Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացու եւ ասիացու տարբերությունը. Օրինապաշտի անկյուն

Նոյեմբեր 27,2013 13:51

Մենք եվրոպացի՞ ենք, թե՞ ասիացի: Այդ հարցն այսօր դիտարկվում է տարբեր՝ աշխարհաքաղաքական, ներքաղաքական, «մաքսային» եւ «ասոցացման» տեսանկյուններից: Ինձ համար հարցը նաեւ անձնական է. այսօրվա Հայաստանում եվրոպացին նա է, ով հարգում է պետության օրենքները եւ ձգտում է ինքնահաստատվել օրինական, տքնաջան, ամենօրյա աշխատանքով: Ասիացին նա է, ով քամահրական վերաբերմունք ունի օրենքի նկատմամբ, ով փորձում է ինքնահաստատվել օրենքը խախտելով, ով դրա մեջ տեսնում է իր «շուստրի» եւ «աչքաբաց» լինելու առավելությունը, ով իր օրվա մեծ մասն անց է կացնում փնթփնթալով եւ բողոքելով, ով իր օրինախախտ լինելն արդարացնում է ուրիշների (որպես կանոն, «վերեւների») օրինախախտ լինելով:

Մենք ուզում ենք «Առավոտի» 2-րդ էջի այս անկյունը նվիրել այդ «ապաքաղաքական» խնդրին՝ անվանելով այդ հոդվածաշարը «Օրինապաշտի անկյուն»: Ուզում ենք սկսել արագաչափերի թեմայով մի քանի հոդվածով, որովհետեւ դա, իմ կարծիքով, լակմուսի թուղթ է:
Եթե իմ նպատակը, օրենքը խախտելով, «ուրիշի վրով անցնելն» է եւ անպատիժ մնալը, ապա ես, անշուշտ, պետք է դեմ լինեմ արագաչափերին: Եթե իմ նպատակն է խախտում անել՝ այն հույսով, որ ճանապարհային ոստիկանն ինձ կճանաչի եւ կասի՝ «վայ, դուք էն հաղորդավարն եք, չէ՞, ես ձեզ տելեւիզորով միշտ նայում եմ», որից հետո իմ խախտումը կներվի, ապա դարձյալ ինձ ձեռնտու է, որ փողոցում աշխատի մարդկային գործոնը, ոչ թե անշունչ առարկան: Եթե ես պաշտոնյա եմ, օլիգարխ եմ կամ նրանց «բալան» եմ, կամ «թայֆայի» անդամը, ապա ես դարձյալ կցանկանամ, որ ինձ կանգնեցնի «կենդանի ոստիկանը», ես ցույց տամ «նարուշիլովկան» կամ զանգեմ՝ ում որ հարկն է, որ ինձ բաց թողնեն: Բոլոր թվարկած եւ բազմաթիվ այլ դեպքերում ինքնահաստատման ձեւը օրենքը խախտելն է եւ սեփական բացառիկությունը դրանով ապացուցելը:

Կան մարդիկ, որոնք (ենթադրենք՝ անկեղծորեն) պնդում են, որ նրանք չեն ուզում խախտել, բայց նյարդայնանում են: Նրանց մասին՝ հաջորդ անգամ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hakob says:

    Выше законов может быть – любовь! Выше права – милость! Выше справедливости – прощение. Этого достаточно, что бы не опускаться ниже человеческого уровня.

    Евгений Леонов

  2. Vahan says:

    Ամեն քայլափոխին օրենք պարտադրողները նախ իրենք մեկ ու մեջ պիտի օրենքի դաշտում լինեն: Այ եթե գրպանաչափեր էլ ներկրեին ու փակցնեին «ժողովուրդ – կառավարություն» անվերահսկելի ճանապարհին՝ նոր ամեն բան իր տեղը կնկներ: Թէ չէ՝ «քլունգի պես միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ… եղիր հեզ բանող եզ»:

  3. Maxim says:

    Եթե սկսենք արագաչափիչների թեմայից, ապա պետք է ասել, որ՝ Եվրոպայում այդ սարքերի վրա կա
    նաև էլ. վահանակներ, որոնք 100մ.-ից ցույց են տալիս տվյալ ավտոմեքենայի արագությունը, ժամը,
    օրը և վայրը, որը և հետագայում տուգանքի դեպքում՝ նշվում է կտրոնի վրա և տուգանվողին կասկածի առիթ չի տալիս։ Ինչը որ մեզ մոտ բացակայում է, և ինչպես շատ դեպքերում,՝ մութ արկղի
    տեսք է տալիս։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930