Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկնիկային դիվանագիտություն»՝ Վիլնյուսում

Նոյեմբեր 28,2013 14:15

Իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ուկրաինայի
նախագահներին պետք է կախաղան բարձրացնել՝ սեփական ժողովուրդների հետ
փորձարարական ճագարի պես վարվելու համար:

– Այս օրերին Վիլնյուսում մեկնարկել է գագաթնաժողովը, որին այդքան նախապատրաստվում էին երկրները, ու որի շեմին հայտնի դարձավ, որ առանցքային փաստաթղթերը, որոնք նախատեսվում էին ստորագրել այդ գագաթնաժողովում, չեն ստորագրվելու: Ինչեւէ, գագաթնաժողովին այդ նույն երկրները մասնակցելու են նախագահների մակարդակով: Արդյոք հնարավո՞ր են շրջադարձային իրադարձություններ Վիլնյուսում, ի՞նչ սպասելիքներ կան այդ գագաթնաժողովից:

– Վիլնյուսում, իմ կարծիքով, կլինի տիկնիկային դիվանագիտություն: Այն երկրների նախագահները, որոնց վրա ճնշում կա, եւ որոնք փոխել էին իրենց որոշումը, գնում են երկակի քաղաքականության՝ եթե կարելի է այդպիսի տերմին օգտագործել. չասել ոչ մի ավելորդ բան, չանել որեւէ ավելորդ քայլ, որպեսզի Ռուսաստանը չբարկանա եւ չնեղանա, ասել այնպիսի բան, որ հնարավոր լինի տեղերում ցույց տալ, որ Եվրոպայի հետ հարաբերությունները շարունակվելու են: Այսինքն՝ վիլնյուսյան գագաթնաժողովում ոչ մի լուրջ բան չի կարող լինել: Մանավանդ, որ վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ ցանկացած ծավալի ու որակի աշխատանք, որը պետությունը կատարում է տեւական ժամանակ, կարող է կտրուկ փոխվել՝ երկուսի հանդիպումներից: Այսօր եւ Հայաստանի, եւ Ուկրաինայի նախագահները պարզ ցույց տվեցին, որ իրենց մոտ պետական ապարատը չի աշխատում: Ճիշտ է, երկու երկրներում դրանք տարբեր մակարդակների վրա են՝ նկատի ունենալով Ուկրաինայի աշխարհագրական տարածքը, երկրի մեծությունը, տնտեսության զարգացվածության աստիճանը Հայաստանի համեմատությամբ, բայց երկու նախագահներն էլ հստակ ցույց տվեցին, որ իրենց մոտ պետական ապարատ եւ դիվանագիտական կորպուս չկա:
Նաեւ այդ պատճառով վիլնյուսյան գագաթնաժողովից լուրջ սպասելիքներ չարժե ունենալ: Իհարկե, յուրաքանչյուրի քայլելը, բարեւելը, ժպտալը, մի ոչինչ չասող թուղթ ստորագրելը, հանդիպումների ժամանակ պրովոկացիոն կծմծոցները եւ այլն տարբեր մեկնաբանություններ կստանան, բայց էական եւ լուրջ համաձայնություններ չեն լինի: Մանավանդ՝ Եվրոպան սովոր է այլ կերպ աշխատելու եւ իր տույժերն այլ կերպ կհասցնի: Հետագա հարաբերություններում դա ցույց կտան: Հասկանալով, թե ում եւ ինչ տեսակ գործիչների հետ գործ ունի, Եվրոպան ՌԴ-ի նման կտրուկ քայլերի չի գնա Վիլնյուսում:

– Եվրամիություն-Մաքսային միություն այս ողջ քաղաքական վայրիվերումների արդյունքում շատերի համար գուցե անսպասելի ասպեկտներ դրսեւորվեցին. շահարկումների թեմա է դարձել ժողովուրդների եւ ազգերի բարեկամությունը: Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում՝ ավելի վաղ եւ այլն հակառուսական տրամադրություններ են: Համապատասխանաբար, ՌԴ-ում էլ այդ ժողովուրդների նկատմամբ թշնամական վերաբերմունք կա: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Դա, թերեւս, ամենաէական ու կարեւոր հարցն է այս ամբողջ պատմության մեջ: Մինչեւ այդ երկրների քաղաքական դեմքերը չհասկանան, որ իրենք են առաջին պատասխանատուն նրա, որ, ասենք, Հայաստանում հակառուսական տրամադրություններ են, որ Ռուսաստանում հակակովկասյան ընդվզումներ են, ոչնչի չենք հասնի: Այսօրվա քաղաքական կոչվող դեմքերին շրջապատող անձինք էլ նրանց հետ պետք է պատասխան տան՝ թեկուզ այդ երկրներից գողացված գումարները վերադարձնելով: Հայաստանի եւ Ուկրաինայի ղեկավարները շատ լավ գիտեին, որ իրենց ժողովրդի մի ստվար հատվածը գտնվում է ՌԴ-ի տարածքում, աշխատում ու ապրում է այնտեղ, որ իրենց երկրները ստրատեգիական կապերով են կապված ՌԴ-ի հետ՝ գազ, էներգակիրներ, Հայաստանում են գտնվում ռուսական ռազմաբազաները, հայկական սահմանին ռուսական զորքերն են կանգնած եւ այլն, ի՞նչ էին մտածում երեք-չորս տարի, երբ բանակցում էին Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ: Չէ՞ որ ժողովուրդը փորձարկման ճագար չէ, որ չորս տարի խաղ խաղացին ու փոխվեցին: Չէ՞ որ ցանկացած քաղաքական ղեկավարի համար ի սկզբանե պետք է հասկանալի լիներ, որ եթե դու տնտեսական, քաղաքական կախման մեջ ես մի երկրից, չես կարող փոխել ճանապարհդ՝ մինչեւ այդ անկախ հիմքերը չստեղծես: Այսօր հարվածի տակ դրվեցին ոչ միայն տնտեսական հարցերը, այլեւ ազգամիջյան ատելություն ստեղծվեց, ինչը իմ կարծիքով՝ դեռ զարգանալու է: Հասկանո՞ւմ եք, իրենց այդ քաղաքականությամբ թշնամանք ստեղծեցին ազգերի ու ժողովուրդների միջեւ ու այսօր հանգիստ նորից տանում են այդ խաղը՝ անգամ չվերցնելով իրենց վրա մեղքը: Իսկ դա պետք է արտահայտվեր հրաժարականներով:

Ես, իհարկե, չեմ արդարացնում ՌԴ-ի քաղաքականությունը, որի կտրուկ քայլերի արդյունքում ատելությունն ավելի խորացավ: Բայց Ուկրաինայի նախագահը հայտարարում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը վեց ամսով հետաձգում են: Այսինքն՝ վեց ամիս էլ ՌԴ-ից օգտվեն, հետո կորոշեն: Դա քաղաքական դեմքի հայտարարությո՞ւն է: Ցավոք, թե Ուկրաինայում, թե Հայաստանում եւ հետխորհրդային այլ երկրներում այնպիսի քաղաքական դեմքեր են՝ իրենց շրջապատով, որոնց մեծամասնությունը դեռ ԽՍՀՄ-ի օրոք կամ մարդասպանության, կամ բռնաբարության հոդվածներով բանտ են նստած եղել: Այդ քաղաքական կոչվող դեմքերին, մարդկանց, ովքեր ժողովրդի գլխին լաբորատորիական փորձարկումներ են իրականացնում, կախաղան հանելն էլ քիչ է: Ո՞վ պետք է պատասխան տա այն ատելության համար, որն արմատավորվել է այսօրվա երիտասարդության մեջ, ինչքա՞ն տարիներ են պետք, որ դա դուրս գա մարդկանց միջից ու ավելի չաճի: Հիմա այն պետությունները, որոնց ձեռնտու էր, որ հայ եւ ռուս ազգերը թշնամանան, կսկսեն ջուր լցնել այդ ջրաղացին: Աստված մի արասցե, որ հանկարծ ինչ-որ տեղ սպանություն լինի ազգայնական հողի վրա:

Ռուսաստանում տարեց կանայք կան, որոնց հետ փողոցում խոսում ես, ասում են՝ «Молодец, Путин, этим хохлам так и надо!», բայց չգիտեն էլ, թե ինչի մասին է խոսքը: Ես հորդորում եմ հասարակություններին զերծ մնալ նման մոտեցումներից, չտրվել այն ղեկավարների ու նրանց շրջապատի քմահաճույքներին, որոնք պատրաստ են ամեն քայլի, միայն բյուջեն լցնեն ու իբր պարզերես դուրս գան, իրենց թալանն իբր ծածկեն:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահի՝ օրեր անց սպասվելիք այցը Հայաստան, մանավանդ, որ Հայաստանում հակապուտինյան տրամադրություններ են. կոչեր են հնչում հուժկու հանրահավաքներ անցկացնելու մասին, նաեւ ՄՄ-ին անդամակցելու որոշման դեմ:

– Պուտինը հզոր երկրի նախագահ է: Կարծում եմ՝ Հայաստան գալով Պուտինը գալիս է մի երկիր՝ իմանալով, որ այդ երկրի կեսից շատին ինքը, կոպիտ ասած, հաց է տալիս ՌԴ-ում՝ աշխատանք եւ ապրելու հնարավորություն: Բայց, իմ կարծիքով, Պուտինի այցը Հայաստան սխալ է՝ եւ ՌԴ-ի, եւ Հայաստանի համար: Այն մարդկանց հետ, ովքեր հասցրեցին նրան, որ այսօր Հայաստանում հակապուտինյան կարծիք է ձեւավորվել, Պուտինը չպետք է աշխատեր: Պուտինն իր երկրի շահի ու հզորության մասին է մտածում: Այդ ճանապարհին նրա արած սխալների մասին ես այսօր չեմ ցանկանում խոսել: Նա ցանկանում է տարածաշրջանում վերահսկելի տարածքներ ունենալ, ուստի գալիս է Հայաստան, բայց նա չպետք է աշխատեր Հայաստանի այսօրվա ղեկավարների հետ:

– Դուք ակնարկում եք, որ ՌԴ նախագահը պետք է Հայաստանում իշխանափոխությո՞ւն պարտադրեր:

– Ոչ: Պարզապես չաշխատեր ՀՀ-ի ներկայիս ղեկավարության հետ: Պուտինը կարծում է, որ ինքն օգնել է Հայաստանին նրանով, որ հայերն այսօր ՌԴ-ում աշխատում եւ գումար են ուղարկում Հայաստանում գտնվող իրենց ընտանիքի անդամներին: Բայց իր նկատմամբ Հայաստանում հակատրամադրություններ կան. նշանակում է, որ այն սիլիբիլին, որ Հայաստանի ղեկավարությունն անում էր Եվրոպայի հետ, ոչ միայն իր երկրի ժողովրդի գլխին էր փորձություն, այլ նաեւ ՌԴ-ի դեմ քաղաքականություն: Եթե Հայաստանը չէր գնալու Եվրոպա, ինչո՞ւ այդ ամենն արվեց, ինչո՞ւ փորձության ենթարկեցին ժողովրդին, ինչո՞ւ երկիրը սովի մատնեցին, տնտեսությունը չզարգացրեցին եւ այլն: Այսինքն՝ այն քաղաքականությունը, որը տարվեց, ՌԴ-ին դեմ էր, ու հիմա նորից աշխատել այդ ղեկավարների հետ՝ ես սխալ եմ համարում: Այդ քաղաքականության պատճառով այսօր նաեւ Եվրոպան ու ԱՄՆ-ն են մեղադրում ՌԴ-ին, որն իր շահերի համար պայքարում է: Բայց եթե այդ երկրները հիմք չունեին ճիշտ ճանապարհ ընտրելու, Եվրոպայի հետ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգությունն ապահովելու, տնտեսությունը զարգացնելու, ժողովրդին ետ բերելու՝ ինչի՞ համար էր այդ փորձությունը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930