Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերջնական շտկումները Վիլնյուսում` երեկոյան ընթրիքին

Նոյեմբեր 28,2013 13:02

Վիլնյուսում արդեն մեկնարկել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ֆորումը: Ֆորումը տեղի է ունենում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:

Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ գագաթնաժողովի նիստերը և փաստաթղթերի ստորագրման աշխատանքները տեղի կունենան վաղը` նոյեմբերի 29-ին: Իսկ այսօր կկայանա Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումը: Նրանք կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումները Արևելյան գործընկերության հեռանկարների կապակցությամբ:

Այսօր ակնկալվում է նաեւ Եվրամիության 28 երկրների ղեկավարների հանդիպումը` Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար:

Վեհաժողովին վերաբերող վերջնական շտկումները կկատարվեն աշխատանքային ընթրիքի ժամանակ, որին կմասնակցեն Եվրամիության անդամ 28 երկրների ղեկավարները, Եվրամիության ղեկավարները, ինչպես նաև արևելյան գործընկեր պետությունների առաջնորդները և բարձրաստիճան ներկայացուցիչները:

Մինչ ընթրիքը, Արևելյան գործընկերության երկրների ղեկավարները հանդիպումներ կունենան Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունն ունեցող և ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդների հետ:

Ուրբաթ օրը Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն կհանդիպի նաև արևելյան գործընկեր պետությունների ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Ի դեպ, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի պաշտոնական մամլո հաղորդագրությունում նշված է, որ քաղաքական օրակարգի առաջին և գլխավոր հարցը` գագաթնաժողովի նախաշեմին Ուկրաինայի դիրքորոշման անսպասելի փոփոխությունը: Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները որոշում կայացրեցին վեց ամսով հետաձգել ԵՄ-ի հետ ասոցացման, Խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը:

Ըստ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի պաշտոնական մամուլի հաղորդագրության, գերիշխում է այն տեսակետը, որ Արևելյան գործընկերության ծրագրի ապագան չի կարող և չպետք է զոհ գնա Ուկրաինայի որոշմանը:

Ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նախօրեին Լիտվայի արտգործնախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Վիլնյուսում հակառուսական մի հռչակագիր է ընդունվելու:

Ավելի վաղ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ լիտվական կողմը հակառուսական մի հռչակագիր է պատրաստել, որում առաջարկում է Եվրամիության երկրներին դատապարտել Ռուսաստանի կողմից իմպերիալիստական ճնշումները իր հարևան երկրների նկատմամբ, բացի այդ՝ աջակցություն հայտնել դեպի Եվրոպա ձգտող Ուկրաինայի ժողովրդին:

Արդեն հայտնի է, որ գագաթաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

Գերմանական Deutsche Welle-ի փոխանցմամբ, Գերմանիայի կանցլերը երեկ Բեռլինում հայտարարել է, որ ցանկանում են Եվրամիության հետ ասոցացման դռները Ուկրաինայի համար բաց պահել: Մերկելը նաեւ հայտարարել է, որ Եվրոպային մոտենալը մինչև հիմա մշտապես ընկալվել է որպես հեռացում Ռուսաստանից. Ըստ կանցլերի, պետք է վերջ դնել սառը պատերազմի տրամաբանությամբ մտածելու սովորությանը` «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով: Սառը պատերազմը վերջացել է, երկրները պետք է իրենց կամքով որոշումներ կայացնեն, ասել է Գերմանիայի կանցլերը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930