Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին` գլխավորությամբ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ գնդապետ Սամվել Ղուկասյանի:
Հանդիպման սկզբում Ռազմական ոստիկանության պետն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կառույցի գործունեությունը, մասնավորապես համակարգից ներս իրականացվող կառուցվածքային բարեփոխումները:
Ողջունելով Ռազմական ոստիկանության աշխատակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նրանց:
Վեհափառ Հայրապետը կարևորեց Ռազմական ոստիկանության պատասխանատու աշխատանքը` ուղղված հայ զինվորի բարոյական նկարագրի կերտմանը և հատկապես բանակում անցանկալի երևույթների կանխարգելմանը: Այս կապակցությամբ անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության առաքելությանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ փաստեց, որ Հայոց բանակի հոգևոր հովվությունը հոգևոր սպասավորների նվիրյալ ծառայության շնորհիվ վերջին տարիներին առավել զորացել է:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նույնական նկատեց եկեղեցականների և Ռազմական ոստիկանության աշխատակիցների առաքելությունը բանակում` հայ զինվորին կրթել ու դաստիարակել ազգային, հայրենասիրական արժեքների բարձր գիտակցությամբ ու հաղթական ոգով և կանխարգելիչ միջոցներով նպաստել բանակում կարգապահության պահպանմանը:
Իր հերթին գնդապետ Սամվել Ղուկասյանը կարևորեց Հայոց բանակի հոգևոր առաջնորդության հետ համագործակցությունը: Ռազմական ոստիկանության պետը վստահեցրեց նաև, որ ամեն ջանք կգործադրվի` կառույցի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման համար:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն արդյունավոր ծառայություն մաղթեց ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցներին:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ