Բավարիայի պետական բալետի մենապարող Տիգրան Միքայելյանը՝
իր եւ բալետային արվեստի մասին
Որքան էլ ժամանակի հետ դասական արվեստի տարբեր ոլորտներ մուտք են գործում նորարարություններ կամ, ինչպես ընդունված է ասել՝ դասականը մոդեռնիզացվում է, այդուհանդերձ, յուրաքանչյուր՝ նույնիսկ կայացած արվեստագետի ստեղծագործական ընթացքի վրա դրանք որեւէ ազդեցություն ունենալ չեն կարող: Կոնկրետ, վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում, բալետային արվեստի հայրենական եւ արտերկրյա ներկայացուցիչների գերակշիռ մասը նախընտրում է ժամանակակից ու մոդեռն բալետը:
«Առավոտի» հետ զրույցում պարզեցինք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, Բավարիայի (Մյունխեն) պետական բալետի մենապարող Տիգրան Միքայելյանը շուրջ 15 տարի ապրելով ու ստեղծագործելով Եվրոպայում, հավատարիմ է մնացել դասական բալետային արվեստին: Պրեմիեր պարողը Ազգային օպերային թատրոնում նոյեմբերի 29-ին առաջին անգամ հանդես կգա Սպարտակի մենապարով՝ Խաչատրյանի համանուն ներկայացման մեջ: Թե ինչու է հավատարիմ դասական բալետին, արվեստագետի համոզմամբ՝ իր ընտանեկան դաստիարակությունն ու մասնագիտական կրթությունը իսկապես դասական են. ծնողները պրոֆեսիոնալ պարողներ են, մայրն էլ՝ Սուսաննա Միքայելյանը, մինչ օրս բեմում է: Նա մասնագիտական կրթություն ստացել է Երեւանի պարարվեստի քոլեջում, բալետային արվեստի անվանի դեմքեր Նորայր Մեհրաբյանի, Հովհաննես Դիվանյանի, Արմեն Գրիգորյանի եւ մյուսների ղեկավարությամբ: Մեր զրուցակիցը հատուկ նշեց, որ իր դասական ընտանեկան դաստիարակությունը, այն է՝ կարգապահություն ամեն ինչում, հարգանք միմյանց նկատմամբ եւ այլն, նույն եվրոպաներում գնահատվում եւ ընդունվում է, երբեմն նույնիսկ մասնագիտականից առավել:
Զրույցի ընթացքում Տիգրան Միքայելյանը հայտնեց, որ ավարտել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջը եւ արժանանալով մեծանուն Նուրիեւի միջազգային ֆոնդի կրթաթոշակին, մեկնել է Շվեյցարիա՝ Ցյուրիխի բալետային խումբ, որտեղ 8 տարի աշխատելուց հետո, 2005-ին տեղափոխվել է Մյունխեն: «Իմ ընկալմամբ բալետային աշխարհը համեմատաբար փոքր է, օրինակ, օպերայինից հենց թեկուզ խաղացանկում ընդգրկված ներկայացումների քանակով: Բավարիայի պետական բալետի խաղացանկը դասական բեմադրություններով անհամեմատ հարուստ է արեւմտյան ցանկացած թատրոնի խաղացանկից: Ընդ որում, այստեղ ներկայացումներ իրականացրել են մեր օրերի մեծանուն խորեոգրաֆներ, այդ թվում՝ Ջոն Նոյմայեր, Մաց Էկ, Քիլիան Ֆորսայթ…»,- նշեց արվեստագետը:
Բավարիայում հետաքրքրվա՞ծ են հայկական բալետային արվեստով հարցին էլ պատասխանեց. «Առանձնապես հետաքրքրված չէին, սակայն 2010թ., երբ «Հզոր զգացմունքներ» խումբը, որտեղ միայն հայ պարողներ են, ներկայացավ գերմանացի հանդիսատեսին, հաջողությունն այնքան ակնհայտ էր, որ պարտադրեց մասնագետներին հետաքրքրվել նույնիսկ Երեւանի պարարվեստի քոլեջով»:
Իսկ թե ինչպե՞ս է, որ բեմական ստեղծագործական ուղին Հայաստանում չսկսած արտիստը արժանացել է ՀՀ վաստակավորի կոչման, Տիգրան Միքայելյանն ուներ իր բացատրությունը. «Ժամանակին՝ սկսած 2002-ից, հանդես եմ եկել Երեւանի օպերային թատրոնում Բազիլի դերապարով՝ Մինկուսի «Դոն Կիխոտում», Խաչատրյանի «Գայանեում» Արմեն եմ մարմնավորել, եւ այլն: Նույնիսկ Հայաստանի բալետային խմբի հետ հյուրախաղերի եմ մեկնել արտերկիր, այդ թվում՝ Ստամբուլ, Մոսկվա… Ի վերջո, բալետի արտիստի բեմական կյանքը կարճատեւ է, իսկ ես ավելի քան 15 տարի հայրենիքս եմ ներկայացնում աշխարհում»: Ասվածին արվեստագետը հավելեց, որ հայրենիք այս այցը չափազանց կարեւոր է իր համար. «Առաջին անգամ Սպարտակ եմ ներկայացնելու, որի տեսագրությանը անհամբեր սպասում են Բավարիայի թատրոնում»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ