Aravot.am-ը «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում «40 տարվա մանկավարժ» արտահայտությանը, արդյոք մարդը 40 տարի աշխատելով չի՞ կորցնում իր որակները: Հոգեբանը, կարեւորելով մանկավարժական փորձառությունը, այնուամենայնիվ շեշտեց, որ ժամանակի ընթացքում գիտելիքներն էլ են փոշիանում-ծերանում: «Այն մանկավարժը, որ իր վրա չի աշխատում, իր ուժեղ եւ թույլ կողմերը չի տեսնում, ժամանակի ընթացքում կորցնում է որակները: Մանկավարժը միշտ պետք է ժամանակին ու ներկա գիտելիքին համընթաց գործի, իրեն տեսնի սոցիալական դաշտի փոփոխությունների մեջ, վերանայի իմացածը, քննադատորեն մոտենա ինքն իրեն: Արդյոք այդպիսի ինքնաքննադատություն այսօրվա ուսուցիչը դրսեւորո՞ւմ է. իհարկե՝ ո՛չ: Նա հաճախ չի ընդունում երեխաների կարծիքները, անընդհատ վերեւի կարծիքն է նրանց վզին փաթաթում: Մի խոսքով, բազմաթիվ քննարկելու հարցեր կան»,-ասաց Ռուբեն Պողոսյանը:
Հոգեբանը վկայակոչեց արցախյան հերոսամարտի մասնակից տղաներին, հավաստիացնելով, որ նրանցից շատերն անշուշտ իրենց վրա կրել են հայ գրականության ու պատմության ուսուցիչների բարերար ազդեցությունը. «Ուսուցիչը, որը բազմաթիվ սերունդներ է դաստիարակում, պետք է հասկանա, որ ամեն մի սերունդ իր հետ բերում է առանձնակի որակներ, ինչի հետ պիտի հետ հաշվի նստի, ոչ թե առաջնորդվի կարծրատիպերով: Ուսուցիչը պետք է ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես սաների կողքին լինի: Արցախյան պատերազմի մեկնող երիտասարդները շատ լավ հիշում էին իրենց հայ գրականության ու պատմության ուսուցիչներին, ովքեր ինչ-որ բան էին տվել, սովորեցրել էին, նրանց լուրջ ներդրումը կար, դա տղաներին առաջնորդում էր, ուսուցիչը, ա՛յ, այդպիսին պետք է լինի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ