Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով Երեւանում էին ՌԴ վաստակավոր արտիստուհի Նոննա Գրիշաեւան եւ Դմիտրի Իսաեւը: Նրանք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանդես եկան Սերգեյ Դուբրովինի ռեժիսուրայով բեմադրված «Վարշավյան մեղեդի» ներկայացմամբ՝ ըստ Լեոնիդ Զորինի համանուն լեգենդար ստեղծագործության:
Պարզ մարդկային պատմություն սիրո մասին, որ հուզեց դահլիճը: Դերասանները խաղում էին բնական, անբռնազբոս, առանց ավելորդ ճիգի ու բավականին համոզիչ: Հուզիչ էր հատկապես Նոննա Գրիշաեւայի խաղը: Նա տարբեր էր խաղում որպես երիտասարդ աղջիկ, ամուսնացած կին եւ հասուն երգչուհի. ասես երեք արտիստներ մարմնավորեին հերոսուհուն կյանքի տարբեր շրջաններում:
Ամեն ինչ սկսվում է նրանից, որ պատերազմից հետո կոնսերվատորիայի մեծ դահլիճում հանդիպում են երկու ուսանող՝ ազգությամբ լեհ, ապագա երգչուհի Գելյան եւ պատերազմի մասնակից՝ ապագա գինեգործ Վիկտորը: Գելյան ռուսերեն խոսում է օտարերկրացիներին բնորոշ առոգանությամբ եւ սխալներով, Վիկտորին թվում է, թե նա Մերձբալթիկայից է: Հետո հասկանում է, որ աղջիկը «ո՛չ սովետական» է: Համերգից հետո երիտասարդները մտերմանում են, պատմում միմյանց մասին: Գելյային ռուսերեն է սովորեցրել հայրը, Վիկտորը սիրում է Օմար Խայամ: Գելյան պատմում է լեհ թագուհի Յադվիգայի մասին, որին երիտասարդներն ավանդաբար նամակներ են գրում ու ակնկալում իրենց երազանքների իրականացումը… ճիշտ է, իր առաջին նամակն այն մասին էր, որ դուր գա մաթեմատիկայի ուսուցչին: Ներկայացումը երջանկության մասին է, որը կարող է փշուր-փշուր լինել՝ բախվելով իրականությանը, տվյալ դեպքում՝ խորհրդային:
Երիտասարդները չեն կարող ամուսնանալ, որովհետեւ նոր օրենք է ուժի մեջ մտել, որն արգելում է արտասահմանցիների հետ ամուսնությունը, այն դեպքում, երբ երազանքները սահմաններ չեն ճանաչում, ու սահմանները միայն երկրային են: Գելյան ու Վիկտորը կորցնում են միմյանց:
10 տարի անց հանդիպում են Լեհաստանում: Վիկտորը գիտությունների թեկնածու է, անգամ փողկապ է կրում: Ի դեպ, տարիներ առաջ առաջին փողկապը նրան հենց Գելյան էր նվիրել ամանորի առիթով: «Գուցե դրանում էր իմ պատմական դերը քո կյանքում»,- կատակում է արդեն կայացած երգչուհին, որին ողջ Լեհաստանը գիտի: Գելյան դեռ հիշում է իրենց բոլոր հանդիպումները, անգամ շարունակել է նամակներ գրել թագուհի Յադվիգային, որ վերադարձնի սիրած էակին՝ Վիկտորին: Նրանց միասին լինելը, սակայն, անհնար է: Վիկտորը սովետական մարդ է. նրա կապանքները ոչ միայն իր երկրում տիրող համակարգի հետ են կապված, այլեւ ընտանեկան են՝ ամուսնացած է: Այնպես որ, Սեւակի բառերով ասած, Գելյայի հասուն տանջանքն ու Վիկտորի խակ սերը անհամատեղելի են:
Կարդացեք նաև
10 տարի անց Գելյան հյուրախաղերով Մոսկվայում է: Ընդմիջմանը Վիկտորն այցելում է դիմահարդարման սենյակ: Գելյան հանգիստ է վերաբերվում այն մարդու այցին, ում ժամանակին սիրել է խենթի նման: Վիկտորն արդեն գիտությունների դոկտոր է, կարիերայում հաջողակ, ընտանիքում՝ դժբախտ, քանի որ բաժանվել է կնոջից:
Երկուսն էլ գիտեն, որ փոխվել են ժամանակները, որ երիտասարդները կարող են նոււյնիսկ ամուսնանալ օտարերկրացիների հետ: Վիկտորին դա պետք չէ… Գելյան գերադասում է «մեռնել» սիրուց, քան «ապաքինվել»: Ինչպես կանանց մեծամասնությունը, նա ի վիճակի չէ լռեցնել սրտի ձայնը, չնայած իրեն սթափ մարդ է համարում: Ափսոս, որ անպարագիծ սերը իբրեւ հուշ է մնալու, ջահել օրերի քաղցր երազ ու անուշիկ մեղեդի:
Ներկայացման ավարտին հանդիսատեսը 10 րոպե հոտնկայս ծափահարում էր ռուս արտիստներին: Ընդհանրապես ողջ ներկայացումը կտոր առ կտոր ընդմիջվում էր ծափահարություններով: Հանդիսատեսին գրավել էր առանց ձեւականությունների, անկեղծ խաղը եւ բեմադրության մեջ առկա ինքնահումորը…
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ