Ստեփանավանում մի խումբ երիտասարդներ երեկ հետազոտվել են` իմանալու իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին: Հետազոտությունը, որը կատարվել է արյան միջոցով եւ ընդամենը 20 րոպեի ընթացքում՝ անցկացվել է անվճար եւ գաղտնի պայմաններում: Միջոցառումը կազմակերպվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան` դեկտեմբերի 1-ին ընդառաջ: Վորլդ Վիժն Հայաստանի, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հ/կ-ի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախաձեռնությամբ, ստեփանավանցի երիտասարդների համար ցուցադրվել է ՄԻԱՎ-ի կանխարգելման թեմայով «Ու՞մ մտքով կանցներ…» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորված ծրագիրը նպատակ ունի նվազեցնել միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը: Ծրագիրն իրականացվում է 2012-2014 թ., 1 միլիոն 217,951 եվրո ֆինանսավորմամբ:
Միջոցառման նպատակներից մեկն էլ, ինչպես նշում են կազմակերպիչները, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարեւորությունը խրախուսելն է եւ հետազոտման հետ կապված հասարակությունում կարծրատիպերը փոխելը, մասնավորապես`ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը ամոթ չէ:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ 1988թ. մինչև 2013թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500: Ըստ նույն աղբյուրի, մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին: Բժիշկ-մասնագետները վստահեցնում են, որ այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, որոնք ունեն բուժման ցուցումներ եւ ստանում են հակառետրովիրուսային բուժում, հնարավորություն ունեն ապրել երկարատեւ ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք եւ ունենալ առողջ երեխաներ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ