Այսօր կառավարությունը 12 միլիոն դրամ հատկացրեց «Ինչ, որտեղ, երբ» (Что, где, когда) ռուսական հեռուստանախագծի արտոնագրի ժամկետը եւս 1 տարով երկարացնելու համար: Կառավարության նիստին գումար հատկացնելու առաջարկությունը ներկայացրեց կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:
Լրագրողների հարցին, թե որքանով է նպատակահարմար աղքատ երկրի պետբյուջեից 12 միլիոն դրամ հատկացնել այս խաղի համար, փոխնախարար Կարինե Հարությունյանն ասաց, որ դա արվում է ինտելեկտուալ շարժումը խրախուսելու համար. «Եվ բավականին խրախուսել է, որովհետեւ մեր թիմերը ոչ միայն Հայաստանում, նաեւ տարածքից դուրս են մասնակցում ինտելեկտուալ խաղերին: Սա խրախուսում է ավելի ընթերցանությանը, եւ երեխայի մտավոր մտահորիզոնը զարգացնում է, կրթական նշանակություն ունի»:
Հարցին, որ խաղին մասնակցում է նաեւ Կարինե Հարությունյանի ղեկավարը` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ի՞նչ կրթական նշանակություն կարող է ունենալ նրա համար այս խաղը, որը ռուսերեն լեզվով է, փոխնախարարն ասաց. «Երեւի հարցը իրեն տաք, մասնակցողին եւ կառավարության մյուս աշխատակիցներին: Մենք չպետք է մոռանանք` օտար լեզուների ուսուցումը շատ կարեւոր է Հայաստանի նման փոքր երկրում»:
Հարցին էլ, ինչո՞ւ պետք է պետական բյուջեից, հարկատուների հաշվին 12 միլիոն դրամ գումար հատկացվի, որպեսզի «Արմենիա» մասնավոր հեռուստաընկերության հեռուստածրագրի համար արտոնագիր երկարացվի, փոխնախարարը չկարողացավ պատասխանել: Կարինե Հարությունյանը չկարողացավ պատասխանել նաեւ այն հարցին, թե մինչ օ՞րս էլ էր պետբյուջեի հաշվին այս խաղի արտոնագիրը ձեռք բերվում. «Մինչեւ հիմա չգիտեմ ինչպես է գնվել»:
Մանրամասն` տեսանյութում
Կառավարության նիստում հաստատվեց, որ Ռուսաստանի «Իգրա Թի Վի» հեռուստաընկերությունից «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի արտոնագիրը 1 տարով ձեռք բերելու նպատակով 12 միլիոն դրամը հատկացվելու է «Փի-Արտ» ընկերությանը` կրթության եւ գիտության նախարարության միջոցով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ