«Վիլնյուսում մի ինչ-որ հռչակագիր կընդունվի, որով կֆիքսեն, որ բոլորը կողմ են այն ամենին, ինչ լավ է և դեմ են այն ամենին, ինչ վատ է: Դա կլինի որևէ մեկին չպարտավորեցնող մի բան»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ սպասել Վիլնյուսի գագաթաժողովից, այսպես պատասխանեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Գագաթաժողովի մեկնարկից առաջ քննարկումները թեժանում են, արվում են բազմաթիվ կանխատեսումներ: Օրինակ` քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք էր հայտնել, թե հնարավոր է Վիլնյուսում ոչինչ չստորագրվի էլ, գուցե լինի համատեղ հայտարարություն :
Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ եթե անգամ ոչինչ չստորագրվի էլ, միևնույն է, «Կյանքը կշարունակվի նաև Վիլնյուսից հետո»:
Գնահատելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը` Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, թե այդ համատեքստում միևնույն է, թե կոնկրետ Վիլնյուսում ինչ կարվի: Շարունակելով՝ պարոն Մեհրաբյանը նշեց. «Դա չի փոխի իրերի և ուժերի դասավորությունը, որը ձևավորվել է հարաբերությունների այն եռանկյունում, որը կազմում են ԵՄ-ն, ՌԴ-ն և հետխորհրդային երկրները: Հետևաբար`ինչ կանեն, ինչ չեն անի այնտեղ`Վիլնյուսում, էական չէ: Էականն այն է, թե ինչ կլինի դրանից հետո: Շատ բան կախված կլինի նախևառաջ հենց Եվրամիությունից, քանի որ այն կապիտուլյանտական քաղաքականությունը, որը նա վարում է ՌԴ նկատմամբ և այն արհամարհական վերաբերմունքը, որը վարվում է հետխորհրդային երկրների նկատմամբ, հանրագումարում տալիս է հենց այդ պատկերը: Այս ամենից «Յալթայի», գուցե և «Մյունհենի» հոտ է գալիս: Արդյունքում հետխորհրդային երկրներում գլուխ են բարձրացնում հետադիմական, սովետական բորբոսը վրան նստած ուժերը, որոնք ամեն ինչ անում են կոնսերվացնելու ներկա իրավիճակը»:
Կարդացեք նաև
«Կարծում եմ, որ Եվրահանձնաժողովը ներկայումս ի զորու չէ քաղաքականություն փոխել, հույսեր կարող ենք ունենալ միայն հաջորդ Եվրահանձնաժողովի պարագայում, իսկ դա կլինի ոչ շուտ, քան 2014-ի կեսերը: Հիմա պիտի անել ամեն ինչ, որ կորուստները լինեն մինիմալ, որ Ռուսաստանը մեզ շատ չուտի»,-ասաց նա:
Ռուբեն Մեհրաբյանը Ռուսաստանին ներկայացրեց որպես «կոկորդիլոս, որին սնում է Եվրոպան» ու մանրամասնեց. «Առայժմ մենք ունենք մի իրողություն, ըստ որի` եվրոպացիները շարունակում են կերակրել մի կոկորդիլոսի` հույս ունենալով, որ այն ինչ- որ ժամանակ անց կդառնա մի բուսակեր ու խելոք կենդանի: Բայց դա այդպես չի լինում: Կոկորդիլոսը մնում է կոկորդիլոս, և ժամանակի ընթացքում նրա ախորժակն ավելի է բացվում ու ավելի լկտի և ագրեսիվ դառնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ