Տարիներ շարունակ թմբկահարվող փոքր ու միջին ձեռնարկչատիրության զարգացմանը խթանելու, նրանց նկատմամբ առանձնակի հոգածության մթնոլորտ ստեղծելու, ընդհուպ մինչեւ հարկային բեռի ու ավելորդ թղթատարության թեթեւացում եւ բազում ոգեւորող հորդորների արդյունքում հաջողությամբ ստեղծում ու բազմացնում ենք խոշոր ձեռնարկություններ, խաղատներ, սուպերմարկետներ, շինհրապարակներ, խանութներ։
Կյանքը բազմիցս է ապացուցել, որ մարդ անհատը, ինչռւ չէ՝ նաեւ հասարակությունը, դատապարտված է անհաջողության, եթե մոռացության է տալիս պարզագույն բնական օրինաչափությունները։
Բարեբախտաբար, մեր երկրի կառավարող այրերն առանձնակի ուշադրության են արժանացնում բնական երեւույթների արգասաբերությանը խթանելուն։ Սակայն անվիճելի է, որ նորածին երեխան անմիջապես քայլել անկարող է, դրա համար որոշակի ժամանակ է պետք։
Այս պարզունակ բնական օրինաչափությունների չիմացությունը կամ անտեսումը արգելակում է երկրում ՓՄՁ-ների զարգացմանը ու նրանց գործունեության արդյունավետությանը, հուշում է հանգամանորեն մտածել, թե որքանով է արդարացի այդ «մանր ու միջին»֊ներին հենց ստեղծման պահից արժանացնել հարկային համակարգի ուշադրությանը, ծանրաբեռնել հարկային պարտավորություններով, պարտադրել հաշվապահի ու իրավաբանի հաստիք, «սոցիալիստական սեփականության» անձեռնմխելիությունն ապահովող հաշվետվությունների ու հաշվապահական փաստաթղթերի փաթեթի ստեղծման համար։ Չէ՞ որ նրանք դեռ հասունանալու ու կայանալու կարիք ունեն՝ մինչեւ հարկատու տնտեսվարողի կարգավիճակին հասնելը։
ՓՄՁ անվանումն ինքնին հուշում է զործունեություն ծավալելու համար անհրաժեշտ ներդրումային միջոցներ, ձեռնարկատիրական գործունեություն երազողին ուղղորդում է դեպի մեր բանկային դժվարամարս համակարգ:
Ահա այս մեկնարկային պայմաններում հայտնված, նոր-նոր քայլեր կատարող գործարարը մինչ ամուր ոտքի կանգնելը կարիք ունի պետական աջակցության, իրական՝ հարկային վարչարարությունը զսպող, վարկային որոշակի արտոնություններ տվող պայմանների՝ մեկից երեք տարիների ընթացքում, որոնք կնպաստեն ՓՄՁ֊ների կայացմանը։
Ողջունելի է մինչեւ 70 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար սահմանված համեմատաբար մեղմ հարկման կարգը:
Սակայն միայն պարզեցվածից շահութահարկին անցում կատարելը 2-3 անգամ ավելացրել է հարկային բեռը, մի քանի անգամ տույժ-տուգանքները։ Երանի թե այդ կարգի՝ «բարեփոխումային օրինաստեղծագործությունների» իրավաչափությունը համաձայնեցվեր ՀՀ Սահմանադրական դատարանի, իսկ բարոյաչափությունը՝ Հանրային խորհրդի հետ։
Նոր «Շրջանառության» հարկի համակարգը, որը չմոռացված պարզեցված հարկումն է մինչեւ 3,5 % դրույքով՝ 70 մլն առավելագույն շեմի հասած տնտեսավարողից ակնկալում է տարեկան 2.450.000 դրամի հարկ։ Ցավոք, սահմանված չէ, սակայն խիստ անհրաժեշտություն կա սահմանելու, նաեւ շրջանառության այն նվազագույն շեմը, որի սահմաններում տնտեսավարողն անկարող է: Նա հարկ վճարելու պարտավորությունից կարող է ազատվել, ապահովելով գոնե մեկ աշխատողի արժանապատիվ աշխատավարձը եւ սոցիալական վճարները («Եկամտային հարկը»), այդ ընթացքում հնարավորություն ստանալով ոտքի կանգնել, շրջանառությունը մեծացնելով՝ նոր, հավելյալ աշխատատեղեր ապահովել։
Օրինակ, եթե ՓՁ֊ի տարեկան շրջանառությունը 1 կամ 2, թեկուզ 3 միլիոն դրամ է, սպասվելիք 20% շահութաբերությամբ (այդքան է մանրածախ առեւտրի առավելագույն ակնկալիքները), ինչպե՞ս գոյատեւի ու կայանա այդ ձեռնարկությունը, հարկ վճարի եւ պարբերաբար հաշվետվություններ տալով արժանանա հարկային համակարգի բարեհաճությանը։
Համոզված եմ՝ պետությունը մեծ վնասներ չի կրի, եթե մինչեւ 1 մլն դրամի սահմանում հարկը բաշխի ՓՁ տնտեսավարողին որպես կայացման հիմնադրամ: Դա դժվար թե գերազանցի երկրի հարկային զանգվածի 0.5% -ը եւ այդ համեստ նվիրատվության փոխարեն կստանա քաղաքացու վստահությունը, վաղվա օրվա լավատեսությունը, որից կօգտվի նաեւ պետությունը։ Մեկ խոշոր ձեռնարկատիրոջը տրված հարկային արտոնությունների չափով նվիրատվությունը հարյուրավոր ՓՁ֊ներ կկայունացնի։ Իսկ այդպիսի մոտեցումը ավելի քան 50.000 տնտեսավարողների կտրամադրի հետագայում «հարկերը վճարել ծաղիկ մատուցող սիրահարի զգացմունքներով»՝ ինչպես երազել է XVIII դարի գերմանացի գրող Նովալիսը։
Մեկ միլիոն դրամի հարկային պարտավորություն 3.5% դրույքով առաջանում է 28.5 միլիոն տարեկան շրջանառության պարագայում: Եթե այդպիսի նվիրատվությունը տնտեսավարողին կարող է շքեղություն համարվել, ապա 700.000 դրամի չափով բաշխումը ՓՁ-ի համար պարտադիր կենսական անհրաժեշտություն է։ Այդ կարգի հարկային պարտավորություն առաջանում է տարեկան 20 միլիոն շրջանառության դեպքում, կամ քիչ ավելի, քան 1.5 (1.67) միլիոն ամսական շրջանառության դեպքում, որը առեւտրում կարող է ապահովել ամսական 300.000 դրամից քիչ ավելի շահույթ։
Վերոնշյալ ամսական շրջանառությունն ապահովելու համար, կարծում եմ, առնվազն այդ թվի կրկնապատիկի չափ ապրանքային բազա պետք է ունենալ, որը հնարավոր է ապահովել միայն բանկային համակարգից կախվածությամբ՝ վարկ ստանալով: Ընդունենք՝ այդ վարկը 3 միլիոն է՝ երեք տարվա մարման ժամկետով: Դա կնշանակի ամսական 130.000 դրամի չափով վարկի վերադարձ, եթե 100.000 դրամ համեստ աշխատավարձով մեկ աշխատատեղ ստեղծվի, որը ենթադրում է 30.000 դրամի եկամտային հարկ, ապա ստացված շահույթից մնացորդը կլինի 40.000, որով պետք է ապահովի հարկային գործակալ՝ ՀԴՄ-ի ձեռքբերման արժեքը, հոգա կոմունալ ու տրանսպորտային ծախսերը, վարձավճարները, գովազդը եւ այլն:
Մեր մոտավոր հաշվարկները հուշում են, որ մինչեւ 20 միլիոնի տարեկան շրջանառություն ունեցող ՓՄՁ-ն ի զորու է ապահովել միայն մեկ աշխատատեղ՝ համապատասխան սոցվճարներով եւ ոչինչ ավելին: Միայն 30 միլիոնի տարեկան շրջանառության պարագայում հնարավոր է սպասել երկրորդ աշխատատեղի եւ շրջանառության հարկի ապահովմանը: Հակառակ պարագայում, իրականացվող «Բարեփոխումների» գովերգման մեղեդու տակ ՓՁ֊ները կճզմվեն հարկային մամլիչի տակ, կհամալրեն հազարավոր փակվող այդպիսի ձեռնարկությունների, խանութների, տասնյակ հազարների հասնող աշխատատեղերի ու գործազրկության մատնվածների ցանկը եւ միայն հարկային արտոնություններից օգտվող խոշոր ձեռնարկությունները կստեղծեն բնակչության լայն զանգվածներին անհասանելի խաղատներ, հանգստյան գոտիներ, սուպերմարկետներ, էլիտար շինություններ եւ այլն։
Նույն անհետացող ՓՁ-ների հաշվին կբարելավվի հարկերի գերհավաքագրման վիճակագրությունը, կարձանագրվի ՓՁ-ների զանգվածային անհետացման վիճակագրությունը, միգրացիոն ծառայությունները՝ զանգվածային արտագաղթի, իսկ ԱԻՆ ծառայությունները՝ Հրազդան գետի կամուրջներից ցած նետվողների վիճակագրությունները։ Ահա այսքան հույժ կարեւոր ծառայություններ կգործեն անխափան եւ գերծանրաբեռնվածությամբ նոր աշխատատեղերի ու բարձր աշխատավարձի պահանջ ներկայացնելով: Ցավոք, միայն բարիք ստեղծողների ու հարկ վճարողների տեսակը կանհետանա։
ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՓՁ տնօրեն
կենսաթոշակառու
«Առավոտ» օրաթերթ