Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգել էր՝ ուժով նստեցնելով «Մերսեդեսը»

Նոյեմբեր 27,2013 14:10

Տուժողն ամբաստանյալից պարտք ու պահանջ չունի

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մհեր Մկրտչյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Հանրային պաշտպանի գրասենյակից ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարինե Թովմասյանը բողոք է բերել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի դատավճռի դեմ եւ բողոքում միջնորդում է արդարացնել իր պաշտպանյալին՝ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը:

Ըստ մեղադրական եզրակացության, այս տարվա մարտի 15-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական քոլեջի մոտից, ամբաստանյալ Մհեր Մկրտչյանի կողմից կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով, անչափահաս Ի. Ն.-ին առեւանգելու դեպքի առթիվ Ի. Ն.-ի կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։
Ի.Ն.-ին առեւանգելու վերաբերյալ Մհերը «նախնական համաձայնության» գալով իր ընկերներ, ոմն Արմանի եւ Հարութի հետ, կազմակերպել եւ «խմբի կազմում» իրականացրել է Ի.Ն.-ի առեւանգումը: «Քննությամբ դեռեւս չպարզված անձի կողմից» վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով իր ընկերների հետ Մհերը «Էրեբունի» բժշկական քոլեջի մոտ սպասել են Ի.Ն.-ին։ Ի.Ն.-ն իր ընկերուհու հետ էր: Մ. Մկրտչյանը, ըստ գործի նյութերի, մոտեցել է Ի.Ն.-ին, ուժով նստեցրել է «Մերսեդեսը», որի մեջ էին վերոնշյալ ընկերները:

Նրանք Ի.Ն.-ին տեղափոխել են «քննությամբ դեռեւս չպարզված ինչ-որ շինություն», որտեղ Ի.Ն.-ն եւ Մ. Մկրտչյանը մնացել են մոտ 2 ժամ: Մ. Մկրտչյանը բանալիով փակել էր դուռը, որպեսզի Ի.Նուրբեկյանը դուրս չգա։ Այդ ժամանակ հեռախոսով անընդհատ զանգել է Ի.Ն.-ի հայրը, ստիպված են եղել նույն ավտոմեքենայով անչափահասին տեղափոխել Էրեբունու փողոց, ապա պատահական տաքսիով Մ. Մկրտչյանը եւ Ի.Ն.-ն գնացել են քոլեջի ուղղությամբ։ Ճանապարհին Մ. Մկրտչյանն իջել է տաքսիից, Ի.Ն.-ն գնացել է տուն։
Տուժողը ցուցմունք էր տվել, որ Մհերն իր ընկերն է եղել, ում հետ հանդիպել են, իսկ դեպքի օրը եղել են գժտված։ Առեւանգման օրը պահակակետի մոտ հանդիպել է Մհերին։ Վերջինս մոտենալով՝ իրեն առաջարկել է խոսել, սակայն ինքը չի ցանկացել, որից անմիջապես հետո Մ. Մկրտչյանը, բռնելով իր ձեռքից, նստեցրել է մի մեքենա ու քոլեջի մոտից գնացել են ամայի մի վայր, որտեղ շարունակել են զրուցել։ Ըստ տուժողի, երբ հայրը զանգել է հեռախոսով, Մհերը խոսել է հոր հետ: Դրանից հետո վերջինս իրեն մի պատահական տաքսի է նստեցրել ու ճանապարհել է քոլեջ։ Քոլեջից տուն գնալիս հանդիպել է զայրացած հորը, որի հետ էլ գնացել են ոստիկանություն ու հաղորդում տվել։

Աղջկա հայրը ցուցմունք էր տվել, որ դեպքի օրը իրենց տան մոտակայքում հանդիպել է դստեր համակուրսեցուն, ով իրեն հայտնել է, որ քոլեջի մոտ Մհեր Մկրտչյանը մեքենայից իջնելով ու կտրելով իրենց ճանապարհը, բռնել է Ի.-ի ձեռքը, նստեցրել է ավտոմեքենան ու փախցրել է։
Մհեր Մկրտչյանը իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա դատարանում հայտնել էր, որ ընկերուհու հետ գժտված են եղել եւ ինքն ընդամենը ցանկացել է նրա հետ հաշտվել, այլ՝ ոչ թե առեւանգել.
«Ձեռքից բռնելով, ոչ թե ուժով, այլ ուղղակի բռնելով, միասին նստել են պատահական տաքսի ավտոմեքենա ու գնացել են զրուցելու։ Զրուցելուց հետո ինքն Ի.-ին տուն է ճանապարհել»։ Ամբաստանյալը հայտնել էր նաեւ, որ եղել է մենակ, իր հետ ոչ մի ընկեր չի եղել, եւ ոչ մի փակ տարածք էլ ինքն Ի.Ն.-ին չի տարել, զրուցել են բացօթյա վայրում։

Տուժողը ամբաստանյալ ընկերոջից պարտք ու պահանջ չուներ, այդպիսով, դատարանը հանգել էր նրան, որ քաղաքացիական հայցի հարցը պետք է համարել լուծված։
Ի դեպ, այս քրեական գործից անջատվել է Ի.Ն.-ի առեւանգմանը մասնակից «անհայտ անձանց» վերաբերյալ մասը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930