Բնակիչները հիասթափված են ՏԻՄ ընտրություններում թե հաղթած,
թե պարտված թիմերից
Մոտ երկու շաբաթ առաջ Արարատի մարզի Արարատ քաղաքում կայացան ՏԻՄ ընտրություններ: Ընտրապայքարի դուրս եկած ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչներին սատարող քարոզիչները տալիս էին տարաբնույթ խոստումներ: Ըստ պաշտոնական տվյալների` քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկ Հայկյանը: Իրենց հաղթանակը ՀՀԿ-ականները, ավանդույթի համաձայն, նշեցին քեֆ-ուրախությունով: Հաղթական խնջույքը կայացավ նախկին մարզպետ, իր իսկ խոսքերով` լրագրողների ձեռքից հրաժարական տված Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» ռեստորանում: Չնայած խնջույքին՝ այս ընտրությունների արդյունքները գոհացուցիչ չէին Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի համար, որը կարծես առաջին քննությունը հանձներ մարզպետական աթոռին` ՀՀԿ-ի ուզած թվերը «խփելու» գործում: Թեեւ Գրիգորյանի համար կա «մեղմացուցիչ» հանգամանք` նոր մարզպետ է եւ ընտրական «տեխնոլոգիաները» գործի դնելու գործում դեռեւս այդքան էլ վարժ չէ: Բայց մյուս կողմից էլ՝ կա նրա պատգամավոր եղբոր` Արայիկ Գրիգորյանի գործոնը, ով նոր չէ ընտրությունների թոհուբոհում, եւ նրանից ակնկալիքներն ավելի շատ էին, քան մարզպետ եղբորից:
Ի վերջո՝ սա, ինչպես արարատցիներն են բնորոշում, Ծառուկյան Գագիկի ու Գրիգորյան եղբայրների կռիվն էր, իսկ եղբայրները իրենց մարզում էին, ուստի հաղթանակի ակնկալիքներն ավելի մեծ էին: Ինչեւէ, ներքուստ` ոչ այնքան գոհ, ՀՀԿ-ականները տոնեցին իրենց «330-անոց» հաղթանակը: Ընտրությունների արդյունքները չէին կարող գոհացնել նաեւ ԲՀԿ-ին: Չէ՞ որ քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ականները շատ «դուխով» ու ամպագոռգոռ էին խոսում, թե տեր են կանգնելու ձայներին եւ այլն: Բայց վերջում բավարարվեցին իրենց «բարոյական» հաղթանակով եւ հատուկ շեշտում էին, որ ընդամենը 330 ձայնով են պարտվել:
Ընտրությունների ընթացքը եւ ավարտը երանելի վիճակում չէր դրել նաեւ մարզի «թագավորներից» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նա հայտնվել էր «երկու կրակի» արանքում՝ խնամի Ծառուկյանի ու հարազատ ՀՀԿ-ի: Եվ որքան էլ նա փորձեց ընդգծված կողմնորոշում չդրսեւորել եւ իներտ մնալ այս ընտրական թոհուբոհից, ՀՀԿ-ում նրան պարտադրեցին գնալ եւ քարոզել իրենց թեկնածուի օգտին, պարել, մատ թափ տվողներին իրենց տեղը ցույց տալ:
Կարդացեք նաև
«Առավոտն» անդրադարձել է քաղաքի նախընտրական մթնոլորտին, բնակիչների տրամադրվածություններին. բնակիչները դժգոհություն էին արտահայտում իրենց սոցիալական իրավիճակից, շատերը քաղաքում որեւէ բան փոխելու հույս ու հեռանկար էին տեսնում: «Առավոտը» եղավ նաեւ հետընտրական Արարատում եւ փորձեց հասկանալ արարատցիների հետընտրական տրամադրությունները: Տրամադրության փոփոխությունը նկատելի է՝ հարցված արարատցիները մեծ հիասթափության մեջ են: Նրանցից մեկն ասաց, որ թեեւ ընտրություններն արդեն քանի օր է՝ ավարտվել են, բայց քաղաքում թշնամանքի մթնոլորտը պահպանվում է, մարդիկ բաժանվել են երկու թիմի. «Քաղաքում մերոնքականների ու թշնամիների են բաժանվել: Կարծես թե հայի ու թուրքի մասին է խոսքը: Եթե մեկը ընտրել է մյուսի չցանկացած թեկնածուին, ապա մինչեւ հիմա իրար հիշեցնում են, ինչ-որ բազարներ անում, փող են տվել՝ տեղ չի հասել, էդ բազարներն էլ են գնում»:
Մեկ այլ արարատցի էլ ասաց. «Ես հիասթափված եմ Բարգավաճից, իրանք վերեւներում լավ էլ հանրապետականի հետ ախպերություն են անում, Ծառուկյանը Սերժի հետ ջան-ջիգյարով է խոսում, բայց գալիս են էս փոքր համայնքները, բոլորին խառնում են իրար, լարվածություն ստեղծում մեր տներում, հետո իրենք գնում իրենց ջան-ջիգյարն ու չաշկա-լոժկեն շարունակում: Ամոթ է, հերիք է թատրոն խաղան, դերասանություն անեն մեր նյարդերի հաշվին: Էսօր ի՞նչ ա մեր քաղաքի լարված վիճակը»: Մասնագիտությամբ բուժաշխատող Անուշ Սարգսյանն էլ ասաց. «ԲՀԿ-ականները գալիս էին, մատ թափ տալիս, թե տեսե՜ք՝ ինչ ենք անելու ձեր ձայները գողացողներին, մենք ունենք բոլոր լծակներն ու հնարավորությունները, ոչ ոք չի կարող ձեր քվեն գողանալ: Բա ո՞ւր կորան՝ մտան մկան փարախը: Ընդամենը 300 ձայնի տարբերությամբ հաղթեց Հայկը, եթե ԲՀԿ-ն ձայներին տիրություն աներ, թեկուզ վերահաշվարկ պահանջեր, ընտրացուցակները կարողանար ճիշտ եւ մաքուր պահել, հաստատ արդյունքներն այլ կլինեին: Բայց հո մենակ խոսալով ու մատ թափ տալով չի՞: Սրանից հետո թող էլ իրենց սուտ ընդդիմադիրի տեղ չդնեն, սրանք լավ էլ պայմանավորված խաղեր են»:
Քաղաքում հիասթափություն կա նաեւ ՀՀԿ-ից: Տաղավարներից մեկի կողքին հավաքված տարեց տղամարդիկ միահամուռ համոզված են, որ ՀՀԿ-ն չհաղթեց, այլ պարզապես հերթական անգամ իրենց թեկնածուին փաթաթեցին քաղաքի վզին. «Էդքան ջանքեր թափելուց, փող բաժանելուց ու մարդկանց վախեցնելուց հետո եթե այդքան քիչ ձայնով հաղթեցին, ապա դա պարտություն է, դա ինչ հաղթանակ է, թող մտածեն այդ մասին, որ մարդիկ իրենց էլ չեն ուզում, չեն վստահում, թող իրենց հաշիվը վերցնեն»:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
Արարատ
«Առավոտ» օրաթերթ