Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուն հանդես են եկել համատեղ ուղերձով: ՈՒղերձի ազատ թարգմանությունը մեջբերում ենք «Հայաստանի Հանրապետություն» թերթից:
Վաղը Եվրոպական միության առաջնորդները Արեւելյան Եվրոպայի գործընկերների հետ հավաքվելու են գեղատեսիլ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, որտեղ տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը։ Վիլնյուսյան գագաթնաժողովը լինելու է եվրոպական ընդարձակ մայր ցամաքի երկրները միմյանց մոտեցնելու եւ ընդհանուր արժեքների եւ նպատակների շուրջ համախմբելու մտադրության ապացույցը։
Արեւելյան գործընկերությունը (ԱլԳ) Եվրոպական միության այն հիմնական գործիքն է, որի միջոցով մեր արեւելյան հարեւանների հետ քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումն առաջ է մղվում։ ԱլԳ–ին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։
Մեր նպատակն է միասին աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ՝ աստիճանաբար կառուցելու օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական, բարեկեցիկ եւ կայուն հարեւանություն։
Կարդացեք նաև
Ժողովրդավար հարեւանությունն այն է, որտեղ բազմակուսակցական համակարգերը եւ հիմնարար ազատությունները պահպանվում են, որտեղ ինքնիշխանությունը հարգված է, որտեղ կարգախոսը համագործակցությունն է, այլ ոչ թե մրցակցությունը։
Բարեկեցիկ հարեւանությունն այն է, որտեղ ստեղծվում են ավելի շատ աշխատատեղեր եւ գործարարության հնարավորություններ, որից հավասարապես օգուտ են քաղում ե՛ւ ԵՄ, ե՛ւ մեր գործընկեր երկրների ձեռնարկատերերը, որտեղ տրանսպորտային կապերն ամուր են, ճամփորդելու հնարավորությունները եւ ուսանողների փոխանակման ծրագրերը՝ բազում։
Կայուն հարեւանությունն այն է, որտեղ բաց հակամարտությունների ռիսկն անհետանում է, եւ միգրացիայի անհրաժեշտությունը նվազել է, քանի որ մարդիկ ավելի քիչ են ստիպված փնտրել ավելի լավ կյանք իրենց երկրներից դուրս։
Վիլնյուսը հատկանշական կլինի այն առումով, որ այս տարի լրանում է ԵՄ հարեւանության քաղաքականության առաջին տասնամյակը, ինչպես նաեւ 2009թ. Պրահայում մեկնարկած Արեւելյան գործընկերության չորրորդ տարին։ Մենք շարունակում ենք գործընկերների հետ աշխատել հավակնոտ Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիների ուղղությամբ՝ պահպանելով սահմանած նշաձողը, ինչպես նաեւ ձեռնարկելով քայլեր միության եւ տարածաշրջանի միջեւ ճամփորդության դյուրացման եւ ազատականացման ուղղությամբ։
Համաձայնագրերը ոչ միայն կառաջարկեն մուտք դեպի կես միլիարդ բնակիչ ունեցող աշխարհի ամենամեծ շուկան, այլ նաեւ օժանդակություն կտրամադրեն մեր գործընկերներին՝ բարեփոխելու եւ վերաձեւելու իրենց տնտեսությունները, արդիականացնելու հասարակությունները։
Գագաթնաժողովը կարձանագրի Վրաստանի եւ Մոլդովայի հետ ձեռք բերված էական առաջընթացը. այս երկրների հետ մենք վերջերս ենք ավարտել բանակցությունները եւ կկարողանանք նախաստորագրել համաձայնագրերը։
Անկասկած, բոլորի ուշադրությունը բեւեռված է լինելու Ուկրաինայի վրա, որի հետ մենք ավարտել ենք բանակցությունները եւ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին։ Մեր առաջարկը՝ ստորագրել համաձայնագիրը Վիլնյուսում, դեռեւս ուժի մեջ է։
«Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում