Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ մեկին դու պետք ես. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 27,2013 11:50

«Անպետքը». ռեժիսոր Արշակ Զաքարյանի կարճամետրաժ ՝ ընդամենը 11 րոպե տեւողությամբ այս ֆիլմն արդեն մի քանի օր է իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում։ Բարձր գնահատականների, գովեստի, երախտիքի խոսքերի պակաս այստեղ չի զգացվում։ Նույնիսկ կարծիք էր հայտնվել, թե «Անպետքը» ֆիլմին հարկավոր է անհապաղ պետական մրցանակ շնորհել։
Լավ իմաստով աղմկահարույց ֆիլմը, որի պրեմիերան կայացել է հենց facebook–ում, ինքնասպանության խնդիրն է շոշափում։ Գլխավոր հերոսը, (դերակատար՝ Գեորգի Հովակիմյան) որպես իր խնդրի լուծման միակ տարբերակ, ընտրել էր ինքնասպանության ճանապարհը։ Բայց այն պահին, երբ պարանը վիզը գցելով՝ նա պատրաստվում էր կատարել անդառնալին, արագ նետվում է՝ փրկելու փոքրիկ երեխայի կյանքը։ Հետո նորից դառնում է իր թոկին…: ևշենք, որ ռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումներից դեռ ավելի վաղ տպավորություն էր ստեղծվում, որ մեր երկրում արձանագրվող ինքնասպանության յուրաքանչյուր դեպք նա իր անձնական ողբերգությունն է համարում։ Ուստի այս առումով «Անպետքը» ֆիլմի ծնունդն անսպասելի չէր։ Զաքարյանը մի առիթով նույնիսկ ասել է, թե ֆիլմի ստեղծման շրջանում, երբ աշխատանքները երկարաձգվում էին, ամեն մի նոր ինքնասպանության մեջ ինքը տեսնում էր մեղքի իր բաժինը։ Եվ ահա, խաղարկային այս ֆիլմի նպատակն է փորձել մարդուն ետ պահել ինքնասպանության մտադրությունից, նրա մեջ ներարկել իր գոյության անհրաժեշտության գիտակցումը։
Համացանցի միջոցով մենք մի քանի հարց ուղղեցինք Արշակ Զաքարյանին, ով այդ պահին Վրաստանում էր՝ ներկայացնելու այս վերջին ստեղծագործությունը։ Թեեւ 11 րոպեանոց ֆիլմն ամբողջական է, բայց վերջնական տեսքի դեռ չի բերվել։ «Երաժշտությունը եւ ձայնային ձեւավորումը վերջնական տարբերակը չեն։ Հատուկ ֆիլմի համար երաժշտություն է գրվում ԱՄՆ-ում՝ Մարտին Ուլիխանյանի կողմից, որից հետո վերջնական ձայնային ձեւավորումը կավարտի կրկին ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, հնչունային ռեժիսոր Հովակ Ալավերդյանը, ու ֆիլմը կվերադառնա Հայաստան արդեն իր վերջնական տեսքով։ Նկարահանվել էր, իհարկե, ավելի երկար տարբերակ, բայց ես այն արել էի իմ իսկ սկզբունքներին դեմ գնալով, եթե նկատել եք, իմ բոլոր գործերում ես սիրում եմ թողնել, որպեսզի ամեն հանդիսատես ֆիլմն ավարտի իր մտքում, իր ուզած տարբերակով։ Դա իմ ոճն է հավանաբար…»,- նշում է ռեժիսորը։ Նրան հարցրեցինք, թե դիմե՞լ է որեւէ հեռուստաընկերության՝ ֆիլմը ցուցադրելու համար կամ արդյո՞ք որեւէ հեռուստաընկերություն ինքն է հետաքրքրվել է դրանով։ «Ոչ, Հայաստանում որեւէ հեռուստաընկերության չեմ դիմել եւ չեմ դիմելու։ Առայժմ միակ հեռուստաընկերությունից, որ հետաքրքրվել են, դա Վանաձորում է, ուր հրավեր ենք ստացել գրող-դրամատուրգ Սամվել Խալաթյանի կողմից՝ Թիֆլիս մեկնելու ճանապարհին, հեռախոսով։ Հեռուստաընկերությունները իրենք պետք է շահագրգռված լինեն հանրությանը հետաքրքրող հաղորդումներ, ֆիլմեր ցուցադրել։ Նման անտարբերության են մատնվել իմ մյուս երկու գործերն էլ, որոնք նույնպես հանրության մեջ լայն տարածում են գտել եւ արժանացել ժողովրդի բարձր գնահատականին, այնպես որ հեռուստաընկերությունների ու իմ կոլեգաների կողմից անտարբերությունն ինձ համար նորություն չէ… Հիմա եթե դիմեն էլ, պետք է վճարեն ցուցադրման համար։ Միայն այդ պայմանով։ Բավական է, որ սատկած էշ ման գան՝ նալերը հանելու… Իրենք գումար են աշխատում եւ նույն իրավունքն ունեն նաեւ ստեղծագործումները»,- փոխանցում է ռեժիսորը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930