Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը ելույթ է ունեցել Վիլնյուսի համալսարանում

Նոյեմբեր 27,2013 20:44
vardan oskanyan

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և ընթացքում Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ  Գեդիմինաս Կիրկիլասի հրավերով Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը Վիլնյուսում է, որտեղ մասնակցում է տարբեր գիտաժողովների և միջոցառումների:

Նոյեմբերի 27-ին Վարդան Օսկանյանը «Հայաստանի հյուսիսային ընտրությունը և Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները» թեմայով դասախոսություն կարդաց Վիլնյուսի համալսարանում: Վարդան Օսկանյանի ելույթից մի հատված ներկայացված է ստորև:

«Առաջիկա երկու օրերին աշխարհի ուշադրության կիզակետում Վիլնյուսն է լինելու. ոչ թե այն պատճառով, թե ինչ է տեղի ունենալու այնտեղ, այլ այն, թե ինչ տեղի չի ունենալու: Գագաթաժողովի հիմնական իրադարձությունը պետք է լիներ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի հետ և նախաստորագրումը Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի հետ: Այսօր մենք գիտենք, որ Ուկրաինան չի ստորագրի, իսկ Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Սրանից երեք հարց է ծագում․

1. ի՞նչ է պատահել,
2. ի՞նչ է սա նշանակում,
3. ի՞նչ է սպասվում:

Առաջին հարցի վերաբերյալ ես չեմ կարող խոսել Ուկրաինայի փոխարեն, չեմ կարող խոսել նաև իմ երկրի կառավարության փոխարեն: Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, բայց չեմ անի: Թեև ենթադրությունները Հայաստանում բազմաթիվ են՝ աբսուրդից մինչև հնարավոր վարկածներ, ճնշումից և պարտադրանքից մինչև ազատ ընտրություն կամ սխալ որոշում: Չնայած ենթադրություններ չեմ անում, սակայն կասեմ, թե որը կլիներ իմ նախապատվությունը: Ես կցանկանայի, որ Հայաստանը նախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը՝ միաժամանակ շարունակելով օգտվել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ գոյություն ունեցող ազատ առևտրի համաձայնագրից։ Ես կուզենայի, որ Հայաստանը Եվրասիական միությունում ունենար դիտորդի կարգավիճակ՝ առանց վտանգելու ռազմավարական իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Որպես նախկին արտգործնախարար՝ ես կարող եմ ասել, որ այդ սցենարը հնարավոր էր:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, թե ինչ է սա նշանակում, ապա դրան երեք տարբեր հարթություններում է պետք պատասխանել: Առաջինը գլոբալ հարթությունն է: Արդյոք սա Ռուսաստանի և Արևմուտքի հեռահար աշխարհաքաղաքական մրցապայքա՞ր է: Արդյոք սա երկրորդ սառը պատերազմի մեթոդներ ու մտածողությո՞ւն է: Ես հակված եմ հավատալ, որ այդպես չէ:
Այս ամենի միջով մենք անցանք ՆԱՏՕ-ի ընդլայնման ժամանակ և դիմակայեցինք այդ փոթորկին: Ինտերնետի և բաց ու արագ հաղորդակցության մեր օրերում իսկապես շատ դժվար կլինի վերադառնալ Երկրորդ աշխարհամարտից հետո եղած իրադրությանը:

Իմ հիմնական մտահոգությունը սրա տարածաշրջանային հետևանքներն են. արդյոք սա կխորացնի՞ բաժանումներն ու հատվածականացումը մեր տարածաշրջանում՝ Կովկասում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը հավելյալ պատճառներ ունեն իրարից տարբերվելու և տարբեր իրադրություններում գտնվելու համար: Իմ մտահոգությունն առավելապես հայ-վրացական հարաբերություններն են, որտեղ ընդհանուր միակ տեսլականը՝ եվրոպական ինտեգրացիան, կարծես հօդս է ցնդում:

Երրորդ հարթությունը որոշման ներքին հետևանքներն են Հայաստանի բնակչության համար: Այդ հարթությունում մեզ՝ հայերիս, Հայաստանի հանրության համար անհրաժեշտ է իմանալ, թե արդյոք նախագահի որոշումը արժեքահե՞նք որոշում էր, թե՞ այն միայն բխում էր տնտեսական և անվտանգության նկատառումներից: Ես հուսով եմ, որ դա արժեքահենք որոշում չէր, որովհետև դա կարող է բացասական խոր հետևանքներ թողնել Հայաստանի վրա:

Վերջին՝ «ի՞նչ է սպասվում» հարցադրման վերաբերյալ կարող եմ ասել, որ հաշվի առնելով արժեքների մասին իմ մտահոգությունները՝ ես կարծում եմ, որ Եվրոպական Միությունն այժմ պետք է լինի ավելի զգոն, ավելի ներգրավված և էլ ավելի հաստատակամ ու Հայաստանի իշխանություններին «մեղավոր զգացնելով»՝ փորձի հնարավորություն տալ ապացուցելու, որ եվրոպական արժեքների որդեգրման և իրականացման առումով նրանք շարունակելու են խորացնել ժողովրդավարական գործընթացները»:

Վարդան Օսկանյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930