Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեսարանների կոչ, պարեր ու երգեր՝ թշվառության ֆոնին

Նոյեմբեր 28,2013 14:26

Ինչե՞ր է ակնարկում Գալուստ Սահակյանը

Հայաստանի իշխանության մեջ հայտնված մարդիկ երեւի լսել են «Հաց եւ տեսարաններ» արտահայտությունը: Ասում եմ՝ երեւի, որովհետեւ… Դե, ես էլ մարդ եմ, կասկածելու իրավունք ունեմ եւ կասկածում եմ նրանց գիտելիքների ու իմացության վրա: Ինչեւէ, կրկնեմ՝ երեւի ինչ-որ մեկից լսել են հին հռոմեական կայսրերի «Հաց եւ տեսարաններ» քաղաքականության մասին, բայց չեն հասկացել, ավելի ճիշտ՝ հասկացել են էսպես՝ հացը՝ մեզ, տեսարանները՝ հասարակությանը: Եվ ահա, ուզում են հասարակությունը մոռանա հացի մասին եւ սնվի միայն տեսարաններով:

Մոտավորապես այդ է ակնարկում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակայնը, որը news.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասում է. «Հայ երիտասարդությունը ժողովրդին ավելի մեծ օգուտ կտա, եթե պայքարի ոչ թե տրանսպորտի ուղեվարձի թանկացման, այլ սեռական փոքրամասնությունների դեմ» , եւ հավելում, թե տրանսպորտի թանկացման դեմ պայքարը… հատվածական պայքար է, գլոբալ չէ: Տրանսպորտի հարցը լուծելու համար կան տրանսպորտի բնագավառի փորձառու մասնագետներ: Ես ողջունում եմ գլոբալ պայքարը՝ հանուն ազգի ապագայի: Եվ միանշանակ աջակցում եմ մեր երիտասարդության այն խմբերին, որոնք պայքարում են սեռական փոքրամասնությունների դեմ…» (նույն տեղում):

Եվ այսպես, կարկառուն ՀՀԿ-ականի կարծիքով՝ իր իրավունքների համար հայ հասարակությունը չպետք է պայքարի, որովհետեւ դա հատվածական է: Այսինքն՝ պետք չէ պայքարել տրանսպորտի, գազի, էլեկտրաէներգիայի թանկացումների, պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի մասին տխրահռչակ օրենքի դեմ, երկրի էկոլոգիային անդառնալի վնաս հասցնող հանքերի շահագործման դեմ, կառավարության այն որոշումների եւ ԱԺ-ի ընդունած այն օրենքների դեմ, որոնք վատացնում են մեր՝ առանց այն էլ թշվառ գոյությունը, ավելացնում են արտագաղթն ու բարձրացնում աղքատության մակարդակը… Դրանց դեմ պետք չէ պայքարել… Պետք չէ պայքարել նաեւ արդար դատական համակարգ ունենալու, նորմալ ընտրություններ անցկացնելու, արժանապատիվ աշխատանքի եւ այլ իրավունքների համար… Հայ ժողովրդի միակ պրոբլեմը սեռական փոքրամասնություններն են: Այ, հենց որ նրանց դեմ պայքարը հաջողությամբ ավարտվի, Հայաստանում գազի գինն էլ կիջնի, ապօրինի շինարարություններ չեն լինի, ոչ մեկի սեփականությունը չի ճանաչվի գերակա հանրային շահ, ու հազարավոր մարդիկ տնանկ չեն դառնա, տրանսպորտը չի թանկանա, վնասակար հանքերը կփակվեն, դատավորները կդառնան հրեշտակներ, ոստիկանությունը մարդկանց չի խոշտանգի, արդար ընտրություններ կլինեն, արտագաղթը կնվազի եւ այլն…

Իսկ գուցե մի բան գիտի՞ Գալուստ Սահակյանը, հը՞, իսկ գուցե իսկապես բոլոր այդ՝ ժողովրդին թշվառության հասցրած եւ արտագաղթի մղող որոշումների, տրանսպորտի ու գազի թանկացման, անտանելի իրավիճակի ու մթնոլորտի համար սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչնե՞րն են մեղավոր: Վա՜յ, էս ինչե՞ր է ակնարկում խմբակցության ղեկավարը. որ այդ որոշումներն ու օրենքներն ընդունողները, գազ ու տրանսպորտ թանկացնողներն ու մյուսները… հա՞… Դրա համա՞ր է պետք պայքարել հենց սեռական փոքրամասնությունների դեմ… Չգիտեմ, չգիտեմ…

Այդ դեպքում՝ ինչո՞ւ է Գալուստ Սահակյանը կոչ անում հենց այդ պայքարի:
Այո, դուք ճիշտ եք՝ նա ուզում է հասարակությանը կերակրել տեսարաններով: Չէ՞ որ նրա նշած պայքարը հենց տեսարաններ է ենթադրում: Դե, իսկ հասարակությունը կտարվի այդ տեսարաններով ու կմոռանա (կմոռանա՞, արդյոք), որ Հայաստանի իշխանությունը սեպտեմբերի 3-ին բառիս բուն իմաստով նվաստացվեց ռուսական արջի կողմից, որ եկող հունվարից 1974 թվականից հետո ծնվածները ստիպված են լինելու իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել անհայտ կուտակային ինչ-որ ֆոնդի, ընդ որում՝ միանգամայն մշուշոտ ու անորոշ հեռանկարով, որ սրա հետեւանքով արտագաղթն ավելի է ահագնանալու, որ տրանսպորտի թանկացումից հետո շատերը չեն իմանալու՝ գնա՞ն աշխատանքի, թե՞ իմաստ չունի, որ էս ձմեռ հայտնի չէ՝ գազի խնայողություն անելով անգամ կկարողանա՞ն վարձերը մուծել… Ո՞ր մեկը թվեմ:

Բայց եթե Գալուստ Սահակյանն այդքան ուզում է հասարակության ուշադրությունը շեղող տեսարաններ ապահովել, ապա իզուր է չարչարվում եւ ուղղորդում, տեսարաններ լավ էլ ցուցադրում է հենց իշխանությունը. Հովիկ Աբրահամյանը երջանկությունից (դե մարդը բախտի բերմամբ հայտնվել է Լատինական Ամերիկայում) պարում է Ուրուգվայում , Տիգրան Սարգսյանը հերթական անգամ կիթառ է ծնգծնգացնում Գյումրիում (մոտ մեկ ամիս առաջ էր, խոստովանեմ՝ շատ զավեշտալի տեսարան էր, իսկը ուշադրություն շեղող. տե՛ս ԳԱԼԱ-ի տեսանյութը), դե, իսկ Սերժ Սարգսյանի պարերի հոլովակների պակաս համացանցում չկա…
Եվ էս քեֆ-ուրախությունը՝ մարդկանց թշվառության ֆոնին: Եվ էս զավեշտալի երգ ու պարից հետո Գալուստ Սահակյանը դեռ նոր տեսարանների առաջարկ-կոչեր է անում:

Առաջարկում է՝ որ ի՞նչ անի:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Galust Yenokyan says:

    Շնորհակալ եմ Մեսրոպ, հակառակ որ քո աստվածային անվան, իմ անունս ահարմար վիճակի մեջ է դնում ինձ, երբ ամեն անգամ այդ պաղտոնյայի անունը կարդում եմ…
    Կարծում եմ վաղուց հասել է հատուցման ժամը այդ «գուլագների» վերակացուների, վաղուց ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ Է ՀԱՍԵԼ….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930