«ԵՄ-ն այս պահին ունակ չէր որևէ հակազդեցություն գործել Թուրքիայի վրա, որ բացվեր հայ-թուրքական սահմանը»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանները փակել է ղարաբաղյան հակամարտության և ցեղասպանության հարցի՝ ՀՀ-ի կողմից բարձրացման դրդապատճառներով:
Անդրադառնալով ՀՀ-ի Մաքսային միության անդամակցմանը՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, թուրքագետն ասաց. «Եթե ՀՀ-ն ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, դրանից հետո լավ նախադրյալներ կստեղծվեին հայ- թուրքական սահմանի բացման համար: Այս պահի դրությամբ դեռ ԵՄ-ն պատրաստ չէ ՀՀ-ին առաջարկել այս առումով այնպիսի երաշխիքներ, որ ՀՀ-ն հրաժարվեր Մաքսային միության անդամակցումից»:
Հարցին՝ Դավութօղլուի հայտարարությունները՝ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, կապվա՞ծ են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ, թե՞ Թուրքիային պետք է ցույց տալ, որ հարևանների հետ փորձում է լուծել հակամարտությունները: Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց. «Դա առաջին հերթին պայմանավորված է հայ ժողովրդին սոցիալական վատ վիճակում պահելու հիմքով: Դավութօղլուն փորձում է հասկացնել, որ փակելով սահմանը և ներազդելով ՀՀ սոցիալական իրավիճակի վրա՝ կարող են հասնել իրենց որոշման իրագործմանը: Մյուս կողմից էլ փորձում են Ադրբեջանին հասկացնել, որ եթե Թուրքիային Ադրբեջանի հետ հարաբերությունների որևէ ընթացք դուր չգա, ապա նա պատրաստ է բացել սահմանը: Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին, ապա այս առումով Թուրքիան ոչ թե Հայաստանի դեմ է պայքարում, այլ՝ Սփյուռքի»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը թուրքագետի խոսքերին հղում անելով, թե եթե ՀՀ-ն ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, դրանից հետո լավ նախադրյալներ կստեղծվեին հայ- թուրքական սահմանի բացման համար, հետաքրքրվեց՝ արդյոք Մաքսային միությանն անդամակցման որոշումից հետո հնարավո՞ր է հայ-թուրքական հարաբերություններն ու սահմանի բացման հարցը մտնի փակուղի: Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց. «Երաշխիք չէր, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումով կվերականգնվեին հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները: Այսինքն՝ այսօրվա դրությամբ Եվրամիությունն ի վիճակի չէ Թուրքիայի հանդեպ կիրառել ճնշումներ, կամ համոզել Թուրքիային բացել սահմանները»: Միևնույն ժամանակ թուրքագետը նշեց. «ԵՄ հարաբերություններում Թուրքիան ինքնահաստատման խնդիր ունի: Նա պիտի ցոււց տա, որ կարողանում է իր հարևանների հետ հաշտեցման եզրեր գտնել: Բայց միևնույն ժամանակ նա փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջանին՝ Ղարաբաղյան հարցով և Վրաստանին՝ տարբեր միջազգային հարթակներում չաջակցելու սպառնալիքով: Եվ ժամանակը ցույց է տալիս, որ Թուրքիային դա մեծապես հաջողվում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ