Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում կայանալիք դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադային մասնակցելու նպատակով Բրազիլիա պետք է մեկներ Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը: Նշել էինք, որ Խաղերի ծրագրում ընդգրկված են 8 մարզաձևեր, Հայաստանը ներկայացուցիչները հանդես կգան հինգ մարզաձևերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո: Հայաստանի դպրոցականների թիմերում ընդգրկվել են հանրապետության դպրոցականների առաջնություններում հաղթած պատանի մարզիկները:
Ըստ մամուլում եղած հրապարակումների, օդանավակայանում պարզվել է, որ մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չունեն: Եվ նույն աղբյուրի փոխանցմամբ, պատճառն էլ այն էր, որ ավիատոմսերի գնման մրցույթը շահել է մի նորահայտ կազմակերպություն, որը ակնհայտ կեղծ հայտ է ներկայացրել` կասկածելի էժան գներ առաջարկելով Երևանից Բրազիլիա ինքնաթիռային երթուղու համար։ Գործարքի գումարը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ։
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ սպորտի նախարարի մամուլի քարտուղար Սյուզի Բադոյանն ասաց, որ միջոցառման հետ սպորտի նախարարությունը կապ չունի, կազմակերպիչը ԿԳ նախարարությունն է:
ՀՀ ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանի հետ կապվել չհաջողվեց, քանի որ նա արդեն մեկնել էր: ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Արթուր Բաղդասարյանն ասաց, որ համապատասխան մեկնաբանություններ կարող ենք ստանալ նաեւ ՀՀ դպրոցականների Ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանից: Վերջինս ընդհանրապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, ստիպված եղանք անգամ sms հաղորդագրություն ուղարկել` մեր զանգի նպատակի վերաբերյալ: Պարոն Մեհրաբյանը, սակայն «անդդրվելի» էր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ