Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է «Բացարձակ ճշմարիտ ուղին»

Նոյեմբեր 27,2013 13:35

1990-ական թվականներին Հայաստանում ձեւավորվեց կարատեի «Կիոկուշին» ոճը, որը թարգմանաբար նշանակում է «Բացարձակ ճշմարտության ուղի»: Սակայն ստեղծված մի քանի կազմակերպություններն ու ֆեդերացիաները ինչ-ինչ պատճառներով չկարողացան այս մարտարվեստին լայնատարած ու մեծ թափ հաղորդել:

Մեկ տարի անց Թբիլիսիից Հայաստան տեղափոխված Անդրանիկ Հակոբյանը, որը դեռ այնտեղ էր ուսումնասիրել այս մարտարվեստը, Երեւանում «Կիոկուշինի» իր խմբակը բացեց` միաժամանակ դասավանդելով նաեւ Մ. Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում: Սակայն որոշ ժամանակ անց նա երկընտրանքի առաջ կանգնեց. շարունակել մարզել ապագա սպաներին, կամ զբաղվել իր խմբակի զարգացումով: Ընտրությունը կանգնեց երկրորդի վրա: Պատճառների մասին Անդրանիկն ասել է, թե բանակայիններին պատրաստելը լավ գործ է, սակայն գերադասել է զբաղվել երեխաներով, որպեսզի նրանք բանակ գնան արդեն ֆիզիկապես պատրաստված: Ընդ որում, նրա հավաստմամբ, այն ժամանակ խմբակը գործել է անվճար: Հետագայում ծառացել է պաշտոնական կարգավիճակի խնդիրը, առանց որի անհնար էր զարգանալ: Սակայն ոչ մի աջակցության չի արժանացել: Եվ ընկերոջ` Վրաստանի կիոկուշինկան կարատեի ֆեդերացիայի նախագահ Անզոր Չուբինիձեի խորհրդով դիմել է այդ մարտարվեստի միջազգային կազմակերպություն` դրա կազմի մեջ մտնելու խնդրանքով: Երաշխավորագրերը տվել են Վրաստանի եւ Ուկրաինայի ֆեդերացիաները: Արդյունքում, միջազգային կազմակերպությունը, որը ղեկավարում է «Կիոկուշինի» հիմնադիր Մասուտացու Օյամայի լավագույն սաներից մեկը՝ վարպետ Հացուո Ռոյաման, մարտարվեստի հայկական կազմակերպությունը ճանաչել է որպես լիարժեք անդամ: Այդպես, 2005 թվականին ծնվել է «Կիոկուշինկան կարատե-դո Հայաստանի ֆեդերացիան»:

Ֆեդերացիայի ստեղծվելուց հետո, ըստ Անդրանիկ Հակոբյանի, մարզաձեւը Հայաստանում իսկական վերելք է ապրել: Բազմաթիվ խմբեր են բացվել ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, սահմանամերձ գոտիներում, Արցախում: «Կիոկուշինը երեխաների եւ պատանիների դաստիարակության եզակի համակարգերից է, կրթական գործընթացի ու առողջ ապրելակերպի հուսալի նեցուկ,- ասում է Անդրանիկ Հակոբյանը: – Սակայն մինչ օրս դեռեւս 90-ականներից ձեւավորված այն կարծիքը կա, թե մարտարվեստի խմբակները նպաստում են քրեական տարրերի բազմացմանը, համալրում ֆիզիկապես պատրաստված հանցագործների եւ կասկածելի թիկնազորերի շարքերը: Բայց իրականում պատկերը հակառակն է: Կիոկուշինով մարզվողների շարքերում իրավախախտների թիվն անհամեմատ ավելի ցածր է, քան չմարզվողների մեջ»:

Երեխաները կիոկուշինով զբաղվել ցանկանում են մարզային, հանրապետական եւ միջազգային մրցումներին մասնակցելու համար, որն անվճար է կազմակերպվում: Ֆեդերացիայի նախագահի խոսքերով, կիոկուշինի հայկական դպրոցը մեծ հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում: Հայ մարզիկները միջազգային մանկապատանեկան եւ մեծերի առաջնություններում հավասար պայքար են մղում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Ճապոնիան: Մեր մարզիչների մի մասն ամեն տարի վերապատրաստման դասընթացներ են անցնում Ճապոնիայում` միջազգային կազմակերպության կենտրոնում: Անդրանիկ Հակոբյանն էլ իր սեւ գոտի 4-րդ դանն ստացել է Ճապոնիայում, անձամբ Հացուո Ռոյամայից: Իսկ վերջինն էլ 2 տարի առաջ ժամանել է Հայաստան ու անձամբ սեմինար պարապմունքներ անցկացրել, որոնց մասնակցել են անվանի մարզիկներ ու մարզիչներ Ռուսաստանից եւ Վրաստանից: Հայաստանի կիոկուշին կարատե դո կազմակերպության կատարած աշխատանքի արդյունքն էր, որ անցած տարի Երեւանում անցկացվեց Եվրոպայի պատանիների ու մեծերի առաջնությունը: «Հաջողությունների հարցում մեծ ներդրում ունի «Միկա» հոլդինգը, որը հովանավորում է մեր, հատկապես պատանի մարզիկների ուղեւորությունները միջազգային մրցաշարեր: Ցավոք, այս ամենը փուշ են դարձել ոմանց աչքին, եւ նրանք մեզ վարկաբեկելու համար ջանք ու եռանդ չեն խնայում: Մենք խիստ ենք մեր ֆեդերացիայի այն եզակի անդամների հանդեպ, ովքեր փորձում են կազմակերպությունն օգտագործել սեփական շահերի համար, կամ անտեսում են իրենց մարզչական, դաստիարակչական պարտականությունները», – ասում է Անդրանիկ Հակոբյանը եւ ավելացնում, որ մի քանի օր առաջ անցկացվել է Կիոկուշինկանի հերթական բաց առաջնությունը, իսկ մի քանի օր հետո հայ մարզիկները միջազգային մրցումների են մեկնելու Բուլղարիա եւ Վրաստան:

Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930