Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը՝ կոռուպցիայի հովանավո՞ր

Նոյեմբեր 28,2013 14:05

Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին նոր գումար՝ 843 միլիոն դոլարի ֆինանսական աջակցությունը, որի մասին վերջերս բանկի ներկայացուցիչները հայտարարեցին, ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի՝ ոչ թե աջակցություն է, այլ Հայաստանում կոռուպցիայի հովանավորություն:

Տնտեսագետն այս համոզման է եկել՝ ուսումնասիրելով Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Հայաստանում ծավալած երկար տարիների գործունեությունը: Վերջին տարիներին, ինչպես վստահեցրեց Վահագն Խաչատրյանը, ՀԲ-ն մի տեսակ անտարբերություն է դրսեւորում եւ մանրակրկիտ չի ստուգում, թե իր տրամադրած գումարներն իրականում նպատակին ծառայո՞ւմ են կամ՝ ինչպե՞ս են ծախսվում:

Պարոն Խաչատրյանը ՀԲ-ի աշխատանքները համեմատելով 90-ականների եւ վերջին տարիների հետ՝ նկատել է, որ հիմա այս կառույցն ու նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամը իրենց վարկանիշը գցել են եւ ոչ օբյեկտիվ գնահատականներ են տալիս:

«1990-ականներին ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի արած գործը, կարելի է ասել, անթերի էր: Հակառակորդները միշտ բացասական գնահատականներ էին տալիս, օրինակ՝ որ իրենց հիմնական գործը ուղղված էր նրան, որ արդյունաբերական կապիտալը չզարգանա Հայաստանում, հիմնականում ծառայություններին, առեւտրին, սպասարկման բնագավառներին, թեեւ սա սուբյեկտիվ մոտեցում էր, բայց կար քննադատություն: Իրականում իրենք այն ժամանակ խնդիր էին դրել Հայաստանում իսկապես ինստիտուտներ ստեղծել նոր հասարակարգի համար: 2005 թվականից հետո, իրենց տարեկան եւ ընթացիկ հաշվետվություններից ելնելով, ոչ օբյեկտիվ գնահատականներ են տալիս կամ էլ իրավիճակին չեն տիրապետում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Խաչատրյանը:

Թեեւ պարոն Խաչատրյանը խիստ կասկածում է, որ ՀԲ-ն իրավիճակին չի տիրապետում, մյուս կողմից էլ՝ հարց է բարձրացնում. «Այն քայլերը, որոնք պետք է առաջարկվեն ՀՀ իշխանություններին, չեն կատարվում, եւ այդ քայլերին որեւիցե ձեւով չեն ուզում ազդել, երբ դրա լծակներն ունեն, կարող են աուդիտ անել»:

«Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ է Համաշխարհային բանկն այդպես գործում եւ նոր վարկ տալիս, պարոն Խաչատրյանն ասաց. «ՀԲ-ի տրամադրած վարկերը կոնկրետ ոլորտների խնդիրները լուծելու համար են, բայց երբ այդ խնդիրները չեն լուծվում, կարելի է մի եզրակացություն անել՝ ՀԲ-ում այդ ծրագրերով քաղաքական ենթատեքստն է գործում, եւ նաեւ՝ սեփական իմիջի հարցն է. պետք է մի ձեւով արդարացնեն իրենց գործունեությունը Հայաստանում, որոնք անհաջողության են մատնվել: Ասենք՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նորից գումար է հատկացվում: Եթե արդարադատության համակարգը կայացած չէ, եւ եթե ՀՀ քաղաքացին կամ բիզնեսմենը պաշտպանված չէ պետության միջամտություններից, օրենքի առջեւ բոլորը հավասար չեն, այդ դեպքում ես նրանց գնահատականներն ու նոր վարկերը չեմ կարող հասկանալ:

Ասում են՝ բիզնես գրանցելը հեշտացել է, կոռուպցիոն ռիսկերը պակասել են, իսկ կարեւորը ոչ թե արագ գրանցելն է, այլ թե ինչպես են աշխատում: Արդյունքում տեսնում ենք, որ ՓՄՁ-ի տեսակարար կշիռը փոքրանում է, փոքր ձեռնարկությունները պակասում են, միջին խավ չի ձեւավորվում, հարուստներն է՛լ ավելի են հարստանում, աղքատներն՝ էլ ավելի աղքատանում, օլիգարխիայի եւ իշխանության մոտ կանգնածների գործերն են լավանում, այսինքն՝ առաջընթաց չկա, բայց էլի փող են տալիս»:

Բանկի՝ Հայաստանում 2014-17 թվականների ռազմավարության ծրագրի առնչությամբ ՀԱԿ անդամը կարծիք հայտնեց, որ դա ընդամենը բառերի կույտ է, վստահություն չի ներշնչում:
«Ռազմավարության ներքո Հայաստանին աջակցություն կցուցաբերվի՝ մրցունակությանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված աջակցություն՝ բիզնես վարելու դյուրինացման, արտահանման ու տուրիզմի խթանման եւ ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով»,- գրված է ՀԲ ծրագրում: «Սա ինձ ոչինչ չի ասում, սա եղել է նախկինում էլ, ես համոզված եմ, որ նախկինում էլ այս ամենը չի կատարվել: Գրված է՝ փաստաթուղթը հիմնված է մինչեւ 2025 թվականի Հայաստանի զարգացման ռազմավարության հիման վրա. այստեղ մեծ բլեֆ կա: Չի կարող այսօրվա Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 25 թիվը կանխատեսում անել՝ նույնիսկ իր լավագույն ցանկություններով ու կարողությունները կիրառելով:

ՀԲ-ն ասում է՝ գյուղոլորտում արտադրողականության բարելավում, որը կարող է հանգեցնել ավելի մեծ տնտեսական աճի, որն էլ ընդհանուր բարեկեցության եւ աղքատության ավելի արագ նվազեցման կբերի: Ուրեմն այդպես չլիներ, ինչի մենք չգիտեի՞նք, որ արտադրողականության բարելավմամբ տնտեսական աճ է լինում, ի՜նչ մեծ հայտնագործություն: Ես վստահեցնում եմ՝ գյուղատնտեսական բնագավառում ոչինչ էլ չկա: Այս ոլորտի համախառն արտադրանքը եւ գյուղատնտեսության մեջ զբաղվածությունը որ բաժանում ենք՝ ծիծաղելի թիվ է ստացվում. մոտավորապես 780 միլիարդ դրամի արտադրանք՝ 450 հազար զբաղվածների պարագայում»: Նույն ռազմավարության մեջ գրված է՝ օժանդակություն կցուցաբերվի կառավարման եւ հանրային ծառայությունների ոլորտում ձեռնարկվող հակակոռուպցին միջոցառումների բարելավմանը, ռազմավարությունը կօգնի վերանայել գոյություն ունեցող հակակոռուպցիոն միջոցառումները, բարելավել հանրային վարչարարության արդյունավետությունը եւ խորացնել պետական ֆինանսների կառավարման բարեփոխումները: Այս առնչությամբ էլ պարոն Խաչատրյանը տարակուսանք հայտնեց. «Իրականում մեզ մոտ կոռուպցիան ավելի շատ է խորանում, եւ այդ ֆինանսների կառավարման բարեփոխումները, դա էլ չեմ հասկանում՝ ինչ է: Եթե նույնիսկ պետգնումները մատնանշեն կամ թեկուզ ուսումնասիրեն, ապա ֆանտաստիկ կոռուպցիոն ռիսկեր կտեսնեն: Օրինակ՝ 100 միլիոն դրամ իրենց օգնությամբ նախատեսված էր պարտադիր կուտակային կենսաթոշակների ծրագրի իրազեկման աշխատանքների համար, հիմա հարց՝ հասարակությունը տեղեկացվա՞ծ է, իհարկե՝ ոչ: Այս համակարգում կոռուպցիան դրված է առաջին գծի վրա, ուրեմն՝ նպատակը կոռուպցիան է, ոչ թե արտադրողականության բարելավումը եւ այլն, եւ ուրեմն որեւէ ֆինանսական այսպիսի ծրագիր չի կարող նպաստել նրան, ինչի մասին խոսում են»:

Համաշխարհային բանկն ինչո՞ւ չի հետեւում իր տրամադրած գումարների արդյունքներին, գուցե այն պատճառով, որ դա վա՞րկ է, եւ իրենք իրենց եկամուտները միեւնույն է՝ ստանալու են, մեր այս դիտարկմանը պարոն Խաչատրյանն ասաց, որ իրենց ձեռնտու է՝ Հայաստանը լինի կոռումպացված, որպեսզի հեշտ վերահսկելի լինենք, եւ ազդեցություն ունենան. «Հունգարիան պահանջեց փակել ՀԲ-ի գրասենյակը, մեղադրում էին՝ վարկ եք տալիս, հետո այդ գումարները հետ եք ստանալու հարկատուների հաշվին, բա ձեզ չի՞ հետաքրքրում՝ այդ ֆինանսավորման արդյունքն ի՞նչ եղավ: Փաստորեն Հայաստանի դեպքում էլ չի հետաքրքրում, միեւնույն է՝ հետ ստացվող իրենց փողի տերն են»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930