Գեղարքունիքի մարզում այս տարի լավագույն դասվար ճանաչված Աստղիկ Սիմոնյանը օրերս էլ «Լավագույն ուսուցիչ» է ճանաչվել: Նա աշխատում է Սևան քաղաքի N 6 միջնակարգ դպրոցում: Հիշեցնենք որ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը կայացել էր օրերս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ ԿԳ նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է արդեն 10 տարի: Aravot.am-ը տիկին Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են տալիս մանկավարժներին նման խրախուսանքները, եւ ինչ բարեփոխումներ կուզենար տեսնել դպրոցներում: «Կուզենայի, որ մասնավորապես տարրական դասարանները հագեցված լինեին տեխնիկական միջոցներով, դասասենյակները եւ հատկապես ֆիզկուլտ դահլիճները լավ կահավորված լինեին, որովհետեւ առողջ սերունդ դաստիարակելու համար հարկ է, որ մատաղ սերունդը ֆիզիկապես ամուր եւ կոփված լինի: Ինչ վերաբերում է նման մրցույթներին, մեծ պատիվ եմ համարում դրանց մասնակցելը: Մրցույթը եւս մեկ անգամ արժևորում է ուսուցչի դերը մեր հասարակության մեջ»,-պատասխանեց մրցանակակիրը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ Աստղիկ Սիմոնյանը տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ