Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործը լսելիս` ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց փակ նիստ անցկացնել` առանց դատախազի ու մյուս կողմի, որպեսզի իրենք կարողանան դատարան հրավիրել այն վկային, ով մանրամասներ կներկայացնի սպանված Կարեն Եսայանի ու Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակի հարաբերություններից:
Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ այդ վկան Սպարտակ Ղուկասյանի մերձավոր շրջապատից է, նա գիտի, որ Սպարտակ Ղուկասյանը դեմ է եղել իր քրոջ ու Կարեն Եսայանի ամուսնությանը: Լուսինե Սահակյանն ասաց, որ փակ դատավարության դեպքում միայն կկարողանան հրապարակել նրա անունը ու հետագայում նրան որպես վկա հրավիրվել դատարան, քանի որ անձի ֆիզիկական անվտանգության խնդիրը կա: Նրա կյանքը կվտանգվի, եթե Սպարտակ Ղուկասյանը իմանա նրա ցուցմունքի մասին:
«Մենք ունենք որոշակի տվյալներ, որոնցով հիմնավորվում է, որ Սպարտակ Ղուկասյանը կարող էր առնչություն ունենալ Կարեն Եսայանի սպանությանը: Այդ ամենը հաղորդում է այդ անձը, և հաղորդել է նա մասնավոր հարցման արձանագրությամբ», – ասաց Լուսինե Սահակյանը:
Սակայն դատախազ Արմեն Մարուքյանն առարկեց` նշելով, որ միջնորդությունն անհիմն է, ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգիրքը չի նախատեսում որևէ դեպք, որ տեղի ունենա դատական նիստ`առանց դատախազի: «Պաշտպանական կողմը չկարողացավ հիմնավորել, թե դատախազն ի՞նչ պետք է անի, որ նրա բացակայությամբ են ուզում դատական նիստ անել, ի՞նչն է պատճառը, որ դատախազը պետք է բացակայի», -ասաց Արմեն Մարուքյանը:
Կարդացեք նաև
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանն էլ ասաց, որ սա պաշտպանական կողմի հերթական անհաջող փորձն է հանրությանը շեղելու, կարծիքներ ու տպավորություններ ստեղծելու: «Սպարտակ Ղուկասյանը չի կարող որևէ առնչություն ունենալ այս հանցագործության հետ, որովհետև տրամաբանություն չկա, Սպարտակ Ղուկասյանը կարող է ընդամենը մեկ զանգով կանխել իրենց տուն գալը, քրոջ նշանադրությունը և այլ, և այլն…», -ասաց Արմեն Մելքոնյանը:
Դատարանը մերժեց Լուսինե Սահակյանի միջնորդությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ