Ստամբուլի դատարանը, որը քննում է հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ Տրապիզոնի ժանդարմերիայի ղեկավարների մեղքը, որոշել է չկապել այդ գործը Դինքի հիմնական գործին: Հայտնում է «Հուրիյեթ» թերթը՝ նշելով, որ դատարանը չի գտել «դատական և փաստացի պատճառահետևանքային կապ» այս երկու գործերի միջև:
Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Ուզը Դինքի սպանության գործով արդեն դատապարտվել էր վեց ամիս ազատազրկման, սակայն գերագույն վերաքննիչ դատարանը փոխել էր այդ որոշումը և նրա դեմ այլ գործ էր սկսել:
Ուզը մեղադրվում էր Դինքի սպանությունը կազմակերպած հանցավոր խմբի մասին իշխանություններին չտեղեկացնելու մեջ, որի մասին նա գիտեր 2006թ., ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու, որոնցով ուզում էր ապացուցել, որ այդ խմբի մասին նա իմացել է միայն սպանությունից հետո:
Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը որոշել է, որ Ուզի դեմ գործն անհրաժեշտ չէ քննել Դինքի հիմնական գործի հետ, քանի որ երկուսն էլ ուսումնասիրվում են բարձրագույն վերաքննիչ դատարանում:
Կարդացեք նաև
Դատարանը նաև հայտնել է, որ երկու գործերն իրար հետ խառնելը միայն կերկարացնի հիմնական գործը:
«Ակօս» շաբաթերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. Ստամբուլում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ