Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնել է Բրազիլիա այսօր առավոտյան` մասնակցելու դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին. այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը։
Մամուլում այսօր լուրեր էին տարածվել, թե օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակությունը պարզել է, թե մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չունեն:
Նաեւ՝ թե իբր ավիատոմսերի գնման մրցույթը շահել է մի նորահայտ կազմակերպություն, որը ակնհայտ կեղծ հայտ է ներկայացրել` կասկածելի էժան գներ առաջարկելով Երևան-Բրազիլիա չվերթի համար, իսկ օդանավակայանում մարդիկ իմացել են, որ իրենց տոմսերը կեղծ են ու իրենք չեն կարող մեկնել։ Գործարքի գումարը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ։
Արա Մեհրաբյանը չհերքեց, որ տոմսերում անճշտություններ եղել են։ Սակայն հավելեց, որ ամեն ինչ այս պահին հարթվել է։ Պատվիրակությունը պետք է մեկներ նոյեմբերի 26-ին, սակայն մեկնել է միայն այսօր առավոտյան. «Պատվիրակությունը դեռ չի հասել տեղ, քանի որ մեկնել է Երեւան-Մոսկվա, Մոսկվա – Փարիզ, Փարիզ- Սան Պաուլո, Սան Պաուլո- Բրազիլիա չվերթերով, վաղը նրանք կհասնեն եւ 16.00 -ին կմասնակցեն ընդհանուր շքերթին»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ