Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գանձակյան գրառումներ

Նոյեմբեր 28,2013 13:40

25 տարի առաջ նոյեմբերի 28-ի վաղ առավոտյան «ՄԻ-8» ուղղաթիռը թափքում ունենալով միայն երեք ուղեւոր՝ հեռուստամեկնաբան Բակուր Կարապետյանը, հեռուստաօպերատոր Ռուբեն Խաչատրյանն ու Հայկական ԽՍՀ-ում տեղակայված 7-րդ բանակի շտաբի փոխգնդապետ Միխայիլ Երշովը, Երեւանի «Էրեբունի» օդակայանից ուղղություն վերցրեց դեպի ադրբեջանական Գանձակ-Կիրովաբադ քաղաքը:
Թռիչքն աննախադեպ էր, քանի որ քաղաքացիական օդանավերին արգելված էր հատել այդ երկու հանրապետությունների միջեւ սահմանը:

Երեւանում հակասական ու տագնապալի լուրեր էին պտտվում Գանձակ-Կիրովաբադում ու նրա շրջակա հայկական բնակավայրերում սկսված հայ բնակչության ջարդերի մասին: Նոյեմբերի 22-ի առավոտյան Լոս Անջելեսից մի լրագրող հեռախոսով կապվեց ինձ հետ եւ հարցրեց.
-Ճի՞շտ են ասում, որ Գանձակում արդեն երեք հարյուր հայ զոհ կա:

Խնդրեցի մի քանի օր հետո զանգել, մինչեւ ստույգ տեղեկություններ հավաքեմ: Իսկ լրագրողական ամենաստույգ տեղեկությունը տեղում լինելու միջոցով է հավաքվում: Իսկ հեռուստալրագրողի գործը ավելի է դժվարանում, սակայն նրա նկարահանումներն ավելի քան ստույգ են ու հավաստի: Սումգայիթյան ջարդերի ու ահասարսուռ իրադարձություններից հետո 1988-ի մարտի 27-ին տեսախցիկով մեկնել էի ոճրագործների քաղաքն ու տասը օր հանդիպումներ ունեցել ահասարսուռ դեպքերի ականատեսների, զոհերի՝ հրաշքով փրկված հարազատների հետ, տեսագրել նրանց հետ զրույցները, նկարահանումներ կատարել սումգայիթյան մի քանի ձեռնարկություններում եւ ինստիտուտում, անվնաս վերադարձել Ստեփանակերտ: Բազում անգամներ եղել եմ Լեռնային Ղարաբաղի տաք կետերում, այդ թվում՝ Շուշիում, ճշմարիտ տեղեկություններ բերել: Այդ նկարահանումներն օգնել են միջազգային հասարակական կարծիքի ճիշտ կողմնորոշմանը, Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ճիշտ գնահատմանը: Դրանք նպաստել են տեղեկատվական պատերազմում կանխելու Ադրբեջանի քարոզչության ապատեղեկատվությունը:

Ինձ հաջողվեց համոզել ՀԽՍՀ-ում տեղակայված զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վ. Սամսոնովին թույլատրելու քաղաքացիական ուղղաթիռով Կիրովաբադի հայկական թաղամաս հասնելու, նկարահանելու իրական պատկերն ու ճշմարիտ տեղեկատվություն հաղորդելու ժողովրդին, այդպես կանխելով ավելորդ լարումը, զորքերի հետ հնարավոր ընդհարումները:

Վաղ առավոտյան թռիչքին պատրաստ ուղղաթիռի մոտ մեզ էին սպասում հրամանատար Յուրի Գասպարյանը, երկրորդ օդաչու Գառնիկ Դանիելյանն ու բորտի մեխանիկ Էդուարդ Հարությունյանը, որոնք կամավոր ստանձնել էին աստիճանաբար հայության նկատմամբ թշնամական դիրք գրավող հարեւան հանրապետություն թռիչք իրականացնելու վտանգավոր գործը: Յուրիի հետ սա իմ առաջին թռիչքը չէր: Նկարահանող խմբով Ուրենգոյ-Ուժգորոդ գազատարի Ուկրաինական Ուժգորոդ էի մեկնել, որտեղ կառույցի տարբեր տեղամասեր հենց Յուրիի ուղղաթիռով էինք մեկնում: Գազատարի դժվարին հատվածները վստահվել էր երեւանյան «Տրանսգազշին» տրեստի շինարարներին՝ Սենիկ Գեւորգյանի գլխավորությամբ: Հետո Յուրիին հանդիպեցի միջինասիական ավազուտներում, որտեղ գազատար էր անցկացնում նույն կազմակերպությունը:

Շուտով երեւացին Գարդմանքի (Հյուսիսային Արցախ) լեռների փեշերին ծվարած հայկական բնակավայրերը: Մեր առջեւ ուրվագծվեց Մածնաբերդ-Մեծաբերդը: Անշուշտ, այն Հյուսիսային Արցախի Տիգրանակերտն է: Հենց բերդի անվան «Մեծ» մասնիկը հաստատում է Տիգրան Մեծի անվան հետ կապը: Արցախյան մյուս Տիգրանակերտ բերդաքաղաքը գտնվում է Մարտակերտից ոչ հեռու Իշխանասարի փեշին: Գարդմանքի անառիկ բերդերը՝ Մեծաբերդը, Չարեքաբերդը, Քարհերձը, Գարդմանը, Չիրաղաձորը Հարավային Արցախի ամրությունների հետ ամուր պատվար էին դեպի Մեծ Հայքի սիրտը՝ Արարատյան նահանգը արեւելքից եկող նվաճողների արշավանքների դեմն առնելու համար: Գարդմանից բերդերի թիկունքում հայոց մշակութային կենտրոններն էին՝ Չարեքավանքը, Թարգմանչացը, Խաչկապը, Բանանցը, Ոսկանապատը, Կարմիր վանքը, Շամքորը, տասյակ բնակավայրեր իրենց եկեղեցիներով, ժամատներով, նախնյաց հանգստարաններով: Վերջին 200 տարիների ընթացքում այդ վանքերն ու գյուղերի հայությունը գանձակցիների հետ միասին կենաց եւ մահու պայքար էին մղում հայկական մշակութային ժառանգության մաս կազմող ուրույն մշակույթը պահպանելու, իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար: Սակայն եկվոր տարրն արդեն գրոհում է, բռնի ուժով փորձում բռնագաղթի ենթարկել, իր հողից պոկել հայության այս հատվածը եւս: Անշուշտ, 1915-ին սկսած հայակործան ծրագիրը դեռեւս գործում է:

Ձախ կողմում երեւաց Չարդախլուն՝ ԽՍՀՄ հայտնի զորահրամանատարներ Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի հայրենի գյուղը: Քիչ անց ուղղաթիռը պտտվեց Բարում գյուղի շուրջն ու վայրէջք կատարեց գյուղի կալատեղում: Նոսր ձյուն էր տեղում: Բոլոր կողմերից մարդիկ վազում էին դեպի ուղղաթիռը: Մի կին ձեռքերը լայն տարածած, ծնկաչոք դեպի ուղղաթիռն էր գալիս: Անձնակազմի հոգսը մարդկանց ուղղաթիռի պոչամասի պտուտակի թիակների հարվածից զերծ պահելն էր: Մի շաբաթ առաջ են ադրբեջանական գրոհայինները պաշարման մեջ առել գյուղը: Կանայք ու երեխաները գիշերները պատսպարվում են Գառնակերի հին գյուղում, իսկ տղամարդիկ որսորդական հրացաններով ետ են մղում ադրբեջանցիների գրոհները: Մենք պատվիրեցինք, որ պատրաստեն երեխաներին, ետ վերադարձին Երեւան տանելու համար:

Ուղիղ դեպի Կիրովաբադ ենք թռչում: Երեւաց հարթավայրային քաղաքը: Յուրան չէր պատասխանում ադրբեջանցի դիսպետչերների հարցապնդումներին: Իջանք հայկական գերեզմանոցում: Տարիներ առաջ ես այստեղ լուսանկարել էի տապանաքարերի բարձրաքանդակներն ու դամբանագրերը, որոնք հայ արվեստի ու պոեզիայի ուրույն նմուշներ են:
Կիրովաբադցի մի ընկեր ինձ հուշել էր, որ ամենաճիշտը դպրոցի բակում իջնելն էր, որտեղ գրոհայինները չէին կարող հարձակվել ու գրավել ուղղաթիռը: Մենք նորից օդ բարձրացանք ու սկսեցինք պտտվել եկեղեցու շուրջը, որի մոտ մարդիկ էին կուտակվել: Վերջապես, ուղղաթիռը իջավ դպրոցի նեղ բակում: Այն անձնակազմից հատուկ հմտություն էր պահանջում: Չորս կողմից բազմությունը դեպի ուղղաթիռն էր վազում: Մարդիկ հուզմունքից լաց էին լինում: Երիտասարդները ձեռք ձեռքի տված պահում էին ամբոխը, որ թիակների հարվածի տակ չընկնեն: Ինձ ու Ռուբենին տղաները ուղեկցեցին դեպի եկեղեցի: Նրանք ցույց էին տալիս դպրոցի ջարդած պատուհանները ու պատմում հայկական թաղամասում սեւազգեստ ջարդարարների երթի, ավերածությունների, պատահած մարդկանց խոշտանգումների մասին: Զինված գրոհային ջոկատները 40 հազար բնակչություն ունեցող հայկական թաղամասը սեղմ պաշարման մեջ էին առել, ու օղակը օր օրի սեղմվում է, նոր հատվածներ գրավում: Ուժերն անհավասար էին: Հայերը հավաքվել էին եկեղեցում: Ասես մարդիկ վերհիշել են խոր անցյալի համայնական կարգերն ու սկսել համատեղ ապրել ու պաշտպանել ապրելու իրենց իրավունքը: Մտանք հին դպրոցը, որը ռազմական հոսպիտալ էր հիշեցնում: Ամեն ժամ այստեղ էին բերում նոր վիրավորների, խոշտանգվածների: Նրանք պատմում էին ադրբեջանցիների կողմից հալածանքների, ջարդերի, սպանությունների մասին: Ամեն օր մի քանի տուն են թալանվում ու հրկիզվում: Ամեն տան համար կռիվներ են ընթանում: Դպրոց-լազարեթում շուրջ 250 վիրավորներ, բռնաբարվածներ կային: Ռուս կին հայտնվեց օբյեկտիվի առաջ ու պահանջեց, որ փրկենք իրենց, քանի որ ռուս բնակչության վրա էլ էին հարձակումներ գործում:

Ողջ Ադրբեջանով մեկ էթնիկական զտում էր սկսվել: Ադրբեջանում շուրջ 800 հազար հայեր էին ապրում, չնայած պաշտոնական տվյալներով 500 հազար էր հայտարարվում: Անշուշտ, ՀԽՍՀ-ն հազիվ թե կարողանա միանգամից ընդունել եւ կենսապայմաններ ապահովել այդքան բռնագաղթվածներին:

Մեզ հաղորդեցին, որ օդաչուները շտապ կանչում են մեզ, քանի որ ուր որ է ադրբեջանական ուղղաթիռները կգան ու կձերբակալեն մեր օդանավը: Նկարահանումները կիսատ թողնելով՝ դեպի ուղղաթիռը շտապեցինք: Պատմեցին, որ ՕՄՕՆ-ականների 30 հոգիանոց զինված մի ջոկատ փորձում է ճեղքել պաշտպանական գիծն ու դեպի ուղղաթիռը գալ: Ուղղաթիռն արդեն օդում էր, երբ ես կառչելով աստիճաններից, օդանավի թափք մտա: Յուրան հայտնեց, որ կիրովաբադցի դիսպետչերը հրահանգել է սպասել, մինչեւ իրենց ուղղաթիռները գան:
-Նրանք ուզում են գալ, փակել մեր թռիչքի ճանապարհը, -ասաց ուղղաթիռի հրամանատարը:
Հետագայում Երեւան եկած կիրովաբադցիները պատմում էին, որ ադրբեջանական չորս ուղղաթիռ պտտվում էին երկնքում, փնտրում հայկական ուղղաթիռը: Իսկ Յուրան հասցրել էր ուղղաթիռը քողարկել ամպերի ետեւում:

Ես թափքի նստարանի տակ փնտրում էի իմ պայուսակը: Ռուբենն այդ պահին ձեռքի ափով հարվածեց իր ճակատին:
-Ի՞նչ է պատահել, -հարցրի ես:
-Պայուսակդ, որի մեջ մարտկոցն էր ու լիցքավորող սարքը, թողել եմ դպրոց-լազարեթում:
Ետ ճանապարհին մենք իջանք Բարում գյուղի կալատեղում, որտեղ մեզ էին սպասում մայրերն ու պառավ կանայք՝ երեխաների հետ: Բարումցի 52 երեխաների իրենց մայրերի ու տատիկների հետ տեղավորեցինք ուղղաթիռի թափքում ու տարանք Երեւան, գյուղի տղամարդկանց թողնելով ճակատագրի քմահաճույքին:
Երեկոյան ես տուն մտա:
-Վայ, ցեխոտ կոշիկներով տուն մի՛ մտիր, -ասաց կինս:
-Սա հասարակ ցեխ չէ, Կիրովաբադ-Գանձակի ցեխն է…,-հպարտությամբ ասացի ես:
Զանգեցի հեռուստպետկոմի նախագահի առաջին տեղակալ Գուրգեն Ամբարյանին՝ հայտնելով կիրովաբադյան նկարահանումների մասին: Նա շատ սառն ընդունեց նորությունը: Խնդրեցի նախագահին տեղյակ պահի նկարահանումների մասին:
-Հեռուստպետկոմի նախագահը դարդ ու ցավ չունի, քո կիովաբադյան նկարահանումների մասին պիտի մտածի, -պատասխանեց կենտկոմից նշանակված պաշտոնյան:
Հաջորդ օրը զորամիավորման քաղբաժնի պետ, գնդապետ Միխայիլ Սուրկովը Զորի Բալայանի հետ հեռուստաստուդիա եկան՝ նախապես դիտելու կիովաբադյան նկարահանումները: Դիտելուց հետո քաղբաժնի պետն ասաց, որ այս կադրերը եթեր չի կարելի տալ, քանի որ ժողովուրդը փողոց դուրս կգա…
Հեռուստպետկոմի ղեկավարությունն արգելեց Կիրովաբադի իրադարձությունների շուրջ ֆիլմ մոնտաժել: Թե Բաքվում եւ թե Երեւանում տարբեր հաղորդումներում ու ֆիլմերում հաճախակի էին օգտագործում կիրովաբադյան մեր նկարահանած կադրերը: Բաքվի հակահայկական ֆիլմերից մեկում բարումյան կադրերը որպես իրենց փախստականների մասին պատմող տեսարան են ներկայացրել: Տեղեկատվական պատերազմ է, եթե դու չես օգտագործում, թշնամին քո իսկ զենքով քեզ է հարվածում:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թեղուտ says:

    Հարգելի լրագրող, խնդրում եմ, հուշեք, թե որտեղ գտնեմ այդ տեսագրությունը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930