Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկալի միջադեպ Երեւանի թիվ 71 դպրոցում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 27,2013 11:53

Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում վախի մթնոլորտ է եւ լարված իրավիճակ։ Երեկ դպրոցի 6բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել էին իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով։ Պատճառն այն է, որ աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին։

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր ահազանգել դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ տեղեկացնելով, որ դպրոցի 6բ դասարանում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։ Ըստ նրա՝ աշակերտներից մեկը՝ Հարություն Ղազարյանը, դասարանի գրեթե բոլոր տղաների հետ կոնֆլիկտ ունի, ու բանը հասել է անգամ ծեծկռտուքին ու հայհոյանքներին։

Պարզելու համար, թե ինչ է տեղի ունենում, «Ժողովուրդ»–ն այցելեց թիվ 71 դպրոց։ Երբ հարցուփորձ արեցինք, թե որտեղ է գտնվում 6բ դասարանը, աշակերտներն ասացին, որ 6բ դասարանի դուռը փակ է, քանի որ աշակերտներից ոչ ոք չի եկել դասի։

Գնացինք տնօրեն Գայանե Դեմիրյանի աշխատասենյակ, որտեղ հավաքվել էին 6բ դասարանի աշակերտների հայրիկները՝ տնօրենից պահանջելով կտրուկ քայլերի դիմել։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աշակերտներից Միքայել Բեջանյանի հայրը՝ Սերոբ Բեջանյանը, պատմեց, որ օրեր առաջ դասարանում լուրջ վեճ է տեղի ունեցել. «Տարբեր թեմաների շուրջ, թե արա՛, չկոտրվա՞ք, մեկ է՝ ղզիկ ես, եւ նման այլ բաներ։ Սեպտեմբերին երեխաներից մեկի աչքին էր խփել, աշակերտը ծանր վնասվածք էր ստացել։ Ոստիկանություն չդիմեցինք, որպեսզի դպրոցի անունը չվարկաբեկենք՝ մտածելով, թե կանցնի կգնա, բայց այս երեխան լիդերություն է հաստատում ու շարունակում է հայհոյանքները, ընդհարումները։ Օրերս էլ դասարանի աշակերտներից Ավետիքի հետ կռիվ է արել, տվել Ավետիքի քիթը կոտրել է, երեխային վիրահատել են, եւ դեռ երկու
տարի հետո էլ, ըստ բժիշկների, վիրահատության անհրաժեշտություն կա»։
Դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում փորձել է հնարավոր ամեն ինչ անել՝ դասարանում իրավիճակը հարթելու համար։ «Զրուցել եմ դասարանի աշակերտների, Հարությունի ծնողների հետ, բայց ոչ մի արդյունքի չենք հասել։ Հարությունի ծնողները գալիս են, մեծ կռիվ են սարքում, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Առաջարկել եմ երեխային տեղափոխել մեկ այլ դասարան, բայց ծնողներն ասում են, որ մեր երեխան պետք է մնա այս դասարանում եւ վերջ»,-ներկայացրեց Գ. Դեմիրյանը՝ հավելելով, որ իրավիճակը փրկելու համար դպրոց է հրավիրել անգամ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանին։
Վերջինս երեկ դպրոց եկավ հենց այն պահին, երբ աշակերտների հայրիկները հավաքվել էին տնօրենի առանձնասենյակում՝ խնդրին լուծում տալու վճռականությամբ։ Նրանք Ա. Մելքոնյանին հանձնեցին իրենց դիմումը եւ ներկայացրին իրավիճակը։ Տիկին Մելքոնյանը պահանջեց, որ տնօրենը դպրոց հրավիրի նաեւ Հարությունի ծնողներին:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930