«Ամերիկան ուղղակի չի ուզում կողքից հետեւել այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու ԱՄՆ-ի հետաքրքրությունն ու աշխուժացումը, ասաց «Հայ ազգային կոնգրեսի» (ՀԱԿ) անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նոյեմբերի 22-ին ԱՄՆ պետդեպարտամենտում տեղի ունեցած հայ-ամերիկյան տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որին մասնակցել է նաեւ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ամերիկյան կողմը ցանկություն էր հայտնել Հայաստանում խոշոր ներդրումներ անելու: Մասնավորապես` խոսք է գնացել ամերիկյան Contour Global ընկերության` մեր երկրի հիդրոէներգետիկ ոլորտում $180 միլիոն դոլարի ներդրում կատարելու պատրաստակամության մասին, որը մասնագետների գնահատմամբ, Հայաստանում կարող է դառնալ ամերիկյան մասնավոր հատվածից ամենախոշոր ներդրումը: ԱՄՆ-ն նաեւ հայկական քաղաքացիական ավիացիայի ազատականացմանն ուղղված բարեփոխումների հարցում է ցանկություն հայտնել օգնել:
Սակայն այդ ներդրումները իրականություն կդառնան, թե՝ ոչ, տնտեսագետ Խաչատրյանը վերապահումներով է մոտենում` աչքի առաջ ունենալով «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի օրինակը, որի` Հայաստան գալու շուրջ նույնպես պետական մակարդակով էր պայմանավորվածությունը ձեռք բերվել, սակայն այդպես էլ գործարքը տեղի չունեցավ:
Պարոն Խաչատրյանը նաեւ հիշեցրեց, թե տարիներ առաջ ինչպես տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականաշնորհման գործընթացը. «Ամերիկյան կազմակերպություններից մեկն ուզում էր մասնակցել եւ ռեալ ցանկություն էր հայտնել, նույնիսկ գումարներ էր առաջարկել, բայց ի վերջո ինքը չկարողացավ իրականացնել այդ ծրագիրը եւ ցանցերը գնվեց շատ էժան, հետո վերավաճառվեց, որը գնեց օֆշորային գոտում մի կազմակերպություն: Հետո պարզվեց, որ դրա հետեւում Ռոբերտ Քոչարյանի կողմից հովանավորվող Հայաստանի քաղաքացիներ են կանգնած, որոնք էլ վաճառեցին ավելի թանկ գնով ռուսական ընկերության: Չակերտավոր ասած`բավականին «լուրջ» գործարք էր, որովհետեւ այդտեղ կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ էին եւ տեսանելի էին: Բայց ամենակարեւորը՝ ամերիկյան ընկերությանը չթողեցին մասնակից լինել այդ գործարքին: Եկեք սպասենք, տեսնենք ամերիկյան կողմը ի՞նչ ցանկություններ է հայտնում եւ ո՞ր բնագավառներում է ուզում ներդրումներ կատարել եւ արդյոք դա հաջողություն կունենա՞, թե՝ ոչ, որովհետեւ սա Հայաստանի Հանրապետությունն է»:
Կարդացեք նաև
Ըստ Վահագն Խաչատրյանի, ԱՄՆ միշտ էլ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի տնտեսական-քաղաքական կյանքում, միայն դիտորդի կարգավիճակում չի եղել եւ «ինչ-որ առումով նաեւ ուղղորդել է»:
Տնտեսագետի կարծիքով, ԱՄՆ նաեւ հաշվի է առնում Հայաստան-Իրան առանձնահատուկ հարաբերությունները, Հայաստան-Թուրքիա գոյություն չունեցող պաշտոնական եւ գոյություն ունեցող ոչ պաշտոնական հարաբերությունները, Ղարաբաղյան կոնֆլիկտը, ԱՄՆ-ի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ եւ այդ ամենի շրջանակներում, պարոն Խաչատրյանի խոսքերով, «ԱՄՆ չի կարող կողքի կանգնել եւ տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում»:
«Եթե Ռուսաստանի ներկայությունը տնտեսական առումով շատ տեսանելի է, հատկապես էներգետիկ բնագավառում, որտեղ Հայաստանի էներգետիկայի 75-80 տոկոսը Ռուսաստանին է, ԱՄՆ էլ որոշել է ուղղակի դիտորդի կարգավիճակով չլինի եւ ակտիվ մասնակցի, եւ միակ ռեալ ոլորտը, որտեղ կարելի է ներդրում անել եւ իրենց կողմից վերահսկելի լինի՝ դա էներգետիկ բնագավառն է»,-ասաց տնտեսագետը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ