Սեպտեմբերին Ռոջեր Ուոթերսը ավարտեց երեք տարի տեւած եւ ընդհանուր առմամբ 219 համերգներից բաղկացած համաշխարհային The Wall Live շրջագայությունը, ինչը նրան հնարավորություն տվեց սեւեռել ողջ ուշադրությունը իր գալիք ձայնասկավառակի վրա: Այն կդառնա Ուոթերսի առաջին ռոք ալբոմը՝ 1992-ին թողարկված Amused To Death-ից ի վեր: Rolling Stone ամսագրին վերջերս տված իր հարցազրույցում երաժիշտն ասել է. «Անցած գիշեր ես ավարտեցի դրա դեմո ձայնագրությունը: Այն 55 րոպե տեւողություն ունի: Դա եւ երգեր են, եւ թատրոն: Ես այս պահին շատ բան չեմ ցանկանում ասել: Բայց այն ռադիոպիեսի ձեւ ունի: Այն կերպարներ ունի, որոնք խոսում են միմյանց հետ, եւ դա որոնում է: Այն մի ծեր մարդու եւ փոքր երեխայի մասին է, ովքեր փորձում են հասկանալ, թե ինչու նրանք պետք է երեխաներ սպանեն»:
Ավելի վաղ BBC World News-ի HARDtalk հաղորդման ընթացքում, Ուոթերսն արդեն անդրադարձել էր նոր սկավառակ ձայնագրելու գաղափարին: «Վերջերս ես մի քանի առաջխաղացում եմ ունեցել, որոնց մասին հիմա չեմ խոսի, բայց ես պատրաստվում եմ նոր ձայնագրություն անել: Ես շատ, շատ ուժեղ մտահղացում ունեմ, եւ ես այն կհետապնդեմ եւ կանեմ առնվազն եւս մեկ ձայնագրություն: Ես իսկապես անհամբեր սպասում եմ, թե երբ կկարողանամ ատամներս մխրճել դրա մեջ», – ասել էր նա:
Նա դեռ չի որոշել, թե արդյո՞ք նոր ձանասկավառակի օգտին շրջագայություն կկազմակերպի: «Ես դեռ մի փոքր ուշքի եմ գալիս The Wall Live շրջագայությունն ավարտելուց հետո, – ասել է Ուոթերսը, – դա մի տեսակ սփոփիչ զգացմունք է, որ չպետք է դուրս գաս եւ դա անես ամեն երեկո, բայց նրանք այնքան հիանալի թիմ են: Մենք 180 հոգի էինք միասին ամեն օր: Այդ պահը շատ սրտառուչ էր»:
Հսկայական այդ շոուն ողջ երկրագնդի շուրջ բեմադրվել էր 219 անգամ եւ $458,000,000 եկամուտ է բերել: «Ես չեմ կարող գերազանցել այդ շրջագայությունը, – նշել է երաժիշտը, – առաջին հեթին, պետք է ընդունել այն փաստը, որ ես հավերժ չեմ ապրելու: Ես 70 տարեկան եմ: Դու ուղղակի պետք է ընդունես դա, երբ այդ շրջագայության նման ահռելի բան ես անում: Աշխարհում ամենադժվար բանն ինչ-որ բան մտածել եւ անելն է, այնպես որ, դա իրագործելն ինքնին պարգեւ է»: Այնուամենայնիվ, Ուոթերսը հրաժարվեց լիովին բացառել The Wall շրջագայությունը երբեւէ կրկին կյանքի կոչելու գաղափարի հնարավորությունը. «Ես կարծում եմ, որ հանդիսատեսը կա: Մենք 219 համերգ ենք նվագել, ինչը շատ է: Այս պահին ես դրա մասին չեմ մտածում: Բայց դա չի նշանակում, որ ես ասում եմ, թե ես դա չեմ անի»:
Հիշեցնենք, որ Ռոջեր Ուոթերսի վերջին ռոք ձայնասկավառակը Amused To Death-ն էր, որը լույս էր տեսել 1992-ին եւ 8-րդ տեղն էր զբաղեցրել բրիտանական չարթերում: Դրանից հետո նրա միակ լիարժեք ձայնագրությունը 2005-ի հայտնի օպերան էր, որը Ուոթերսը գրել էր Էթիեն Ռոդա-Ժիլի եւ Նադին Դելահայի` ֆրանսիական լիբրետոյի հիման վրա: Գալիք ձայնասկավառակը կդառնա Ռոջեր Ուոթերսի 5-րդ սոլո ձայնասկավառակը եւ նրա 4-րդ անհատական ռոք ալբոմը:
Հայկական ռոք ասոցիացիա