Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղավ 18 միլիարդ պետտուրքը ավիացիայի ոլորտում (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2013 13:04

Քաղաքական կրքեր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում

Այսօր, խորհրդարանում, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորների կրքերը բորբոքվեցին, հարցուպատասխանը սահուն վերաճեց վեճի:
Կառավարության ներկայացրած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռներեցների կողմից ներմուծվող մաքսատուրքի զրո տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, երբ Քաղավիացիայի վարչության պետ  Արտյոմ Մովսիսյանը ներկայացնում էր նախագիծը, իր խոսքում ասաց, որ դա կնպաստի ոչ միայն հայկական ավիափոխադրողների, այլ նաեւ տոմսերի գնի նվազեցման վրա: Ըստ հիմնական զեկուցողի` հարցը վերաբերվում է Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, դիմելով նրան,նկատեց, որ հայտարարվում է , որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, հիմա եթե այդպես է, ապա տոմսերի գների փոփոխություն սպասվում է. «Ավիափոխադրումները զույգ են լինում, այսինքն հայերը թռնում են Ֆրանսիա, ֆրանսիացիները՝ Հայաստան: Հիմա դուք ասում եք զույգ չէ, եւ ուրիշ ձեւ է կիրառվելու: Բացի այդ, այս փաթեթը, որ ներկայացրել եք, ինձ հետաքրքրում է, ի վերջո Հայաստանը գնո՞ւմ է Մաքսային միություն…»:

Նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը անմիջապես արձագանքեց, հայտարարելով որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, եւ դրա վերաբերյալ քաղաքական հայտարարություն եղել է, ու երբ փաթեթը կներկայացվի խորհրդարանի քննարկմանն, այն ժամանակ էլ այդ առիթով բոլոր հարցերին կանդրադառնան: Հրանտ Բագրատյանը շարունակեց. «Եթե գնում ենք, կամ գնում եք, քանի հոգով եք գնում չգիտեմ …»: Բագրատյանին ընդհատելով՝ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ բոլորով ենք գնում Մաքսային միություն, եւ այնպես չէ, որ կեսօրին գնում են Մաքսային միություն, գիշերը՝ ոչ: Ապա թեժ խոսակցություն սկսվեց նիստը վարող Վարդան Այվազյանի եւ Արտյոմ Մովսիսյանի միջեւ: «Նույնականացման քարտը հանեք, որ մարդը մատը խփում ա, երեք-չորս հազարը տանում ա»,- բարկացավ Վարդան Այվազյանը: Հրանտ Բագրատյանին զարմացրեց, որ նույնականացման քարտից գանձվող գումարների համար օրենսդրական դաշտ չկա, ու առաջարկեց, որ կառավարությունը գոնե օրենք գրի այդ մասին: «Դա անում է «Զվարթնոցը»` անվտանգության նկատառումներով, բայց դա տոմսի արժեքի վրա չի ազդում: Նույնականացման համար գումար չի վճարվում, դա մտնում է ավիացիոն անվտանգության մեջ, եւ եթե նույնականացման գործընթացը հանվի, դրանից ավիացիոն անվտանգության գումարը չի նվազի»,- բացատրեց կառավարության ներկայացուցիչը, ինչը զայրացրեց Վարդան Այվազյանին.«Էս ի՞նչ ունիկալ մտածողություն ունեք, բա գումարը ո՞վ ա տալիս: Քաղաքականություն իրականացնողը ավիացիայի գլխավոր վարչությունն ա: Ո՞ր մի երկրում կա էդ, բացի Հայաստանից: Ասում եք` ԱՄՆ-ում. համեմատեցիք էլի՝ միլիոնանոց շուկան… Տասնութ միլիարդ դրամ պետտուրքը չի վճարվել, ո՞վ տարավ`չգիտեմ: Ավիացիային քիչ ենք անդրադառնում, լսում եմ Հանրային խորհրդին, մարդիկ լավ էլ գործ են անում»:
Այս ամպագորգոռ հայտարարություններից հետո, այնուհանդերձ, Վարդան Այվազյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունը կապ չունի բարձրացված հարցերի հետ ու առաջարկեց կողմ քվեարկել դրան:

Հրանտ Բագրատյանը դեմ էր. «Ստից նախագիծ է, ես չեմ պատրաստվում դրական եզրակացություն տալ, ես կարծում եմ, որ մենք շատ լուրջ կրակի հետ ենք խաղում, կողմնացույց վերցրեք հասկացեք ինչ եք անում, ուր եք գնում: Այն բանից հետո, երբ դուք հայտարարել եք, որ գնում եք ՄՄ, մենք հարց ենք տվել՝ այնտեղ ինչպե՞ս է, դուք պատասխան չեք տվել, ձեզ թվում է մարդիկ չեն լսում…»:
Մանրամասները `տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930