Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձաստիճան ոստիկանի «վրեժը»` «Ռուբին»-ի Գրիշից

Նոյեմբեր 28,2013 18:58

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու «Ռուբին» ոսկերչական սրահը թալանելու փորձ կատարած երկու ոստիկանների` ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրաչ Քալաշյանի և նույն բաժնի օպերլիազոր Արտակ Բադալյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Դատարանը լսելու էր ամբաստանյալներին, սակայն նրանք հրաժարվեցին ցուցմունք տալուց, որի պատճառով էլ դատավոր Աշոտ Մանուկյանը ստիպված եղավ հրապարկել նրանց նախաքննական ցուցմունքները: Հրաչ Քալաշյանը նախաքննական մարմնին տեղեկացրել էր, որ գիշերվա կեսին ոսկերչական սրահում հայտնվելու նպատակը ոչ թե այնտեղից գողություն կատարելն էր, այլ ոսկերչական սրահի տիրոջը`Գրիշա Հովեյանին, մի ձևով վնաս հասցնելն էր, վատություն անելը: Այդ իսկ պատճառով, ինքը Արտակի հետ կոտրել է ոսկերչական սրահի ապակիները: Հրաչ Քալաշյանը գրել էր, որ ինքը «նիսյայով» մատանի էր ուզել ոսկերչական սրահի տիրոջից, ու քանի որ վերջինս մերժել էր, փորձել էր այս ձևով վրեժ լուծել:

Դատախազը Հրաչ Քալաշյանին հիշեցրեց ոսկերչական սրահի տիրոջ ու ևս երկու վկաների ցուցմունքներ, համաձայն որոնց, ամբաստանյալը 135 հազար դրամ արժողությամբ մատանի է վերցրել ոսկու խանութի տիրոջից` այն հետագայում վճարելու պայմանով: «Ուրեմն բացառվում է ձեր վրեժ լուծելու տարբերակը, եթե ուզում էիք վրեժ լուծել, ինչո՞ւ քարով չէիք վնասում ոսկու խանութի ապակին, եթե ձեր նպատակը գողություն կատարել չէր, ինչո՞ւ էիք ձեզ հետ վերցնում դիմակներ, չորս զույգ ձեռնոցներ, մուտքի ապակիները  կոտրելուց հետո, ինչո՞ւ էիք կոտրում  նաև նախասրահի ապակին»,- հարցրեց դատախազը, սակայն ամբաստանյալը հրաժարվեց հարցերին պատասխանել:

Շատ ավելի հետաքրքիր էր Արտակ Բադալյանի նախաքննական ցուցմունքը: Վերջինս  էլ իր ընկերոջ պես հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, սակայն ներողություն խնդրեց ոսկու խանութի տիրոջից` ապակիները կոտրելու համար: Արտակ Բադալյանը  իր նախաքննական ցուցմունքում պատմում էր, թե ինչպես է մի անգամ գնացել  Հրաչենց տուն ու տեսել, որ  վերջինս անտրամադիր է, սարսափելի նյարդայնացած, և երբ հարցրել է` ի՞նչ է պատահել, Հրաչը պատասխանել է, որ Ռուբինի Գրիշը իրեն մատանի չի տվել «նիսյայով»: Հրաչն ասել է, որ սիրտը հանգստացնելու համար մի վատություն պիտի անի Գրիշին, գնա ու խանութի ապակիները կոտրի: Ըստ Արտակ Բադալյանի, քանի որ ինքը Հրաչի մտերիմն է, ասել է` ես էլ կգամ քո հետ, ու նախապատրաստական աշխատանքներ են կատարել:

«Մեզ հետ վերցրեցինք  տապոռ ու չակուջ, ես վերցրեցի տապոռը, Հրաչը` չակուջը, ու զրուցելով ոտքով  գնացինք ոսկերչական սրահ: Հրաչը չակուջով  հարվածեց դռանը, ապակիները կոտրվեցին, երկրորդ դռան ապակին կոտրելուց հետո միացավ ազդանշանը ու Հրոն ասաց` գնացինք: Դուրս եկանք, տեսանք մեքենայի լույսեր էին վառվում, տեսանք, որ ոստիկանական մեքենա է, որը մեզ հետապնդում  է: Մենք սկսեցինք փախչել, նրանք մեր հետևից ընկան, նրանցից մեկն ասաց` կանգնեք, կկրակեմ, ես պառկեցի գետնին, նրանք հանեցին իմ դիմակը, բայց ինձ չճանաչեցին: Ինձ ու Հրաչին  բերման ենթարկեցին ոստիկանություն: Մենք գողություն անելու մտադրություն ամենևին չենք ունեցել, առավել ևս գիտեինք, որ ոսկին պահվում է բունկերում, գիտեինք նաև, որ այս ոսկու սրահը գտնվում  է ոստիկանության «Կումայրի» բաժնի պահպանության տակ: Բացի Հրաչից, այլ անձիք ևս մասնակցել են, սակայն անուններ չեմ տալիս»,- գրել  էր ամբաստանյալը:

Եթե նպատակը գողությունը չէ, ինչո՞ւ էին իրենց հետ հանցագործության գործիքներ վերցնում,   Արտակ Բադալյանը հրաժարվեց պատասխանել դատախազի այդ հարցին:

Ճառերին նախապատրաստվելու համար դատախազը երկու շաբաթ ժամանակ խնդրեց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930