Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատությունը նվազում է. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 28,2013 12:52
murackan

Ինչպես վկայում է նախօրեին հրապարակված վիճակագրական ծառայության զեկույցը, աղքատությունը Հայաստանում մի փոքր նվազել է

Թեեւ աղքատության մակարդակը անցած տարվա տվյալներով նվազել է, այնուհանդերձ շարունակում է մտահոգիչ լինել։ Վիճծառայության վերջին հետազոտություններով, 2012թ. աղքատների թիվը Հայաստանում եղել է 980 հազար, ինչը չափազանց շատ է ընդամենը 2,7 մլն բնակչություն ունեցող երկրի համար։
Այնուհանդերձ այս առումով սկսում են նկատվել դրական միտումներ։ Նամանավանդ տեւական ժամանակ աղքատությունը Հայաստանում անընդհատ խորանում էր։ Երեւույթը նկատվեց 2009թ. ճգնաժամից հետո, երբ տնտեսությունը միանգամից ավելի քան 14 տոկոս անկում ապրեց։
Որքան էլ սովորաբար աղքատությունը անմիջականորեն առնչվում է տնտեսական գործընթացների հետ, այնուհանդերձ Հայաստանում բավականաչափ մեծ է նաեւ այլ գործոնների դերակատարությունը։ Խոսքը վերաբերում է հատկապես դրսի աղբյուրների հաշվին բնակչության կողմից տնօրինվող եկամուտներին, մասնավորապես արտաքին ֆինանսական տրանսֆերտներին, որոնք ճգնաժամից անմիջապես հետո կտրուկ՝ ավելի քան 25 տոկոսով կրճատվեցին։
Այս ամենով պայմանավորված՝ Հայաստանում աղքատության մակարդակը մի պահ ընդհուպ մոտեցավ մինչեւ 35,8 տոկոսին։ Այն դեպքում, երբ 2008թ. աղքատ էր բնակչության 27,6 տոկոսը։
Երկու-երեք տարի շարունակ ցուցանիշը գրեթե փոփոխության չենթարկվեց։ Եվ դա պատահական չէր, եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում բնակչության, հատկապես սոցիալական խոցելի խմբերի ներքին եկամուտները շատ դանդաղ էին ավելանում, եթե անգամ ավելանում էին։ Բյուջետային միջոցների սղության պատճառով կառավարությունն այդ ընթացքում հիմնականում ձեռնպահ մնաց ինչպես կենսաթոշակների, այնպես էլ աշխատավարձերի բարձրացումից։ Մի բան, որը բարձր գնաճի պայմաններում թույլ չտվեց քիչ թե շատ դրական տեղաշարժեր գրանցել աղքատության ցուցանիշներում։
Տնտեսության դանդաղ վերականգնումը նույնպես լուրջ գործոնի չվերածվեց։ Եթե 2010թ. Հայաստանում գրանցվեց 2,2, ապա 2011թ.՝ 4,7 տոկոս տնտեսական աճ։ Այն շատ ավելին էր հաջորդ տարի՝ 7,2 տոկոս։
Թե որքանով է դա նպաստել հասարակության եկամուտների ավելացմանը, դժվար է ասել։ Ըստ էության, նման հետազոտություն չի անցկացրել նաեւ վիճակագրական ծառայությունը։ Բայց որ այդ պայմաններում 2012թ. աղքատության ոլորտում դրական միտումներ են նկատվել, վկայում է պաշտոնական վիճակագրությունը։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930