Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Վարդան Այվազյանին չէր հաջողվում բացել Հրանտ Բագրատյանի «կաբինետի» դուռը (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2013 15:45

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ Արմեն Եղիազարյանը ներկայացնում էր Երեւանում տրանսպորտային բարեփոխումների մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, նկատեց, որ մեծամասնություն պետք է ունենա ընկերությունը, որպեսզի կարողանա հարցերը կարգավորել: Ի պատասխան, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հումորով հակադարձեց`«պառլամենտի յոթանասուն, կառավարության հարյուր տոկոսը ձերն ա, էլի»:
Մեծամասնության մասին Արմեն Եղիազարյանի դիտարկումները վրդովվեցրին նաեւ նիստը վարող Վարդան Այվազյանին: Վերջինս իր կարծիքը հայտնեց: Հրանտ Բագրատյանը`դիմելով Այվազյանին ասաց. «Ես գիտեմ, որ դուք ընդդիմություն եք, պարոն Այվազյան»: Վերջինս պաշտպանվեց. «Ես ընդդիմություն չեմ, ես Այվազյան Վարդանն եմ, պարզապես, ես կարամ հստակ ասեմ իմ ասածը» ու մեջբերեց 1995 թվականին ընդունված մի օրենք, որտեղ «էդ մունիցիպալ ոստիկանության մասին հստակ գրված ա»:

Իր առաջարկներով կառավարությունը նախատեսում է «մունիցիպալ տրանսպորտային համակարգ» ներդնել: Դա նշանակում է`ստեղծել տեղական, քաղաքային ձեռնարկություն, որը զբաղվելու է մայրաքաղաքում տրանսպորտային փոխադրումներով: Հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանը օրինակներ բերեց Եվրոպական զարգացած երկրներից, առավելապես, Լոնդոնից: Հրանտ Բագրատյանը ցանկանում էր հարցերով հստակեցնել`ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա է ներկայացված առաջարկը, ի՞նչ երաշխիքներ, որ համակարգը կկայանա, ո՞վ եւ ինչպե՞ս է սուբսիդավորելու համակարգը եւ այլն: Պատգամավորն ուզում էր հասկանալ`ճի՞շտ է Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս պատկերով, տրանսպորտի շուկան չզարգացրած, նման փոփոխություններ անել: Վարդան Այվազյանը միջամտեց` հստակեցնելով, որ ի համոզմամբ Երեւանի ավագանին պետք է շատ հարցեր որոշի: Բագրատյանը համաձայնեց`զարմանալով, որ ավագանու ներկայացուցիչ չկա, որպեսզի պատգամավորները հասկանան`ի՞նչ է հետագայում մտադիր անել ավագանին:

Մինչ Բագրատյանն իր մասնագիտական հարցերն էր հնչեցնում`համեմելով դրանք միջազգային փորձի օրինակներով, Այվազյանը կրկին միջամտեց. «Պարոն Բագրատյան, հարցերն ավելի կոնկրետացրեք, թե չէ պարոն Եղիազարյանը կխճճվի, ժողովուրդն էլ ուզում ա գնա սուրճ խմի արդեն»: «Պարոն Եղիազարյանը կյանքում չի խառնվի, պարոն Եղիազարյանի մասին վատ կարծիք ունեք, նա շատ պատրաստված մասնագետ ա»,-հակադարձեց Բագրատյանը: «Պարոն Բագրատյանը որ վարչապետ էր, պարոն Եղիազարյանը ստեղ, Մինասյանին էլ հետը գումարած, հանձնաժողովի նախագահ, ես էլ իրանց մոտ մեկ-մեկ գնում բան էի անում էլի, գնում հանձնաժողովի նիստերին մասնակցում էի»,- նրանց համար, ովքեր անցյալից տեղյակ չեն`մանրամասնեց Վարդան Այվազյանը: Այդ նոստալջիին հետեւեց Բագրատյանի սառը ցնցուղը. «Եթե հաջողվում էր ներս մտնել»: Վարդան Այվազյանը տակ չմնաց. «Պարոն Բագրատյան, ուրեմն, ի գիտություն ձեզ եւ բոլորին`որտեղ որ ես եմ մտել, ես եմ էտի: Իմ քրտինքով, իմ ունեցած հեղինակությամբ, չորս-հինգ անգամ նույն տարածքից ընտրվել եմ: Էդ իրավունքը ես վաստակել եմ: Որեւէ մեկից նվեր ոչ մի անգամ չեմ ստացել»:

Մինչ Արմեն Եղիազարյանը փորձում էր պատասխանել Հրանտ Բագրատյանի հարցերին`հստակեցնելով, որ որոշումները պետք է ավագանին կայացնի ու դարձյալ զարգացած երկրների օրինակներով համեմելով իր խոսքը, Այվազյան- Բագրատյան երկխոսությունը նոր փուլ մտավ: Եղիազարյանը բերեց Լոնդոնի օրինակը: Այվազյանը զարմացավ ու տարակուսած նկատեց. «Լոնդոնում մի քանի անգամ եղած կլինեք, պարոն Եղիազարյան…»: Բագրատյանը նստած տեղից հեգնեց. «Ես լսել եմ այդ քաղաքի մասին»: Այվազյանը հակադարձեց. «Էն ժամանակ էլ դուք ունեիք ներս մտնելու հնարավորություն, հիմա յա սահմանափակվել… ես վաստակել եմ էդ իրավունքը, վիճակախաղով չեմ շահել»: «Մենք էլ վիճակախաղով չէինք շահել»,- ասաց Բագրատյանը ու հավելեց, որ հիշում է, թե 1995 թվականին «Հանրապետություն» խմբակցությունը ոնց է օգնել Վարդան Այվազյանին`պատգամավոր դառնալու հարցում: «Ճիշտ եք ասում՝ 22 հոգու մեջ առաջի փուլը միանգամից անցա, հաջորդն էլ`12 հոգու մեջ: Տղամարդ ես ման գալիս, դու էլ գնա…»,- խոսքը կիսատ թողեց Վարդան Այվազյանը`միանգամից հարց հնչեցնելով նախագծի բովանդակային մասին վերաբերվող, ու քննադատելով համեմատությունները զարգացած երկրների ու քաղաքների հետ` նկատեց, որ մասնավորաբար Լոնդոնում, տաքսի ծառայությունը չի կարող «իրա գարաժում եղած ինչքան հոգնած ավտո կա, 09-ից բռնած, բերի շահագործի»: Նա նկատեց, որ տաքսի-ծառայություններին Լոնդոնում միայն չորս տարվա լիցենզիա են տալիս, այն էլ խիստ վերահսկելով. «Ընդեղ շատ լուրջ կարգավորված մեխանիզմ ա, բերել Երեւանը Լոնդոնի հետ եք համեմատում…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Զզվացրեցիք, կլինի՞ ոչ մեկի հետ չհամեմատվեք….ձերը, ձերը ստեղծեք, թող ուրիշները մեզ նայեն…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930