Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը խաչմերուկո՞ւմ, թե՞ փակուղում». քննարկում Վիլնյուսից առաջ

Նոյեմբեր 27,2013 16:04

«Սեպտեմբերի երեքը շոկ էր ինձ համար, նույնիսկ իշխանական բարձր օղակներում գտնվող մարդկանց համար… Այս որոշումը եղել է չնախապատրաստված եւ տարբեր ազդակների ազդեցությամբ կատարված: Լիարժեք տեղեկատվություն չկա, ունենք տեղեկատվական սով, որի պարագայում դժվար է ենթադրել, թե ինչն է դրդել մեր երկրի ղեկավարին այդպիսի անսպասելի հայտարարություն անել, այդ ինչ շանտաժ է կիրառվել նրա նկատմամբ: Եթե դա եղել է ռազմական միջամտության կամ այլ սպառնալիքի տեսքով, պետք է հայտարարվի եւ ազգը տեղյակ լինի»,- այսօր մամուլի ազգային ակումբում «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը: Ըստ նրա, Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու ՀՀ նախագահի որոշումը շոկ առաջացրեց, որովհետեւ ոչ միայն անսպասելի էր, այլեւ մինչ այդ իշխանական կուլիսներից միայն տեղեկություններ էին տարածվում, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, Վիլնյուսում ստորագրվելու է Ասոցացման համաձայնագիրը:

Նրա խոսքով, մինչեւ հիմա ոչ Մաքսային միության ոչ էլ Ասոցացման համաձայնագրի տեքստերը հայտնի չեն եւ ոչ ոք չգիտի՝ ինչ է ընտրում. «Մարդիկ Մաքսային միության եւ ԵՄ ընտրության հարցում կողմնորոշվում են այսպես՝ Ռուսաստանում քանի հայրենակից ունեն, Եվրոպան հոմոսեքսուալների հայրենիքն է ….այսպիսի կենցաղային մակարդակի վրա էլ ընտրություն ենք կատարում Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ »:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Անժելա Խաչատրյանն էլ ասաց, որ ՄՄ-ին միանալով, Հայաստանը հետ քայլ կատարեց: Ըստ նրա Մաքսային միությունում գոյություն ունի եվրասիական տնտեսական կոմիտե՝ վերազգային կառույց, եւ ենթադրվում է, որ այնտեղ ընդունված որոշումները պարտադիր են անդամ պետությունների համար. «Միջամտելու են մեր ֆինանսատնտեսական բոլոր գործընթացներին»:
Հետո ասաց, որ ինչպես սեպտեմբերի երեքին առանց քննարկումների, անսպասելի հայտարարեցին ՄՄ-ին միանալու որոշման մասին, այնպես էլ երաշխիք չկա, որ այդպես անսպասելի կորոշեն հանձնել Ղարաբաղը. «Այնպես որ՝ անվտանգության երաշխիքների մասին այդպես վերամբարձ խոսելը տեղին չէ»:

Լարիսա Ալավերդյանն էլ քննարկման ժամանակ ասաց, որ «եվրոպական դրական արժեքներին մոտեցնող բոլոր նախաձեռնությունները տապալվել են մեր իշխանության կողմից, դրա համար էլ Հայաստանը ոչ թե զարգացող, այլ տապալված պետությունների ցուցակի մեջ է…այն որ տապալել են լավ իրավիճակներ, հնարավորություն չի տալիս ասել, որ իշխանությունը կարող է օգտվել այն դրական արդյունքներից, որոնք կան, թե այս, թե այն միությունում»:
Նա էլ դժգոհեց, որ ՀՀ քաղաքացիներին չեն տեղեկացնում ոչ ՄՄ ոչ էլ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ոչ միայն մանրամասների, այլեւ խոշոր մասերի հետ. « Ժամանակն է՝ Հայաստանն ունենա սեփական դիմագիծը, դերակատարությունը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բոլոր գործընթացների մեջ եւ վերջ տանք տարօրինակ կեցվածքին, որ կամ սիրված չենք ոչ մեկի կողմից կամ վերջապես մեկի կողմից սիրվեցինք: Դատապարտում եմ մի օրվա մեջ երկրից դուրս գտնված որոշումը, որի մասին իմանում ենք եթերից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930