Վերջերս Բուխարեստում կայացավ ռումինահայ մշակութային ժառանգության հիմնախնդիրներին եւ երկու ժողովուրդների միջեւ դարավոր պատմական կապերին նվիրված «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որ Հայաստանի եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ 2011թ. աշնանը ստորագրված մշակույթի, կրթության ու գիտության բնագավառներում համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացվող առաջին միջոցառումն էր: Գիտաժողովի կազմակերպման գործում հատկապես մեծ էին Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց միության եւ Ռումինահայոց թեմի ջանքերը:
Զգալի էր նաեւ գիտաժողովի գիտական համակարգողներ՝ արվեստագիտության դոկտոր, ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզյանի եւ Նիկոլայ Յորգայի անվան պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Վիորել Ակիմի ավանդը: Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Ռումինիայի ազգային գրադարանի նիստերի դահլիճում, որտեղ ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայի մշակույթի նախարար Դանիել-Կոնստանտին Բարբուն, Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի կրոնական գործերով պետքարտուղար Վիկտոր Օպաշին, Ռումինիայի միջէթնիկ հարաբերությունների գծով փոխպետքարտուղար Քրիսթին Գերթրուդ Կոսմատուն, Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, գիտական համակարգողներ Լեւոն Չուգասզյանը եւ Վիորել Ակիմը:
Ելույթ ունեցողներն իրենց ողջույնի խոսքում հատկապես կարեւորեցին Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման եւ պահպանման հիմնախնդիրները:
Երկու օր շարունակ ընթացող նիստերին ելույթ ունեցան շուրջ 30 գիտնականներ՝ Հայաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Հունգարիայից, Ֆրանսիայից: Հայաստանի պատվիրակության կազմում էին գիտնականներ եւ երիտասարդ մասնագետներ Երեւանի պետական համալսարանից, ՀՀ ԳԱԱ Պատմության եւ Արեւելագիտության ինստիտուտներից, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից, Հայաստանի ազգային գրադարանից: Զեկուցումները նվիրված էին ռումինահայության եւ ռումինահայ համայնքի պատմությանը, Ռումինիայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում հայերի ունեցած դերին եւ նշանակությանը, նշանավոր հայերի գործունեությանը, ռումինահայ հոգեւոր եւ նյութական մշակույթին, գեղարվեստական փոխազդեցություններին եւ այլն: Կարեւոր է հատկապես այն հանգամանքը, որ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունը դուրս չի մնացել ուսումնասիրողների ուշադրությունից, եւ նախորդ դարասկզբին պատմաբան Նիկոլայ Յորգայի եւ խոշոր հայագետ Հակոբ Սիրունու կողմից սկսած գործը, չնայած ավելի համեստ կերպով, սակայն շարունակվում է նաեւ մեր օրերում հայ եւ օտարերկրացի մասնագետների կողմից: Այս առումով հատկապես պետք է առանձնացնել մի քանի ուշագրավ ուսումնասիրություններ, որոնք ներկայացվեցին գիտաժողովին: Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյլանի hամալսարանի պատմության եւ փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր Ջուդիթ Պալի զեկուցումը վերաբերում էր 18-19-րդ դդ. Տրանսիլվանիայի քաղաքային կյանքի զարգացման գործում հայերի ունեցած նշանակալի դերին:
Նիկոլայ Յորգայի անվան պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Գեորգե Լազըրի զեկուցումը 17-րդ դարում եւ 18-րդ դարասկզբին Վալախիայի հայ վաճառականների գործունեության մասին էր:
Հետաքրքրական էր ճարտարապետության դոկտոր, Կլուժ-Նապոկայի Ճարտարապետության եւ քաղաքաշինության դպրոցի պրոֆեսոր Վիրջիլ Պոպի ելույթը` նվիրված ներկայիս Գեռլա (նախկինում`Հայաքաղաք կամ Արմենոպոլիս) քաղաքին: Հայաքաղաքը Տրանսիլվանիայում գլխավոր հատակագծի հիման վրա կառուցված առաջին քաղաքն էր, որ հիմնադրվել էր նորաբնակ հայերի կողմից: Բուխարեստի Կերպարվեստի ազգային համալսարանի պրոֆեսոր՝ հայազգի Վլադ Բեդրոսը մի քանի հուշարձանների օրինակով ներկայացրեց Ռումինիայի միջնադարյան ճարտարապետության մեջ առկա կովկասյան եւ, հատկապես, հայկական ազդեցությունները:
Կարդացեք նաև
Ռումինիայում ստեղծված հայկական ձեռագրերի մասին էին հայտնի ֆրանսահայ հայագետ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանի եւ արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի դոցենտ Սեյրանուշ Մանուկյանի զեկուցումները:
Գիտաժողովին առաջին անգամ ներկայացվեցին Բուխարեստի հայկական եկեղեցու թանգարանի եկեղեցական հագուստի եւ արծաթե իրերի ուսումնասիրության ուղղությամբ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի երիտասարդ մասնագետներ Նելլի Սմբատյանի եւ Մարիամ Վարդանյանի կատարված աշխատանքների արդյունքները: Վերջիններս Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի հրավերով եւ նախաձեռնությամբ սկսել են թանգարանի գեղարվեստական գործվածքի եւ մետաղի հավաքածուների ուսումնասիրությունը:
Գիտաժողովի մասնակիցների համար նախատեսված էր մշակութային հարուստ եւ հագեցած ծրագիր: Նրանք դիտեցին Ռումինիայի կոլեկցիոներների թանգարանի մաս կազմող Հրանտ, Կարապետ եւ Բեատրիս Ավագյանների արվեստի նմուշների բարձրարժեք հավաքածուները, եղան Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց հայկական եկեղեցում եւ Դուդյան մշակույթի տանը: Գիտական զեկուցումներին հաջորդած երեք օրերի ընթացքում մասնակիցները շրջեցին ռումինական երբեմնի հայաշատ Թըրգու Օկնա, Սուչավա, Բոթոշան, Ռոման քաղաքներով, այցելեցին հայկական տարբեր եկեղեցիներ եւ վանական համալիրներ: Գիտնականները հատկապես տպավորված էին Սուչավա քաղաքում գտնվող Հաճկատար եւ Զամկա հայկական վանքերի ճարտարապետական հորինվածքով: Նրանք այցելեցին նաեւ մի շարք ռումինական ճարտարապետական հուշարձաններ, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող Վորոնեց, Սուչեւիցա եւ Մոլդովիցա վանքերը: Գիտնականների խմբին շրջագայության ողջ ընթացքում ուղեկցում էին Ռումինիայում ՀՀ դեսպանը եւ Ռումինիայի մշակույթի փոխնախարար Իրինա Կաժալ-Մարինը: Այս գիտաժողովը ռումինահայ հարուստ մշակութային ժառանգության ուսումնասիրությանն ու պահպանությանն ուղղված մեծ ծրագրի առաջին հաջողված քայլն էր եւ ամենից առաջ կոչված էր ներկայացնելու եւ արժեւորելու Ռումինիայում հայկական դարավոր ներկայությունը: Գիտաժողովի մասնակիցներն իրար հրաժեշտ տվեցին այն լուսավոր ակնկալիքով, որ մշակութային այս համագործակցությունը կդառնա շարունակական եւ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Երեւանում:
ՆԵԼԼԻ ՍՄԲԱՏՅԱՆ
ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի դասախոսներ
«Առավոտ» օրաթերթ