Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանն ու Վարդան Այվազյանը հանեցին կոստյումները

Նոյեմբեր 27,2013 14:17

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նիստը վարող հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն անընդհատ միջամտում էր պատգամավոր-կառավարութան ներկայացուցիչ հարցուպատասխանին`կառավարության ֆունկցիան իր վրա վերցնելով: Այս իմաստով, բավականին անհարմար իրավիճակի մեջ հայտնվեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, որին Այվազյանը չէր թողնում պատասխանել պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հարցերին: Միաժամանակ, տպավորություն էր, որ նախարարն այնքան էլ կոմպետենտ չէր, քանի որ բավականին ոչ հստակ պատասխաններ էր տալիս, ինչն էլ դարձավ իր եւ Խաչատուր Քոքոբելյանի լեզվակռվի առիթ: Պատգամավորը հորդորում էր պատասխանել հստակ եւ հավուր պատշաճի, քանի որ իր գնահատմամբ, կառավարությունը երբեք հստակ չի ներկայացնում հարցերը: Դավիթ Սարգսյանը վրդովվեց`պնդելով որ կառավարությունը միշտ էլ հավուր պատշաճի է ներկայացնում ու խնդրեց զերծ մնալ որակումներից: 

Խնդիրը վերաբերվում էր «Շահութահարկի մասին ՀՀ օրենքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելուն: Նախագիծը անցնում է երկրորդ ընթերցում եւ այդ ժամանակահատվածում առաջարկներ ու առարկություններ չեն եղել: Միջամտելով Քոքոբելյան-Սարգսյան «բանավեճին», Վարդան Այվազյանն առաջարկեց միմյանց հետ ջանով խոսել.«Մենք բոլորս էլ հարգում ենք իրար, թե չէ կուդա մի դենիմսյա»: 

Ի դեպ, փոփոխությունը վերաբերվում է նաեւ կուտակային երաշխիքային հիմնադրամներին: Հիշեցնենք, որ հունվարի մեկից Հայաստանն անցնելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Հրանտ Բագրատյանն ու Խաչատուր Քոքոբելյանը պարզապես հարցախեղդ արեցին Դավիթ Սարգսյանին, ով մեկ ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այլ հարց է քննարկվում եւ ինքը այդ հարցին է պատրաստ, մեկ տալիս էր պատասխաններ, որոնք չէին բավարարում պատգամավորներին եւ հավելյալ հարցեր է առաջացնում: Պատգամավորներին հետաքրքրում էր ո՞վ, ո՞ւմ հաշվին է երաշխավորելու այդ գումարները եւ նմանատիպ այլ հարցեր: Վարդան Այվազյանն անընդհատ փորձում էր պատասխաններ տալ նախարարի փոխարեն`փրկելով նրան պատգամավորներից: Բագրատյանն Այվազյանին հորդորեց չմիջամտել. «մենք լավ գիտենք`ուր ենք տանում»: Այվազյանն էլ հակադարձեց. «Ես էլ լավ գիտեմ, թե ուր եք տանում, դրա համար…»: Բանավեճն այնքան թեժ էր, որ Բագրատյանն ու Այվազյանը կոստյումներն անգամ հանեցին`դիմակայելով շոգին ու թեժ խոսակցությանը:
«Ես հինգ մատիս պես գիտեմ,թե ինչի մասին է խոսքը, ու հիմա եթե լսեիք հարցը, ապա այդպես չէիք ասի»,- վրդովվեց Հրանտ Բագրատյանը, երբ Վարդան Այվազյանը նրան թույլ չտվեց հերթական հարցը տալ:

«Հազար անգամ դու ես խոսում, թող մի անգամ էլ ես խոսամ, խոսալու համար նույն փողն ենք ստանում»,- վրդովվեց Վարդան Այվազյանն, ով շտապում էր օրակարգային հարցերն արագ քննարկել, դրական երգակցություններ ստանալ եւ նիստն ավարտել: Բագրատյանը պնդում էր հարցերը մինչեւ վերջ քննարկել: Այվազյանի կարծիքով Բագրատյանը «նույն հարցը յոթ անգամ» է տալիս: Այվազյանն ասաց, որ ինքը գուցե «կես մատի չափ» է տիրապետում հարցերին, Բագրատյանի չափ չգիտի, բայց հարցն արդեն քննարկվել է, եւ պետք չէ պերմանենտ ցիկլի մեջ ընկնել: Իր ոգեւորության մեջ Վարդան Այվազյանը «դու»-ով դիմեց Հրանտ Բագրատյանին, ինչը վերջինիս դուր չեկավ. «Արդեն իմ հետ դու-ով ես խոսում»: Այվազյանը մեղայականով եւ «Պարոն մեծարգո, պարոն Բագրատյան ջան» արտահայտությամբ ասաց. «Հիմա մենք օրենքի նախագիծ ենք քննարկում, դուք ասում եք՝ սա ինձ թարս նայեց, եւ այլն»:

Այնուհանդերձ, Բագրատյանը հնչեցրեց իր հարցը, որը վերաբերվում էր դեպոզիտների ապահովության մասնավոր հիմնադրամի ստեղծմանը եւ դրա`շահութահարկից ազատման հնարավորություններին: Ի դեպ, Բագրատյանն առաջարկեց փող ճարել եւ օգտագործել իր գաղափարը` հիմնել այդ բիզնեսը`«գտած բիզնես ա»: Ինքը չի հիմնում այդ բիզնեսը, քանի որ գումար չի գտել: «Ես փող ունեի, ամերիկացիք տարան: «Գլոբալ գոլդը» տարավ էդ փողերը»,-պատասխանեց Վարդան Այվազյանը:

Չնայած լարվածությանը, զուգահեռաբար հումորային մթնոլորտ էր: Ընդհուպ, մինչեւ Այվազյանը անեկդոտ պատմեց`Բագրատյանին դիմելով հետեւյալ եզրահանգությամբ. «Մեր վռիկը ձեր ըսկիի չափ է՞լ չկա»:

Ի դեպ, նիստի հետագա ողջ ընթացքում Այվազյանը հեգնանքով էր նկատում, որ Բագրատյանը վիրավորվեց իր դիմելաձեւից: Տեսակետների հակադրությունն ավարտվեց հումորով: «Ըտենց մի նայեք, ես ու պարոն Բագրատյանը որ խոսում ենք, լրատվության համար ենք խոսում»,- գործընկերներին դիմեց Այվազյանը: «Ես ձեր համար էի խոսում»,- ասաց Բագրատյանը: «Դուք ժողովրդի համար խոսեք, մենակ ինձ համար մի քիչ ճիշտ չի ընկալվի»,- հեգնեց Վարդան Այվազյանը:

Արդյունքում, նախագիծն ընդունվեց քառօրյայի օրակարգ: Միակ «դեմը» Հրանտ Բագրատյանն էր:

Տեսանյութը՝ A1plus.am

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930