Ըստ մամուլի հրապարակումների , վերջին օրերին աղմկալի իրավիճակ է ստեղծվել Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6-րդ բ դասարանում: Ծնողները հրաժարվել էին իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով։ Նրանք պնդում էին, թե աշակերտներից Հարություն Ղազարյանը մշտապես ծեծի է ենթարկում մյուս դպրոցականներին:
Բանը հասել է նրան, որ դպրոց են այցելել անչափահասների գործերով տվյալ ստորաբաժանման աշխատակիցներ եւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը:
Սեպտեմբերին այդ դասարան տեղափոխված Հարություն Ղազարյանի ծնողները, սակայն, այն կարծիքին են, որ իրենց որդուն հատուկ հրահրում են, փորձում «կոտրել»: Նրանք նամակ են հղել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որում ստեղծված իրավիճակը անվանել են պայթյունավտանգ եւ անբարո:
12-ամյա տղայի եղբայր Մակար Ղազարյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Երեխան հենց առաջին օրվանից տեղափոխվելով թիվ 71 դպրոց՝ պետք է այնպիսի հարաբերությունների մեջ մտներ, որտեղ տվյալ դասարանում մի քանի չարաբաստիկ ծնողկոմիտեի ղեկավարներ փորձում էին իրենց երեխաներին լիդերի կարգավիճակում տեսնել եւ հանցավոր համաձայնության էին եկել ուսուցչական կոլեկտիվի եւ տնօրինության հետ, որին ձեռնտու էր այն, որ ինչ էլ լինում է, անաղմուկ լինի»: Նա հայտնեց, որ դասարան մտնելու առաջին իսկ օրվանից եղբայրը հանդիպել է սուբորդինացիոն հարաբերությունների, իր ձեւակերպմամբ՝ ենթարկվելու հրամայական պահանջին: «Բնականաբար, լինելով ընկերասեր, ազնիվ, բայց միեւնույն ժամանակ կամային լուրջ հատկանիշներով օժտված մարդ, եղբայրս չի ենթարկվում եւ ընդդիմանում է դրան: Իսկ ծնողները չէին կարող համակերպվել, որ այդպիսի «խոչընդոտ» կլինի իրենց երեխաների ճանապարհին եւ ամեն կերպ փորձել են պրովոկացիաների ենթարկել: Երեխային անգամ մոտենում մայր էին հայհոյում, որպեսզի ոչ մի կերպ չկարողանա իրեն տիրապետի, այդպիսով փորձեին երեխային դարձնել «հանցագործ», որին ավելի հեշտ էր հեռացնել իրենց երեխաների ճանապարհից»,-հայտնեց դպրոցականի եղբայրը:
Մակար Ղազարյանը նշեց, որ չեն պատրաստվում երեխային տեղափոխել այլ դպրոց, քանի որ ժամային առումով հարմար է թիվ 71-ում դասի գնալը՝ հավաստիացնելով, որ նախկին՝ 114 դպրոցում տղան որեւէ խնդիր չի ունեցել, եւ այդ մասին պատրաստ են վկայել մանկավարժները: Ի դեպ, խնդրի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաեւ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը, որտեղ մասնավորապես ասված էր. «Ողջունելով ծնող-դպրոց համագործակցությունը՝ ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ հորդորել ծնողներին՝ վստահել դպրոցին և մանկավարժական կոլեկտիվին և անհարկի չմիջամտել իրենց երեխաների դպրոցական կյանքին, որպեսզի երեխաները շարունակեն իրենց ուսումնառությունը համերաշխ մթնոլորտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ