Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնի համար մեղադրողը պահանջել է 15 տարի ազատազրկում, պաշտպանը՝ արդարացում

Նոյեմբեր 27,2013 16:54

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց քինգբոքսինգի աշխարհի եւ Եվրոպայի ռեկորդակիր, չեմպիոն Վ. Մ.-ի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրող Հրանտ Չախոյանը միջնորդել է 15 տարվա ազատազրկում, իսկ պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը՝ արդարացնել: Մեկ ժամ 10 րոպե տեւեց պաշտպանի պաշտպանական ճառը:

Նշենք, որ Վ. Մ.-ն մեղադրվում է Դավիթ Օհանյանի սպանության եւ Հակոբ Բուդաղյանի սպանության փորձի համար: Մինչ պաշտպանական ճառի սկսվելը, դատավորը տեղեկացրեց, որ ստացվել է դիմում Դավիթ Օհանյանի եղբորից՝ իրավահաջորդից՝ Անդրանիկ Օհանյանից, որը հայտնել էր, որ հավատում է Վ. Մ.-ին, հավատում է, որ նա չի սպանել իր եղբորը եւ խնդրել էր դատաքննությունը շարունակել առանց իր մասնակցության: 

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանն անդրադարձավ 2011թ. սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքին: Ըստ նրա՝ մեղադրող կողմը շարունակել է ի սկզբանե որդեգրած իր որոշումը, քրեական գործը քննվել է ոչ թե հանցագործության իրական կատարողների բացահայտման, այլ Վ. Մ.-ին անպայմանորեն Դավիթ Օհանյանի դիտավորյալ սպանության եւ Հակոբ Բուդաղյանի սպանության փորձի մեջ մեղադրելու միտումով, ինչը, ըստ պաշտպանի, ակնհայտ դարձավ մեղադրողի ճառով: «Այս էլ որերորդ անգամ մեղադրողի կողմից խեղաթյուրելով ապացույցները, նշվում է, թե Վ. Մ.-մ խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում դատարանին հայտնել է, որ ի սկզբանե իր մոտ դանակ չի եղել, դանակը վերցրել է վիճաբանության ընթացքում՝ մահացածից, որի միջոցով էլ վերջինիս ու եւս մեկ անձի հարված է հասցրել, սակայն սպանելու դիտավորություն չի ունեցել: Ամբաստանյալը դեմ չի եղել իրեն կալանավորելուն: Նախ մատնանշված դատական նիստի ձայնագրառման վերարտադրումից պարզ դարձավ, որ նման հայտարարություն մահացածի եւ եւս մեկ անձի հարված հասցնելու մասին պաշտպանյալի կողմից չի արվել: Ինչ վերաբերվում է դանակին, ապա պաշտպանյալը նշել է, որ իր մոտ դանակ չի եղել»,- ասաց Լ. Մարտիրոսյանը:

Անդրադառնալով վկաների ցուցմունքներին առանձին-առանձին, սենսացիոն հայտարարություն արեց պաշտպանը. «Գործի նյութերում դրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերլիազոր, «վկա» Արթուր Հակոբյանի ցուցմունքը»: Ըստ պաշտպանի՝ նա չէր կարող հանդես գալ որպես վկա, հարցաքննվեր դատարանում, քանի որ «քննության է ներկայացրել իր կողմից գործով իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի դարձած հանգամանքները»:

Նշենք, որ այս վկան ցուցմունք էր տվել, թե գտնվելով հիշյալ վայրում, լսել է հայհոյանքներ, գոռգոռոցներ, որին հաջորդել են ինչ-որ երիտասարդներ, ովքեր վազել են ու այդ ընթացքում բղավել՝ «Վ., կանգնի, կանգնի»: Մոտենալով, վկան տեսել է մի խումբ երիտասարդների, նրանք կռիվ էին անում, նկատել է դանակահարված անձանց, որոնց փորձել է տեղափոխել հիվանդանոց: Բացի Վ.-ից ուրիշ մեկի չի տեսել փախչելիս:

Ի դեպ, շատ հետաքրքիր էր դատահետքաբանական, դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունից մեջբերումը, համաձայն որի՝ Դավիթ Օհանյանի եւ Հակոբ Բուդաղյանի հագուստների եւ մարմնական ծակած-կտրած բնույթի վնասվածքները չէին կարող պատճառվել մեղադրյալի ցուցմունքում նկարագրված պայմաններում: Այդ վնասվածքները հնարավոր է, որ պատճառվեին ինչպես մեկ, այնպես էլ համանման չափային տվյալներ ունեցող տարբեր դանակների ներգործությամբ: Պաշտպանը միջնորդեց արդարացնել Վ. Մ.-ին, նրա արարքը դիտել որպես անհրաժեշտ պաշտպանություն Հակոբ Բուդաղյանի մասով, իսկ ինչ վերաբերում է Դավիթ Օհանյանին ծեծի ենթարկելու եւ սպանության մեղադրանքին, ապա դրանով ճանաչել նրա անմեղությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930