Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ կալանավորվել են ևս 13 քաղաքացիներ, որոնցից մեկի՝ Հայկ Հարությունյանի շահերի պաշտպանությունը նոյեմբերի 11-ից իրականացնում է փաստաբան Արտեմ Ալեքսանյանը։ Հայտնի է, որ այս գործով կալանավորվածներին առաջադրվել է միևնույն մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մաս՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով։
Արդյո՞ք Հայկ Հարությունյանը ընդունում է իրեն ներկայացված մեղադրանքը, և ինչպե՞ս է պատրաստվում փաստաբանն ապացուցել իր պաշտպանյալի անմեղությունը։ Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Արտեմ Ալեքսանյանի հետ։
– Դուք ծանոթացել եք Հայկ Հարությունյանի մեղադրանքին, կա՞ն արդյոք ապացույցներ, որ նա բռնություն է կիրառել պաշտոնատար անձի նկատմամբ։
– Հենց սկզբից ասեմ, որ նման պրովոկացիա և գործ կարող են սարքել յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, և հենց դրանով է այսօրվա Հայաստանը բնորոշվում՝ որպես ոստիկանապետություն։ Բացատրեմ, թե ինչու եմ ասում՝ յուրաքանչյուրիս նկատմամբ։ Փողոցում քայլող յուրաքանչյուր մարդու կարող է մոտենալ քաղաքացիական հագուստով մի անձ և խոչընդոտել նրա տեղաշարժը։ Կարող է ասել, որ դու իրավունք չունես քայլել, կամ գնալ այնտեղ, ուր գնում ես։ Բնական է, որ կառաջանա վեճ, քաշքշոց, և, երբ այդ անմեղ քաղաքացուն կալանավորեն, նրան մեղադրանք կներկայացնեն իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն իրականացնելու մեջ։
Կարդացեք նաև
Շանթ Հարությունյանն իր մի խումբ համախոհների հետ մտադիր էր խաղաղ երթ անցկացնել, որն օրենքով արգելված չէ։ Քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ փորձել են խոչընդոտել այդ երթը, և առաջացել է վեճ, քաշքշուկ, փոխադարձաբար հարվածել են իրար։
Որպես իմ պաշտպանյալ Հայկ Հարությունյանի մեղքի ապացույց՝ ներկայացնում են այդ օրվա տեսագրությունը, որտեղ պարզ երևում է, որ Հայկը փորձում է բաժանել Շանթին և նրա վրա հարձակված քաղաքացիական անձանց։ Այդ տեսագրություններում չկա մի դրվագ, որտեղ Հայկը հարվածում կամ քաշքշում է ոստիկանական համազգեստով մարդկանց։ Ավելին, երբ նրան փորձում են ձերբակալել, և ոստիկանները փորձում են ոլորել նրա ձեռքերը, նա ասում է, որ ինքը կամավոր կնստի ոստիկանական մեքենան, նույնիսկ ձերբակալման պահին նա դիմադրություն ցույց չի տալիս։
– Բայց նա, այնուամենայնիվ, հարվածել է քաղաքացիական հագուստով անձանց։
– Կադրերում նման բան չի երևում, բայց եթե նույնիսկ լինի էլ, ես կարծում եմ, որ դա հանցագործություն չէ, մարդն ինքնապաշտպանության իրավունք ունի, դա մարդու բնական իրավունքն է։ Հայկը հայրենիքի պաշտպան է, ազատամարտիկ, ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողություններին։ Եվ եթե նա թուրքի հետ հարաբերվել է՝ որպես հերոս, նա չէր կարող փողոցում իր վրա հարձակված անձանց հետ վարվել՝ որպես նապաստակ, բնական է, որ նա պետք է պաշտպաներ իր անձը և իր ինքնասիրությունը։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում