Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել տուժող Հարություն Քոթանջյանը:
Դատարանն ամեն ինչ արել էր, որպեսզի գտնի տուժողին, սակայն նրան ուղարկված ծանուցագրերը ճիշտ է, տեղ են հասնում, սակայն նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:
Հաջորդ դատական նիստը, որը նշանակվեց դեկտեմբերի 10-ին, տուժողին գտնելու հետ էր պայմանավորված:
Այսօր դատարան էր բերվել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 1-ին գումարտակի 1-ին վաշտի հետախուզական դասակի կուրսանտ, կալանավորված Լեւոն Գզողյանը:
Նա ըստ իրեն մեղսագրված արարքի, զորամասի ննջարանում վիճաբանության մեջ էր մտել կուրսանտ Հարություն Քոթանջյանի հետ: Վիճաբանության ժամանակ կուրսանտը զինվորական ճտքակոշիկով եւ բջջային հեռախոսով հարվածել էր նրա որովայնային հատվածին՝ փայծաղին, պատճառելով կյանքին սպառնացող վնաս:
Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 7-ին:
Ըստ նախնական տեղեկատվության, շարժառիթը եղել էր այն, Քոթանջյանը վերցնելով Լեւոնի ընկերուհու լուսանկարը, թույլ էր տվել արտահայտություններ, ինչն էլ վեճի պատճառ էր դարձել:
Դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր կիրառեց այլընտրանքային խափանման միջոց՝ կես միլիոնի չափով գրավը, որը վճարելուց հետո ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող կուրսանտը կարող է լինել ազատության մեջ:
Քանի որ առանց տուժողի հնարավոր չէր շարունակել դատական նիստը, դատարանը հետաձգեց այն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ