Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչնչացնում են նաեւ մեր մանկությունը, մեր հուշերը»

Նոյեմբեր 27,2013 14:05

Մարցի բնակիչները շարունակում են պնդել, որ երրորդ ՀԷԿ-ի կառուցումը իսպառ կոչնչացնի գյուղի բնությունը

58-ամյա Սիլվա Ղազարյանն իր կյանքի մեծ մասը` 45 տարին, Մարցում է ապրել:
Նա հիշում է, թե փոքր ժամանակ ինչպես էր գյուղի երեխաների հետ գնում գետ, նստում խոտերին ու հիանում բնությամբ:

Այժմ, սակայն, կնոջ աչքերի առաջ մանկության գետի պատկերը լրիվ փոխվել է. նախկինում կանաչով հարուստ ու ջրով լի գետի տարածքը կամաց-կամաց ոչնչանում է:
«Երրորդ ՀԷԿ-ի կառուցումն ամբողջովին կավերի Մարցի բնությունը, արդեն իսկ միայն մամռոտ քարեր են մնացել: ՀԷԿ-ը Մարցին պետք չի: Այդ բնությունը մենք գոնե տեսել ենք, իսկ մեզնից հետո մեր սերունդները ինչ են տեսնելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է 58-ամյա Սիլվա Ղազարյանը:

«Եթե հաշվի առնենք տնտեսական կողմը, ապա գյուղի մեծ մասը ապրում է այդ բնության բարիքներով: Իմ մանկությունն անցել է այդ գետի մոտ, ցավ եմ ապրում, որ հիմա գետը ոչնչացման եզրին է: Այսինքն` ոչնչացնում են նաեւ մեր մանկությունը, մեր հուշերը»,-ասում է Մարցի նախկին բնակիչ Ռուզաննա Ղազարյանը:

Նաիրա Կիրակոսյանն էլ, ով նույնպես մանկությունն անց է կացրել Մարցում, նկատում է, որ մինչ ՀԷԿ-երի կառուցումը շատերը գյուղ էին գնում իրենց մանկությունը վերապրելու, հանգստանալու համար, այժմ, սակայն, երրորդ ՀԷԿ-ի կառուցումը ի չիք կդարձնի այդ ամենը:
«Առանց գյուղացիների հետ հատուկ պայմանագրեր կնքելու՝ խողովակաշարեր են անց կացնում, գիշեր-ցերեկ շինարարություն են անում: Արդեն որերորդ անգամ ոտնահարվում է գյուղի բնակչի շահերը, իսկ ինչպես կարող է այդ սեփականատերը, խողովակաշարեր տեղադրողը լավ բան անել գյուղի համար, եթե չի հարգում գյուղացու կարծիքը: Այդ դեպքում ինչպես կարող են խաղաղություն պահանջել, կամ գյուղացուն լռեցնել, եթե քիչ է մնում` մտնեն տները, ասեն՝ էս ծառն իմն է, էս սարն իմն է: Ներկայումս գյուղում այդ մթնոլորտն է»,- մեզ հետ զրույցում եզրափակում է Նաիրա Կիրակոսյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930