Ի վերջո, Հայաստանի պարագայում ընտրությունը կատարված է: Եվ Հայաստանն էլ հստակ ուրվագծել է շրջանակը. ԵՄ հետ հնարավորինս սերտ համագործակցություն այն չափով, որ չափով այս կամ այն քայլը չի հակասի կամ խոչընդոտի Մաքսային միության հետ մեր երկրի հնարավոր համագործակցությանը:
Անցած մոտ 3 ամիսներին հաջողվե՞լ է որոշակիորեն ձեւակերպել ու փոխհամաձայնեցված փաստաթղթի տեսք տալ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ Հայաստանի ու Եվրամիության ցանկություններին ու ձեւավորված նոր իրավիճակում ունեցած իրական հնարավորություններին կամ նախանշել համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները: Դատելով շրջանառվող տեղեկություններից ու փորձագիտական տարբեր շրջանակների դիտարկումներից՝ կարծես հաջողվել է: Ըստ այդմ, հնարավոր է, որ Վիլնյուսում կոնկրետ Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրվի փաստաթուղթ, որով, նախ, կարձանագրվեն ու կամփոփվեն մինչ այժմ կատարած համատեղ աշխատանքի արդյունքներն ու կնախանշվեն հետագա համագործակցության շրջանակներն ու նպատակադրումները: Դրանք, հասկանալի է, չեն լինի Ասոցացման ու Խորը եւ համապարփակ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցված փաստաթղթերը: Ոմանք, նշում են, որ ընդամենը հռչակագրային մի բան կլինի: Սակայն չենք կարծում, թե առկա իրավիճակում արժե նման քամահրանքով վերաբերվել թեկուզ հռչակագրային բնույթի համատեղ հայտարարությանը: Վերջիվերջո, Վիլնյուսից հետո կյանքը չի ընդհատվելու եւ կանգ չի առնելու:
Վիլնյուսի գագաթաժողովը, կարծում ենք, Եվրամիության արեւելյան էքսպանսիայի 15-20-ամյա գործընթացում կլինի եւս մի հանգրվան, որը թույլ կտա ամփոփել հետխորհրդային 5-6 երկրներ եւս Ռուսաստանի աշխարհաքաղաքական ու տնտեսական ազդեցության գոտուց խլելուն, բայց անմիջականորեն ԵՄ չընդգրկելուն միտված վերջին 4-5 տարվա այս փուլը: Հասկանալի է նաեւ, որ Եվրամիությունը չի հրաժարվելու իր մտադրություններից, ու շփումները, համագործակցությունը Արեւելյան գործընկերության երկրների հետ շարունակվելու են: Կանխատեսելի է, որ Եվրամիությունը որոշակի սրբագրում ու ճշգրտումներ կկատարի իր այդ «մեծ ծրագրերում»՝ հաշվի առնելով իրողությունները: Սկզբունքորեն նման կացություն ստեղծվեց նաեւ նրա հետեւանքով, որ բոլոր այդ «ընդարձակման» ծրագրերը հանգում են Ռուսաստան-Արեւմուտք՝ երբեմն բորբոքվող, հիմնականում՝ խուլ հակամարտությանը: Այս փուլում Եվրամիության հիմնական վրիպումներից մեկը թերեւս այն է, որ Բրյուսելը «խաղն» սկսեց բացարձակապես հաշվի չառնելով Մոսկվայի միանգամայն սպասելի հակադարձ արձագանքը, նույնիսկ բանի տեղ չդնելով: Հայաստանը պետք է ձգտի չհայտնվել նշված հակամարտության «բախման կետերում», միաժամանակ հնարավոր առավելագույնը քաղել թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի հետ իր հարաբերություններում: Մի կողմից՝ մեզ համար կենսական անհրաժեշտություն է երկրի ու Արցախի պաշտպանունակության ու անվտանգության ապահովումը, մյուս կողմից՝ շատ լավ կլինի, եթե տնտեսական, իրավական, սոցիալական առումներով ուղենիշ վերցնենք «եվրոպական չափանիշներն» ու զարգացնենք մեր պետությունը:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում