Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին արձակուրդում է: Հրամանատարի արձակուրդում գտնվելը տարօրինակ է այնքանով, որ դեկտեմբերի 2-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է լինել Գյումրիի ռազմաբազայում: Ինչո՞ւ պետք է հրամանատարն արձակուրդ վերցնի հենց այն ժամանակ, երբ իր ղեկավարած ռազմաբազա է այցելում իր երկրի նախագահը, ով նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ դա նշանակում է, որ` նաև իր անձնական հրամանատարը:
Ո՞վ պետք է ընդունի և ներկայացնի ռազմաբազան, եթե ոչ` ռազմաբազայի հրամանատարը: Հենց այդ պատճառով Գյումրիում համոզված են, որ Ռուզինսկու արձակուրդը ոչ թե կամավոր է, այլ պարտադրված: Հնարավոր է, որ նա արձակուրդից այլևս չվերադառնա ռազմաբազա և այլ նշանակում ստանա: 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին հայ և միջազգային հանրությանը հայտնի դարձավ հոկտեմբների վերջին, երբ ռուսական բանակի պաշտոնաթերթ «Կրասնայա զվեզդա»՝ «Կարմիր աստղ» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա իր ղեկավարած ռազմաբազան կարող է ներգրավվել հակամարտության մեջ` Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:
Այս հայտարարությունից հետո անցել է ուղիղ երկու ամիս, սակայն կրքերը հայտարարության շուրջ չեն դադարում: Ադրբեջանը պաշտոնապես պահանջել է հերքել Ռուզինսկու հայտարարությունը, որն ըստ էության կատարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե դա, հավանաբար, լրագրողի սխալի հետևանք է:
ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև