Հայաստանի Օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Երևան են ժամանել յոթ ճանաչված իրավապաշտպաններ: Փակ հաստատություններում Հայաստանի Օմբուդսմենի մոնիթորինգային փորձը համարելով օրինակելի` Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է փորձի փոխանակման այս ծրագիրը, որի նպատակն է ռուս իրավապաշտպաններին ծանոթացնել Հայաստանի Օմբուդսմենի ինստիտուտում գործող Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի արդյունավետ գործունեությանը:
Հայաստանում ռուս իրավապաշտպանների վերապատրաստման այս նախաձեռնությունն իրականացվում է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի և Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Լուկինի համագործակցության շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և խտրականության դեմ պայքարի դիրեկտորիատի աջակցությամբ:
Եռօրյա այցի ընթացքում ռուս իրավապաշտպաններն այցելել են բանտեր, ոստիկանության բաժանմունքներ, հատուկ դպրոցներ և հոգեբուժարաններ: Այցերի ժամանակ Հայաստանի Օմբուդսմենի ինստիտուտում ձևավորված Բռնությունների կանխարգելման մեխանիզմի իրավապաշտպանները ռուս գործընկերներին ներկայացրել են փակ հաստատություններում մոնիթորինգ իրականացնելու իրենց փորձն ու հմտությունները, ինչպես նաև անցկացրել են գործնական աշխատանքներ:
Նոյեմբերի 29-ին տեղի կունենա այցի ամփոփիչ քննարկումը, որի ընթացքում ռուս իրավապաշտպանները Հայաստանի Օմբուդսմենին կներկայացնեն այս ընթացքում ստացած իրենց տպավորությունները: Օմբուդսմենի հետ հանդիպմանը կմասնակցեն նաև տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպումը լուսաբանելու համար նոյեմբերի 29-ին` ժամը 11.00-ին լրատվամիջոցներին հրավիրում ենք Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի կոնֆերանս սրահ:
Պաշտպանի աշխատակազմ