Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Ռուսաստանի Դաշնության Հարգելի Նախագահ Պր. Պուտին. «Եկեք փորենք գետնուղի»

Նոյեմբեր 27,2013 15:42

Փառք Արարչին, որ և Ռուսաստանը և Հայաստանը ունեն հորատելու հարուստ փորձ
Այս նամակը ես մտադիր էի գրել Ձեզ, կամ ավելի ճիշտ այդ ժամանակվա Ռուսաստանի Դաշնության Նախագահին, մոտ երեք տարի առաջ (15 Հոկտեմբերի 2010թ.), որովհետև այդ ժամանակ էր որ ես առաջին անգամ կարդացի այն մասին որ հաջողությամբ ավարտվեց Աշխարհի ամենաերկար (57կմ) երկաթուղային գետնուղու՝ Գոթթհարդի կառուցումը Ալպյան լեռնաշղթայի տակով (մոտ 4կմ խորությամբ)։ Բայց քանի որ ամեն մի ցանկություն չէ որ դառնում է իրականություն, ուրեմն այդ նամակը գրելու գաղափարը մնաց անկատար։ Իսկ այժմ ես լարում եմ իմ բոլոր ուժերը, որպեսզի ավարտին հասցնեմ այդ գաղափարը մինչև Ձեր Հայաստան պաշտոնական այցը։

Այս նամակը կարելի է համարել նաև որպես Ձեզ ուղղված Զորի Բալայանի բաց նամակի շարունակությունը, որովհետև այս նամակով ես ինժիներատեխնիկական լուծման տարբերակ եմ առաջարկում Զորի Բալայանի և բոլոր մյուս մտածելու կարողություն ունեցող հայերի այն հարցին թե ինչպե՞ս պատահեց որ դարավոր բարեկամության պատմական փորձ ունեցող և այժմ էլ ռազմաստրատեգիական դաշնակիցներ համարվող երկու հարևան ազգերը ընդհանուր սահման չունեն։ (Սա իսկապես Ռուսաստանի խնդիրն է, ով արգելեց Արցախյան զորքերի առաջխաղացումը։ Զ.Բ.)

Թույլ տվեք նաև օգտվելու այս առիթից և ավարտին հասցնել ևս մեկ անկատար մնացած ցանկություն՝ շնորհավորելու Ձեզ նորից Ռուսաստանի Դաշնության Նախագահ ընտրվելու կապակցությամբ, որը շատ կարևոր գործոն է Աշխարհում ուժային երկրորդ բևեռի հաստատման, տարածաշրջանային կայունացման և հատկապես Հայաստանի անվտանգության ապահովման համար։ Ես ցանկանում եմ իհարկե որ նույն քաղաքական ընտրական տարբերակը կիրառվի նաև Հայաստանում՝ այսինքն Հայաստանի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա ընտրություններում փոխանակեն իրենց տեղերը, որպեսզի Հայաստանի համար ապահովվի մոտ 20-25 տարվա կայուն և շինարար ժամանակահատված։

Իսկ Հայաստանի Մաքսային Միությանը միանալու (և ոչ թե Եւրոմիության հետ համագործակցելու) մասին որոշման կայացումը հաստատում է այն փաստը, որ մենք ունենք իրենց գործին լավատեղյակ ղեկավարներ, որոնք գիտեն թե որն է Հայաստանի իրական ազգային շահը և կարող են վճռորոշ իրավիճակում վարել անկախ քաղաքականություն՝ ճիշտ պահին կատարելով ճիշտ որոշում։

Ես ողջունում եմ Հայաստանի այդ քաղաքական կողմնորոշումը։
Պր. Նախագահ, ես, անկախ իմ կամքից, երկար ժամանակ եմ ունեցել խորհելու Հայ-Ռուսական դարավոր հարաբերությունների մասին, հատկապես այն ժամանակ երբ ես հարկադրված «հանգստանում» էի Մորդովիայում կամ Թաթարիայում։ Իմ մտքերը ես կիսում էի իմ բախտակից ընկերոջ՝ Ռուս հայրենասեր Վլադիմիր Օսիպովի հետ։ Աննշան տարբերություններով միայն, մենք հանգում էինք համարյա նույն եզրակացության, որ Ռուսաստանը պետք է հստակ կողմնորոշվի թե որն է իր հայրենիքը և իր սահմանները, ինչպես նաև որ ազգերը կամ պետություններն են Ռուսաստանի մնայուն դաշնակիցները։ Մենք դեմ էինք նաև «չկան մնայուն բարեկամներ այլ կան մնայուն շահեր» կարգախոսին, որը հատուկ է միայն անհայրենիք ազգախմբերին և մարմնավաճառներին։ Մենք համաձայնվում էինք իրար հետ որ կարող են լինեն ազգային պետություններ որոնք իրար հետ կարող են ունենալ մնայուն բարեկամական կապեր։ Ահա այդպիսին է Հայաստանի և Ռուսաստանի դարերից (գուցե և հազարամյակներից) եկող բարեկամական-ազգակցական հարաբերությունները։ Ես հիշում եմ որ Հայաստանում եղած ժամանակ Դուք կես կատակ կես լուրջ հեռուստահաղորդման ժամանակ հայտարարեցիք որ մեր բարեկամությունը սկիզբ է առել Արարատյան (Ուրարտու) Պետության Ռուսա թագավորից։ Թող պատմաբանները վիճարկեն մեր բարեկամության այդ և շատ այլ խոր արմատների մասին՝ Քրիստոնեության տարածման, Կիրիլյան այբուբենի ստեղծման, Ռուսական պետականության ամրապնդման, Երկարաբազուկների ընտանիքի դերի և շատ այլ բաների մասին։ Ահա այդպիսի թեմաներ էինք մենք քննարկում և երբեմն էլ իհարկե վիճում Վլադիմիր Օսիպովի հետ։

Բայց ես պատմաբան չեմ, այլ ունեմ ֆիզիկոսի կրթություն, և հետևաբար վերոհիշյալ փաստերը թող վիճարկեն ակադեմիական կրթություն ունեցող պատմաբանները։
Իսկ ես ցանկանում եմ տեսական լուծում տալ Հայրենասեր Արցախցու՝ Զորի Բալայանի այն ցավոտ հարցին թե ինչպե՞ս պատահեց որ երկու դարավոր և հարևան դաշնակից ազգային պետություններ փաստորեն ընդհանուր սահման չունեն։ Ահա սա է մեր այժեմյան դառը և ճշմարիտ իրականությունը։

Ես գտնում եմ որ, առանց խախտելու անկախ պետությունների միջև ընդունված միջազգային չափանիշերը, գոյություն ունի վերոհիշյալ հարցի լուծման խաղաղ, մարդասիրական և գիտական մեկ լուծում՝ Կովկասյան լեռնաշղթայի տակով կառուցել գետնուղի Ռուսաստանից դեպի Հայաստան։

21-րդ դարի այդ նոր 7-րդ հրաշալիքի՝ Անդրկովկասյան գետնուղու շնորհիվ Հյուսիսային Օվկիանոսը կկապվի Հնդկական Օվկիանոսի հետ, իր բոլոր տնտեսական և քաղաքական բարիքներով հանդերձ։ Այս նախագծի իրագործումը Հայաստանին կազատի շրջափակումից, որը այդքան շատ է շահարկվում Արևմուտքի կողմից, իսկ Ռուսաստանի համար այն կլինի հարավային ուղղության ռազմավարության իրագործում։ Ես չեմ ցանկանում տեսնել Հայաստանի և Թուրքիայի սահմաները բացված, դա միայն կվնասի Հայաստանին։ Թող այն միշտ մնա փակ և թող բացվի միայն այն ժամանակ երբ Արևմտյան Հայաստանը նորից կլինի Հայկական Պետության անբաժանելի մասը։ Իսկ այդպիսի աստեղային ժամեր պատմությունը նորից կարող է մեզ ընծայել ապագայում և մեզ մնում է միայն օգտվել այդ պահից։

Այս Անդրկովկասյան գետնուղին կլինի մարդատար և ապրանքատար արագընթաց գնացքների ամենակարճ, ամենաէժան և գուցե ամենաապահով ճանապարհը, որը իրար կկապի Հյուսիս-Հարավ առանցքի դաշնակից պետություններին՝ Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին։
Չնայած այն բանին, որ Անդրկովկասյան գետնուղու երկարությունը մոտ 300կմ է և որը 5 անգամ ավելի երկար է քան Ալպյան լեռնաշղթայի տակով անցնող Գոթթհարդի գետնուղին, այնուամենայնիվ օգտագործելով այդ ասպարեզում արդի տեխնիկայի վերջին նորությունները՝ միջուկային ուժանյութով աշխատող հորատող հսկա մեքենաները, հնարավոր է այդ դարի նախագիծը իրագործել մոտ 20 տարում։
Փառք Արարչին, որ և Ռուսաստանը և Հայաստանը ունեն հորատելու հարուստ փորձ։ Այնպես որ սա է մեր մոտակա ապագայի անելիքը։
Պր. Նախագահ, օգտվելով առիթից թույլ տվեք նաև շնորհակալություն հայտնել Ռուսաստանի պետական Այրերին և անձամբ Ձեզ՝ մեր ազգային պետականության ապահովությունը իրականացնելու համար, որովհետև մենք և Արևմուտքից և Արևելքից շրջապատված ենք թշնամական պետություններով, որոնք օր ու գիշեր երազում են Հայկական պետականության կործանումը։

Այս նամակը թող լինի պատասխանը բոլոր արևմտամետ-գրանտակեր (ավելի ճիշտ տարբեր հետախուզական կենտրոնների կողմից վարձատրվող) այն գրչակներին, խմբակներին և քաղաքական ուժերին, որոնք օգտագործելով ամեն հարմար առիթ ցանկանում են սեպ խրել դարերի փորձությանը ենթարկված մեր երկու ազգերի բարեկամության միջև և որոնք վերջին հաշվով ցանկանում են թուլացնել և կործանել Հայկական պետականությունը։
Կեցցե՛ Հայ – Ռուսական ռազմաքաղաքական դաշինքը։

Ռոբերտ Նազարյան
27 Նոյեմբերի 2013թ., Լոս Անջելոս

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Չհասկացա սա կատակ է թե լուրջ, արդեն բան չեմ հասկանում

  2. Spartak says:

    Մարդն ապագայի լուրջ առաջարկ է անում, բայց այնքան գլոբալ ու անհավանական խնդիր է, որ անլուրջ է թվում:

  3. Լևոն Մելքումյան says:

    Մեզ ոչ մի թունել էլ պետք չի: Ընդհակառակը՝ Կովկասյան լեռնաշղթան պետք է մի քանի կիլոմետրով էլ բարձրացնել և ընդլայնել: Մեզ խիստ անհրաժեշտ է որքան հնարավոր է հեռու փախչել ռուսական արջից, և որքան հնարավոր է անհապաղ, այլապես մեր վերջը վատ է լինելու, այդ վերջն էլ արդեն երևում է:

  4. Գևորգ says:

    Շատ լավ միտք է: Թունել Վրաստանի տակով: Կեցցե:
    Միայն թե ,վախենամ, մեր տակով ել թունել փորող գտնվի, ասենք օրինակ Բաքու – Անկարա գնացքի գիծ
    անցկացնելու նպատակով: Դեմ հո չեք?

  5. artur says:

    Է քանի հլա երկրագնդի խոր ընդերքը չեն սեփականացրել ու վավերացրել միջազգաին համաձայնագրերով , հարկավոր է գորձի անցնել.Լավ կլիներ խլուրտների ցեղը ամբողջ պոպուլյացիաով ներգրավել այդ գորձի մեջ.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930