինելն ինչ-որ շանս է՝ նախ այդ կոնտակտներն ունենալու եւ, հետո, միգուցե, որոշ չափով դրանց շնորհիվ խախտելու օրինաչափ զարգացումը, որը կարող է լինել Հայաստանի՝ գոնե եվրոպական ուղղությամբ միջազգային մեկուսացման առումով:

Իսկ, ընդհանրապես, ի՞նչ տրամադրություններ են: Հիասթափությունը կարծես գերիշխո՞ւմ է:

– Այո, դա այդպես է, եւ առաջին հերթին դա նորից կապված էՈւկրաինայի հետ, որովհետեւ, Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանումն այդքան մեծ ազդեցություն, բնականաբար, չի թողել բոլորի տրամադրության վրա, ինչպիսին Ուկրաինայի՝ այն էլ վերջին պահին հրաժարվելը կամ հետաձգելը:
Բայց, եթե մի քիչ սթափ փորձենք նայել իրավիճակին, ապա շատ հետաքրքիր դիտարկում արեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը`ասելով, որ երբ 2008-09 թվականներին Լեհաստանը եւ Շվեդիան առաջարկում էին նախաձեռնել Արեւելյան գործընկերության ծրագիրը, ոչ ոք այն ժամանակ չէր ակնկալում, որ նույնիսկ այնպիսի արդյունք, ինչպիսին կա այսօր` 4-4,5 տարի անց, կլինի: Այսինքն, որ Արեւելյան գործընկերության վեց երկրներից կլինեն այնպիսիք, որոնք կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը, եւ, որ Մոլդովայի քաղաքացիները, արդեն 2014 թվականից, իրատեսական շանսեր ունեն առանց վիզաների, բիոմետրիկ անձնագրերով ճամփորդել ԵՄ երկրներ` շենգենյան գոտի: Երեւի կարելի է համաձայնել նախարարի հետ. 2009 թվականին այդպիսի կանխատեսումը կհնչեր որպես շատ լավատեսական: Բնականաբար, վերջին 2-3 տարիներին հավականությունները եւ սպասելիքները շատ ավելի մեծ էին, ու դա է պատճառը, որ հոռետեսական տրամադրությունները գերիշխում են:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930